Ադրբեջանում հայտարարել են դեպի Շուշի և Աղդամ ավտոբուսային երթուղիների բացման մասին
Հունվարի 24-ին կիրականացվեն առաջին ուղևորափոխադրումները Բաքու-Շուշի և Բաքու-Աղդամ ավտոբուսային երթուղիներով։ Դրանցից կարող են օգտվել միայն Ադրբեջանի քաղաքացիները տարին մեկ անգամ և առանց գիշերակացի իրավունքի։ Երթուղու ողջ երկայնքով ավտոբուսներն ուղեկցելու են ոստիկանության աշխատակիցները։
- Երկաթուղային հաղորդակցություն Ադրբեջանի հետ․ Երևանը սկսում է աշխատանքը
- Թուրքիայում սպասում են Հայաստանի հետ սահմանի բացմանը
- Ադրբեջանում նախապատրաստվում է «Հայրենասիրական դաստիարակության մասին» օրենք․ ի՞նչ է սա նշանակում։ Կարծիքներ
Բաքվում կայացել է ճեպազրույց, որը նվիրված է Շուշի և Աղդամ քաղաքների ուղղությամբ կանոնավոր ավտոբուսային երթուղիների բացմանը։ Այս քաղաքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով։
Թվային զարգացան և տրանսպորտի փոխնախարար Ռահման Գումեթովի խոսքով՝ այդ երթուղիներից օգտվելու գլխավոր պայմանը լինելու է ուղևորների անվտանգության ապահովումը։
Երթուղիներն ու գները
Ինչպես նշել է Ադրբեջանի ավտոտրանսպորտի պետական ծառայության ղեկավար Անար Ռզաևը, որոշվել են նոր երթուղիներով ավտոբուսների տոմսերի գները․
- Բաքու–Աղդամ՝ 9,40 մանաթ [$5,53],
- Բաքու—Շուշի՝ 10,40 մանաթ [$6,12],
- Ահմեդբեյլի–Շուշի՝ 7 մանաթ [$4,12],
- Բարդա-Աղդամ՝ 5 մանաթ [$2,94],
- Ֆիզուլիի օդանավակայան-Շուշի՝ 6 մանաթ [$3,53]։
Ահմեդբեյլի-Շուշի ուղղությամբ ավտոբուսները մեկնելու են շաբաթական չորս անգամ, Բաքու-Շուշի՝ երկու անգամ։
Ֆիզուլիի միջազգային օդանավակայանից դեպի Շուշի քաղաք չվացուցակը համընկնելու է այդ օդանավակայանում ինքնաթիռների վայրէջքի ժամերի հետ։
Տոմսերը կարելի է նախօրոք ձեռք բերել հատուկ ստեղծված կայքում՝ yolumuzqarabaga.az։
Տարեկան միայն մեկ անգամ
Ռզաևը հավելել է, որ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի Աղդամ և Շուշի այցելել միայն տարեկան մեկ անգամ։
Շեհիդների [արցախյան պատերազմներում, 1990 թ-ի հունվարի 20-ին խորհրդային բանակի՝ Բաքվի վրա հարձակման ժամանակ զոհվածներ, նրանց հավասարեցված անձինք — JAMnews] ընտանիքների անդամների, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցների, ազգային հերոսների համար այցերն անվճար կլինեն։
Ուղևորությանը կարող են մասնակցել միայն նրանք, ովքեր ունեն COVID-անձնագիր։
Ոստիկանության ուղեկցությամբ
Ադրբեջանի ՆԳՆ հանրային անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Էլդանիզ Մամեդովի խոսքով՝ կանոնավոր ավտոբուսային երթուղիները նշված ուղղությամբ իրականացվելու են ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ։
«Սա կարևոր է ոստիկանության միջամտության համար, եթե ուղևորությունների ընթացքում խնդրահարույց իրավիճակներ ստեղծվեն», — հավելել է նա։
Նոր երթուղիների ուղևորների համար նախապատրաստվելու են ականազերծված տարածքների սխեմաներ, հայտարարել է Մամեդովը։
Առանց գիշերակացի իրավունքի
Ճեպազրույցի ընթացքում հայտարարվել է, որ այցելուներին չի թույլատրվելու գիշերն անցկացնել Աղդամում և Շուշիում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
«Քաղաքացիները կարող են այնտեղ անցկացնել ընդամենը մի քանի ժամ», — հաղորդել է Ռահման Գումեթովը։
Նրա խոսքով՝ ապագայում կարող են զբոսաշրջային այցեր կազմակերպվել դեպի Աղդամ և Շուշի օտարերկրացիների համար։