Ադրբեջանում քննարկում են նախագահի որդու բանակ զորակոչվելը
Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին, մեկնել է բանակ ծառայության: Երիտասարդը, որ վերջերս է ավարտել համալսարանը, տարիքով համապատասխանում է զինվորական զորակոչին: Այնպես որ դրանում որևէ զարմանալի կամ սենսացիոն բան չկա: Այնուամենայնիվ, այդ նորությունը առաջացրել է բուռն քննարկումներ սոցիալական ցանցերում:
Հասարակությունը բաժանվել է երկու ճամբարի:
Առաջինները դրանում տեսնում են հայրենասիրության հիանալի դրսևորում և օրինակ մյուս պաշտոնյաների համար:
Մյուսներն ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ կրտսեր Հեյդար Ալիևը պետք է ծառայի ոչ թե առաջապահ, այլ պետական անվտանգության ծառայությունում: Այլ կերպ ասած, նա ծառայելու է Բաքվի էլիտար զորամասում, ոչ թե սահմանին ինչ-որ տեղ:
«Երկիրը գտնվում է պատերազմական վիճակում: Նախագահն ուղարկում է իր որդուն ոչ թե բանակ, այլ Պետական անվտանգության ծառայություն: Այսինքն, նա բանակին չի վստահում իր որդուն»,— իր էջում գրում է անկախ լրագրող Խադիջա Իսմայիլը:
Ֆորումում մարդիկ վիճում են մոտավորապես նույն ոգով.
«Նա ընկել է էլիտար զորամաս, որը, ի դեպ, կապ չունի ո՛չ բանակի, ո՛չ պաշտպանության նախարարության հետ»:
«Մենք սովոր ենք վիրավորել իրենց տղաներին մայրիկների շրջազգեստի տակ պահող պատգամավորներին: Իսկ ահա նախագահի տղան գնում է բանակ: Կոտրել է կարծրատիպը: Մի՞թե վատ է»:
«Դրանք Ներքին գործերի նախարարության զորքերն են: Կպաշտպանի նախագահական առանձնատունը»:
«Կեցցե՛, լավ օրինակ է նախագահական ապարատից նրանց, ովքեր տղաներին չեն թողնում ծառայել»:
«Այդպիսի զինծառայության մասին կարելի է միայն երազել: Եթե միայն նրան հաշվառեին սահմանամերձ զորամասում՝ գարշահոտ զուգարաններով, անկողնում՝ տզերով , իսկ ապուրի մեջ՝ խավարասերներ, ահա այդ ժամանակ դա կլիներ հիանալի օրինակ»:
«Տարօրինակ ազգ ենք. Եթե պաշտոնյայի որդին բանակ չի գնում, վրդովվում ենք, իսկ եթե գնում է, զվարճանում ենք: Նախանձում ենք, երբ պետք է հպարտանալ: Գոնե մի անգամ գովենք լավ բանը»:
Եվ այս ամենի ֆոնին որոշները հույս ունեն, որ «Ինչ իմանաս, գուցե զինվորների կյանքի պայմանները բարելավվեն: Չկա չարիք, առանց բարիքի»: