Բախում ռուս–ադրբեջանական սահմանին․ կան տուժածներ, սակայն լարվածությունը նվազել է
Ըստ «Կավկազսկի ուզելի» նյութերի
Ադրբեջանի քաղաքացիները, որոնք մնացել են Դաղստանում՝ ռուս–ադրբեջանական սահմանին, բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով իրենց հայրենիք վերադարձնել։ Արդյունքում՝ տուժել է մի քանի մարդ՝ այդ թվում ուժայիններից, սակայն միջադեպն արդեն սպառված է, գրում է «Կավկազսկի ուզելը»։
- Կորոնավիրուսն ու օրենքն․ ադրբեջանական կարանտինի իրավաբանական կողմը
- «Տանը կողպված»․ հայ աշխատանքային միգրանտները չեն կարողանում Ռուսաստան մեկնել
Ադրբեջանի մոտ 600 քաղաքացի այժմ ապրում է վրանային ավանում Դաղստանի Կուլլար գյուղում՝ սպասելով, թե երբ են իրենց տարհանելու։ Դեռևս մարտին, երբ սկսվել է կորոնավիրուսի համավարակը, նրանք սկսել են այստեղ հավաքվել Ռուսաստանի տարբեր անկյուններից, որպեսզի տուն վերադառնան։ Սակայն սահմանը փակ է կարանտինի պատճառով։
Ադրբեջանի իշխանությունները տարհանում են 100-200 մարդ մեկ–երկու շաբաթ ընդմիջումով։ Իսկ մարդիկ շարունակում են գալ։ Նրանց համար հոգ են տանում Դաղստանի տեղի իշխանությունները։ Սակայն Դաղստանի փողերն ու համբերությունը հատում է, և նա խնդրում է Ադրբեջանին արագացնել իր քաղաքացիների վերադարձի գործընթացը։
Ադրբեջանցիները բողոքում են շոգից, հակասանիտարական և ծանր պայմաններից, չեն հասկանում, թե ինչ սկզբունքով է կազմվում այն անձանց ցանկը, որոնց տարհանում են․ ոմանք արդեն մի քանի ամիս է՝ սահմանին են, սակայն հերթը դեռ չի հասել։ Ինչ–որ պահի նրանք նույնիսկ հացադուլ էին հայտարարել։

ավանում (tass.ru)
Այդ ամենին Ադրբեջանն ընդամենը պատասխանում է, որ «քաղաքացիների վերադարձն իրականացվում է փուլ առ փուլ՝ ենթակառուցվածքների պատրաստվածությանը համապատասխան և պարտադիր կարանտինով»։
Բախում սահմանին
Բողոքի ակցիան տեղի է ունեցել հունիսի 15–ին, երբ հայտնի է դարձել, որ հաջորդ օրը հայրենիք է վերադառնալու 240 մարդ։ Վրանային քաղաքի մյուս բնակիչները վրդովվել են, որ նրանց այս անգամ էլ տուն չեն թողնելու։
Նրանք փորձել են սահմանին մոտենալ՝ պահանջելով բոլորին թողնել անցնել։ Նրանց ճանապարհը փակել են ուժայինները, բախում է տեղի ունեցել։ Ուժայիններն արցունքաբեր գազ և մահակներ են կիրառել, ցուցարարներն, ի պատասխան, քարեր և տարբեր իրեր են նետել նրանց ուղղությամբ։
Երկու կողմից տուժածներ կան։ Մասնավորապես, չորս ուժային է հոսպիտալացվել։ Սակայն «այժմ ամեն ինչ հանդարտվել է, ամեն ինչ ավարտվել է», – ասել է Դաղստանի Դերբենտի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ֆուադ Շիհիևը։
Ըստ ցուցարարներից մեկի՝ իրենք «զայրացած են Ադրբեջանի իշխանությունների վրա, որոնք իրավիճակն այս աստիճանի են հասցրել»։