Ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր բլոգերը մահացած է հայտնաբերվել Թբիլիսիում։ Մանրամասներ
Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բաքիխանովը մահացած է հայտնաբերվել Թբիլիում, հուլիսի 29-ի երեկոյան։
Երիտասարդի մարմինը հայտնաբերվել է բնակարանում, որտեղ նա բնակվում էր։ Սակայն, ինչպես նշում են Բաքիխանովի ընկերները, մահվան վարկածներից մեկը շենքից ընկնելն է։
Այս տեղեկությունը տարածել են բլոգերի ադրբեջանցի ընկերները, այդ թվում՝ լրագրող Աֆղան Մուխտարլին։ Նա Ֆեյսբուքում գրել է, որ «ոստիկանությունը հաստատել է․ Բաքիխանովն ընկել է բարձրությունից»։
Հուսեյն Բաքիխանովը քաղաքական միգրանտ էր Ադրբեջանից, որն ապրում էր Թբիլիսիում և այնտեղ քաղաքական ապաստան փնտրում։ Մահվանից մի քանի օր առաջ՝ հուլիսի 12-ին, Բաքիխանովի հետ կասկածելի միջադեպ էր տեղի ունեցել, որը նա նկարագրել էր YouTube-ում վերբեռնած տեսանյութում։
Այն կոչվում է «Ադրբեջանական կառավարության դավադրությո՞ւն, թե՞ պատահականություն»։ Բաքիխանովը պատմում է, որ իր վրա հինգ ադրբեջանցի է հարձակվել Թբիլիսիի կենտրոնում։ Բլոգերը նրանց տեսել է դրանից երկու-երեք օր առաջ։
«Նրանք անսպասելիրեն սկսեցին ինձ հայհոյել և հարձակվել, երբ պատասխանում էի», — ասել է բլոգերը։
Տեսանյութն արվել է շտապօգնության մեքենայում։ Բաքիխանովն ասում է, որ ինքն է ոստիկանություն և շտապօգնություն կանչել։
Տեսանյութում բլոգերը նշում է, որ փախել է Ադրբեջանից, և ընդամենը մի քանի օր է մնացել Վրաստանում փախստականի կարգավիճակի վկայական ստանալուն։
Միջադեպն ու տեղեկությունը վրացական «Ֆորմուլա» հեռուստաալիքի հետ զրույցում հաստատել է բլոգերի ազգական Ավթանդիլ Մամեդովը, որն արդեն հարցաքննվել է ոստիկանությունում։ Նա չի բացառում, որ Բաքիխանովի մահն Ադրբեջանի կառավարության շահերից էր բխում, և որ հարձակվածները կարող էին ուղարկված լինել ադրբեջանական իշխանությունների կողմից։
Մամեդովը հաստատել է, որ Հուսեյն Բաքիխանովը քաղաքական ապաստան էր խնդրել Վրաստանում, քանի որ հետապնդումների էր ենթարկվում Ադրբեջանի կառավարության կողմից և իր երկրում կալանքի տակ էր պահվում։
Միջադեպի մասին առաջիններից մեկը հայտնել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին, որը ներկա պահին ապրում է Գերմանիայում։ Նա գրել է, որ Բաքիխանովին հետապնդում էր ադրբեջանական ոստիկանությունը։ Մուխտարլին նաև հաղորդել է, որ Բաքիխանովը «հուլիսի 12-ին ծեծվել է, այնուհետև նրան մերժել են ներքին օրգանների զննում անցկացնել»։
Հուսեյն Բաքիխանովը ձերբակալվել էր 2021 թ-ի մայիսի 7-ի բողոքի ցույցին Բաքվում և դատապարտվել 15-օրյա կալանքի։ Ազատ արձակվելուց հետո նա լրագրողներին ասել էր, որ կտտանքների է ենթարկվել ոստիկանությունում։ Ինչպես նաև հայտնել էր, որ ոստիկանությունն իրեն բռնաբարությամբ է սպառնացել։
«Թբիլիսիում գտնվելու ժամանակահատվածում նա անընդհատ քննադատում էր Ադրբեջանի կառավարությանը, լրատվամիջոցներին և իր սեփական ալիքը», — գրել է Մուխտարլին Ֆեյսբուքում։