Ադրբեջանում վերանայել են հարկային տուրքերը. ալկոհոլը կթանկանա, կարագը կէժանանա
Ալկոհոլ և ծխախոտային արտադրանք Ադրբեջան ներկրելու հարկային կարգավորումը կփոխվի 2018թ-ի սկզբից. բյուջեում այդ եկամտի կրկնակի ավելացում է նախատեսված, կարագի տուրքն, ընդհակառակը, եռակի կնվազի:
Ադրբեջանի խորհրդարանն այժմ քննարկում է հաջորդ տարվա բյուջեն, այդ պատճառով էլ օրակարգում շատ են առաջարկները, որոնք կապված են բյուջեի եկամտի և ծախսերի հետ:
Ալկոհոլ և ծխախոտ
Այժմ, Ադրբեջան մեկ լիտր գարեջուր ներկրելու համար մաքսատանը պետք է վճարել 1 մանաթ: 2018թ-ի հունվարից վճարը կդառնա երկու մանաթ: Ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն ասել է, որ ակցիզային հարկի բարձրացումը «թույլ կտա պաշտպանել ներքին շուկան և կօգնի ապահովել բնակչության առողջ ապրելակերպը»:
Կարագ
Երկու ամիս առաջ ադրբեջանական լրատվամիջոցներն ու հանրությունը սկսեց անհանգստանալ կարագի գնի պատճառով. պարզվեց, որ մեկ տարում այն կրկնակի թանկացել է՝ առաջ անցնելով մնացած մթերքներից, որոնք նույնպես թանկացել էին: Պաշտոնյաները դա բացատրեցին աշխարհում կարագի գների բարձրացմամբ:
Այդ նույն ժամանակ տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ներկրման հարկը ապրանքի արժեքի 15%-ից պետք է իջեցնել մինչև 5%, դրա արդյունքում կարագի գինը կնվազի: Այս օրերին խորհրդարանի քննարկմանը նման առաջարկ է ներկայացվել:
Այս տարվա դեկտեմբերի 7-ից Ադրբեջան կարագ ներկրելու տուրքը կկազմի 5%, այսինքն, եռակի կնվազի:
Տնտեսական փորձագետ Թորգուլ Մաշալին այսպես է մեկնաբանում փոփոխությունները.
«Առաջին հերթին, ակցիզների թանկացմամբ ձգտում են լցնել պետբյուջեի եկամտային հատվածը և օգնել տեղական արտադրությանը: Սակայն դա շատ դժվար կլինի, քանի որ բնակչության եկամուտների կրճատման հետ կապված ալկոհոլային խմիչքների օգտագործումը նույնպես կրճատվում է: Կարագի վերաբերյալ. դա ձգտում է գոնե ինչ-որ կերպ ազդել կարագի գնի կազմավորման վրա, որը վերջերս շատ է բարձրացել: Ներկրման տուրքի նվազեցումը թույլ կտա գոնե 5%-ով նվազեցնել գինը»: