Ադրբեջանի՝ Դաղստանում մնացած քաղաքացիներին կտեղավորեն վրանային ավանում
Ադրբեջանի մոտ 700 քաղաքացի չի կարողանում տուն վերադառնալ և սպասում է Դաղստանի (Ռուսաստանի Դաշնություն) Դերբենտի շրջանի Դերբենտ քաղաքում, թե երբ է բացվելու ռուս–ադրբեջանական սահմանը։ Այդ մարդկանց ժամանակավորապես տեղավորելու համար արտակարգ իրավիճակների տեղի նախարարությունը որոշել է վրանային ավան հիմնել, հաղորդում է «Կավկազսկի ուզելը»։
- Մոսկվայում կորոնավիրուսից ապաքինվելու համար պետք է փող և կապեր։ Անձնական պատմություն
- Աշխարհը դուրս է գալիս կարանտինից․ ո՞վ և ինչպե՞ս։ Ռոբոտները չափում են մարդկանց ջերմությունն ու մոնիթորինգ անում այգիներում։ Լուսանկարներ/տեսանյութ
Երբ COVID-19 վարակը հասավ Ռուսաստան, Ադրբեջանի քաղաքացիներն այդ երկրի տարբեր անկյուններից սկսեցին հավաքվել Դաղստանի սահմանի մոտ՝ հայրենիք վերադառնալու համար։ Սակայն սահմանը փակ էր։ Այսինքն այն բացվել էր հինգ օրով՝ ապրիլի 18-22–ը, մարդկանց մի մասն անցել էր, այնուհետև այն կրկին փակվել էր։
«Մարդիկ դեռևս գալիս են այն հույսով, որ իրենց կհաջողվի տուն վերադառնալ, սակայն տեղում արդեն համոզվում են, որ սահմանն այդքան շուտ չի բացվելու։ Ովքեր կարող են հետ վերադառնալ իրենց նախկին բնակության վայր, վերադառնում են։ Իսկ ովքեր մեկնելու հնարավորություն չունեն, մնում են շրջանում», – ասում է Դերբենտի շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆուադ Շիհիևը։
Այդ մարդկանց մասին հոգ են տանում Դաղստանի իշխանությունները։ Նրանց մի մասին տեղավորել են հյուրանոցներում և առողջարաններում, ևս 210 մարդ կտեղավորվի վրանային ավանում, որը կկառուցվի մի քանի օրում։ Դա նույնպես թույլ կտա տեղայնացնել Ադրբեջանի քաղաքացիներին և կանխել վարակի հնարավոր բռնկումը, հատկապես, որ Դաղստանում այժմ վարակման բարձր մակարդակ է։
Ադրբեջանի բոլոր ցամաքային սահմանները փակ են մինչև մայիսի 31–ը։ Հայտնի չէ, թե արդյոք այդ ժամկետից շուտ միջանցք կբացվի, որպեսզի Դաղստանում մնացած մարդիկ կարողանան հայրենիք վերադառնալ, թե ոչ։ Նրանք ասում են, որ տեղի իշխանություններն ու բնակիչներն իրենց շատ են օգնում, իրենք ունեն անհրաժեշտ ամեն ինչ, սակայն անհանգստացած են, որովհետև չգիտեն, թե երբ են տուն վերադառնալու։