Ադրբեջանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոյեմբերի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած երկու երկրաշարժերը վնաս են հասցրել ավելի քան 130 բնակելի շենքի և մեկ դպրոցի: Երկրաշարժերի գրանցման միջազգային գործակալության տվյալներով՝ 5.1 բալ մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնն Ադրբեջանի Աղդամի շրջանի տարածքում է եղել՝ ղարաբաղյան հակամարտության շփման գոտու հարևանությամբ:
Աղդամի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռագում Մամեդովը հաղորդել է, որ ամենամեծ վնասը հասցվել է Չեմենլի գյուղին, որտեղ 36 տուն է վնասվել:
Երկրաշարժերը զգացվել են նաև հարակից շրջաններում: Ներկա պահին ճշտվում են հասցված վնասի մասշտաբները: Մարդկային կորուստներ չկան: Վիրավորների մասին նույնպես տեղեկատվություն չկա, հաղորդում է Trend գործակալությունը:
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի ղեկավար Գուրբան Յեթիրմիշլին հաղորդել է, որ ստորգետնյա ցնցումները շարունակվել են նաև նայեմբերի 16-ի առավոտյան ժամերին, ընդհանուր գրանցվել է մոտ 30 կրկնակի ցնցում: Յեթիրմիշլին հերքում է Աղդամի երկրաշարժի կապը իրանաիրաքյան սահմանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ:
- Նոյեմբերի 13-ին Իրանի հարավում 7.3 բալ մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ այնտեղ ավելի քան 430 մարդ է զոհվել, մոտ 7 հազար մարդ վիրավորվել է:
- Վերջին ուժեղ երկրաշարժն Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել 2000թ—ի նոյեմբերի 25-ին: Երկրաշարժի ուժգնությունը հասել է 6.1 բալի: Էպիկենտրոնը գտնվել է Կասպից ծովում՝ Բաքվից ոչ հեռու: Զոհվել է 31 մարդ: