Ադրբեջանցի ակտիվիստը բանտից աջակցություն է խնդրել Հայաստանի վարչապետից
Ադրբեջանցի ակտիվիստի նամակը Փաշինյանին
Պրահայի Կառլի համալսարանի ասպիրանտ, խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամեդովը, որը Ադրբեջանում մեղադրվում է հայերի օգտին լրտեսության մեջ, նամակով դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
2024 թվականի օգոստոսի 23-ին Բաքվի դատարանը քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (դավաճանություն) մեղադրվող ակտիվիստ Բահրուզ Սամեդովի նկատմամբ չորս ամսվա նախնական կալանքի որոշում է կայացրել։ Դրանից հետո կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է։
Բահրուզ Սամեդովը Կենտրոնական Եվրոպայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ է և Կառլի համալսարանի քաղաքագիտության կաֆեդրայի դոկտորանտ։ Երիտասարդ քաղաքագետը ուսումնասիրում է քաղաքական դիսկուրսները Ադրբեջանում:
Բահրուզ Սամեդովի նամակը․

«Պարո՛ն վարչապետ,
խնդրում եմ անկեղծորեն շարունակել խաղաղության օրակարգին հավատարիմ մնալու ուղին, անել հնարավորը՝ սահմանին հրադադարի խախտումները կանխելու համար և գործնական քայլեր ձեռնարկել ապագա համակեցության հնարավորությունն իրականություն դարձնելու ուղղությամբ։
Տևական խաղաղության համար երկու կողմերն էլ պետք է ձևավորեն արժեքներ՝ հիմնված ընդհանուր աշխարհագրության և համատեղ ապագայի գաղափարի վրա։ Այդ արժեքների հիմքում պետք է լինի բռնության միանշանակ մերժումը։
Բացի այդ, հարգանքով խնդրում եմ հրապարակել պաշտոնական և հիմնավորված հայտարարություն, որ ես երբևէ որևէ համագործակցություն չեմ ունեցել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունների հետ։
Հուսով եմ, որ կողմերի միջև նոր շփումները մոտ ապագայում կհանգեցնեն իմ ազատմանը և կդադարեցնեն իմ՝ «խաղաղության բանտարկյալի» կարգավիճակը։ Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ հրաժարվեն տարածքային հավակնություններից և կենտրոնանան համակեցության և բարիդրացիության մոդելների վրա՝ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում։
Իմ նամակը ցանկանում եմ եզրափակել Շառլ Բոդլերի մի բանաստեղծությամբ․
Ջրերի ալիքներում սրբիր քո մահաբեր երանգները։
Եղեգը շատ է, ժայռը՝ ընդարձակ․
Թող յուրաքանչյուրը փորագրի իր սրինգը՝ առանց բռնության,
Առանց արյան, պատերազմի, մահաբեր խաբեության։
Եղեք եղբայրներ, կողք կողքի ապրեք,
Եվ բոլորդ՝ միաբան, ծխեք Խաղաղության սրբազան սրինգը։
Հարգանքով՝ Բահրուզ Սամեդով»։
Բահրուզ Սամեդովը նաև «OC Media»-ի և «Բաքվի գիտահետազոտական ինստիտուտի» հեղինակներից է։
Նա հայտնի է Ադրբեջանի իշխանությունների մասին քննադատական հոդվածներով։ Երիտասարդ քաղաքագետն ակտիվորեն մասնակցել է տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող խաղաղասիրական ծրագրերին։
Կառլի համալսարանի աշխատակազմը հայտարարություն է տարածել Բահրուզ Սամեդովի ձերբակալության կապակցությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Կառլի համալսարանի ակադեմիական հանրությունը մտահոգությամբ է հետևում Բաքվում սոցիալական գիտությունների ֆակուլտետի ասպիրանտ Բահրուզ Սամեդովի ձերբակալության մասին լուրերին։
«Կառլի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի ղեկավարությունը Կառլի համալսարանի ղեկավարության հետ համատեղ ինտենսիվ աշխատում է ստուգված աղբյուրներից տեղեկատվություն հավաքելու ուղղությամբ։ Կառլի համալսարանը կապ է հաստատել նաև Չեխիայի արտաքին գործերի նախարարության հետ՝ համագործակցության խնդրանքով»,- ասվում է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ադրբեջանցի ակտիվիստի նամակը Փաշինյանին