Հեյդար Ալիևի հիմնադրամը կհոգա վթարից տուժած իրավապաշտպանի բուժման ծախսերը
Նոյեմբերի 6
Հեյդար Ալիևի հիմնադրամն իր վրա կվերցնի ադրբեջանցի իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևի բուժման ծախսերը, որն ավտովթարի է ենթարկվել։ Այժմ Գյուլալիևը կոմայի մեջ է։ Նրան հատուկ ավիաչվերթով Ստամբուլ են ուղարկել, հաղորդում է Turan-ը։
Հեյդար Ալիևի հիմնադրամը, որը ստեղծվել է 2004 թ-ին, գլխավորում է Ադրբեջանի առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։
Օգթայ Գյուլալիևը գանգուղեղային վնասվածք է ստացել։ Մի քանի օր առաջ նրան Բաքվում վիրահատել են, սակայն նրա վիճակը չի բարելավվել։ Հեյդար Ալիևի հիմնադրամը թուրք բժիշկների է հրավիրել, որոնք որոշել են, որ բուժումը պետք է շարունակել Ստամբուլում։
Իրավապաշտպանի գործընկերները, որոշ ակտիվիստներ և լրագրողներ կարծում են, որ Գյուլալիևի նման ծանր վիճակը բաքվեցի բժիշկների անփութության արդյունք է։
• Վրացի նախկին դատախազի բացահայտումները․ կտտանքներ, առևանգումներ, շինծու գործեր
• 13 միլիոն․ նախկին Խորհրդային Միությունը հիշում է Ստալինի քաղաքական բնռաճնշումների զոհերին
Հոկտեմբերի 31
Ադրբեջանցի իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևը վրաերթի է ենթարկվել։ Նա վիրահատվել է, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ոմանք կարծում են, որ դա պատահական վրաերթ չէր, այլ մահափորձ։
Պատահարի մանրամասները
Օգթայ Գյուլալիևը բռնաճնշումների և կտտանքների դեմ ադրբեջանական կոմիտեի համակարգողն է։
Հոկտեմբերի 29-ին նա վերադառնում էր մամուլի ասուլիսից, որը նվիրված էր կտտանքների դեմ նոր արշավին։ Հետիոտնային անցման վրա նրան վրաերթի է ենթարկել տաքսի։ Այդ պահը տեսանկարահանել է նրա կողքը հայտնված մեքենայի տեսագրանցիչը։
Տաքսու վարորդը կանգ է առել և Օգթայ Գյուլալիևին տեղափոխել հիվանդանոց, որտեղ բժիշկները գանգի և գլխուղեղի վնասվածք են ախտորոշել։ Հոկտեմբերի 30-ին իրավապաշտպանին վիրահատել են նյարդավիրաբուժական բաժանմունքում, պատմում է Turan-ը։
«Այժմ գլխավորը վերակենդանացումն ու վերականգնումն է։ Գլխուղեղի վնասվածքի հետևանքները դեռ պետք է գնահատվեն։ Սակայն առողջացման հույս կա», — ասում է բժիշկը։
Վարորդի դեմ քրեական գործ է հարուցվել ճանապարհային երթևկության կանոնների խախտման և առողջությանը թեթև վնասվածք հասցնելու հոդվածով։
Անզգուշությո՞ւն, թե՞ դիտավորություն
Օգթայ Գյուլալիևի որոշ գործընկերներ, ինչպես նաև ընդդիմադիրներ կարծում են, որ այդ հոդվածը չափազանց մեղմ է, իսկ վրաերթը՝ միտումնավոր։
Տուժածի որդին՝ Թեբրիզ Գյուլալիևն ասել է․
«Այդպիսի անզգուշություն պարզապես հնարավոր չէ։ Տեսանյութում երևում է, որ վարորդը կարծես միտումնավոր հորս վրաերթի է ենթարկում»։
Փաստաբան Էլչին Սադիղով․
«Ես մի քանի անգամ դիտել եմ տեսանյութը և վստահ եմ, որ սա մահափորձ է»։
Ճանապարհային երթևեկության ոլորտի ակտիվիստ Ֆազիլ Մամեդով․
«Շատ դժվար է միանշանակ ասել՝ միտումավոր վրաերթ էր դա, թե պատահական։ Սակայն ես մոտ 95 տոկոսով պնդում եմ, որ վարորդը սկսել է արգելակել մեքենան արդեն հարվածից հետո»։
Իրավապահ մարմիններն այդ ենթադրությունները հերքում են։