Ադրբեջանցի քաղէմիգրանտը կալանավորվել է հայրենիք վերադառնելուց հետո
Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Ազադ Հասանովը Բաքու է եկել Լիտվայից և միանգամից կալանավորվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Նրա կուսակիցները դա քաղաքական կալանք են համարում։
Ազադ Հասանովը 2003թ-ից ակտիվորեն մասնակցել է «Մուսավաթի» գործունեությանը, մի քանի անգամ ձերբակալվել է ոստիկանության կողմից, իսկ 2014թ-ին՝ քաղաքական ապաստան ստացել Լիտվայում։ 2018թ-ի հոկտեմբերի 10-ին նա Ադրբեջան է վերադարձել՝ ծանր հիվանդ հորն այցելելու։ Նա բարեհաջող կերպով հատել է սահմանը, այցելել հորը, իսկ հաջորդ օրը մզկիթ գնացել՝ նամազի։ Մզկիթից դուրս գալիս քաղաքացիական հագուստով անձինք բռնել են Հասանովին, մեքենա մտցրել և անհայտ ուղղությամբ տարել։ Միայն հաջորդ օրն է հայտնի դարձել, որ նա կալանավորվել է։ Մեղադրող կողմը պնդում է, որ Հասանովի մոտ չորս գրամ հերոին է հայտնաբերվել, ինչը 5-12 տարվա ազատազրկում է նախատեսում։
Փաստաբան Օսման Քյազիմովը հայտարարում է, որ դա շատ կասկածելի մեղադրանք է, և, բացի այդ, ձերբակալման պահին չեն պահպանվել Հասանովի իրավունքները։ Օրինակ, նրան թույլ չեն տվել կապվել հարազատների հետ։
Խաթայինի շրջանային դատարանում հաստատել են Հասանովի կալանքի փաստը։ ՆԳՆ մամուլի ծառայությունում հրաժարվում են մեկնաբանել կալանքը՝ վկայակոչելով տեղեկատվության բացակայությունը։
Ըստ Ազադ Հասանովի կնոջ՝ Լիտվայում ապրելու ընթացքում նա շարունակել է իր ընդդիմադիր գործունեությունը։
«Մեկնելով Բաքու՝ հորը տեսակցելու, նա մի ուղղությամբ է տոմս գնել։ Ասել է՝ իսկ եթե հանկարծ չթողնե՞ն վերադառնամ։ կարծում եմ, որ նա կանխատեսել էր այդ կալանքը», — պատմում է Թարանա Հասանովան և հավելում, որ մտադիր է Լիտվայի պետական կառույցների օգնությանը դիմել։
Սա բնավ առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստներին կալանավորում են թմրանյութերի վաճառքի համար։ Ամենաաղմկահարույց դեպքը Գիաս Իբրահիմովի և Բայրամ Մամեդովի կալանքն էր, որոնք 10 տարվա ազատազրկման են դատապարտվել 2016 թ-ին նույնատիպ մեղադրանքով։