Ադրբեջանցի ռեփերը բանտից դուրս է եկել, նրա սկանդալային հոլովակը հեռացվել է YouTube-ից
Ադրբեջանցի ռեփեր Փարվիզ Գուլուզադեն, որը հայտնի է Paster կեղծանունով, բանտից ազատ է արձակվել՝ 30–օրյա վարչական կալանքիղ հետո։ Ադրբեջանում շատերն էին կարծում, որ նրա կալանքը քաղաքական շարժառիթ ունի, քանի որ դրանից առաջ Paster-ն իր երգերից մեկում հիշատակել էր նախագահի ընտանիքին պատկանող բանկը։ Այդ երգի տեսահոլովակը հեռացվել է YouTube-ից։
• Անդերգրաունդ արվեստն Ադրբեջանում․ գրաքննություն՝ օգնության դիմաց
• Արվե՞ստ, թե՞ սոցիալական բողոք․ ո՞րն է վրացական սթրիթ–արտի շարժիչ ուժը
Paster-ն ու Pasha Bank-ը
2019 թ-ի դեկտեմբերի վերջին Փարվիզ Գուլուզադեն դատապարտել էր 30–օրյա վարչական կալանքի թմրանյութերի ազդեցության տակ հանրային կարգը խախտելու մեղադրանքով։
Գուլուզադեի կողմնակիցները վստահ էին, որ ռեփերն այդ կերպ «պատժվել է» նրա համար, որ իր երգերում քննադատել է երկրում տիրող իրավիճակը, պաշտոնյաներին և, մասնավորապես, Pasha Bank-ը։ Այն պատկանում է Իլհամ Ալիևի երկու դուստրերին, իսկ բաժնետերերի և դիտորդ խորհրդի անդամների թվում են առաջին տիկին և երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի (ամուսնությունից առաջ՝ Փաշաևա) մոտ ազգականները։
Ռեփերի մտերիմները պատմել են նաև, որ ձերբակալվելուց հետո նրան ծեծել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
Արտգործնախարարությունը պնդում էր, որ ռեփերը կալանավորվել է դեկտեմբերի 26–ին։ Սակայն Փարվիզի մերձավորներն ասում էին, որ դա տեղի է ունեցել դրանից չորս օր առաջ։ Հօգուտ երկրորդ վարկածի է խոսում այն, որ Paster-ն ազատ է արձակվել հունվարի 21-ին (ոչ թե 25-ին)։
Այդ դեպքը լայն քննարկումներ էր առաջացրել երկրում։ Շատերը պահանջում էին ազատ արձակել Փարվիզ Գուլուզադեին։ Այս պատմության շնորհիվ՝ նրա մասին իմացել են անգամ նրանք, ովքեր նախկինում այդ անունը երբեք չէին լսել և ընդհանրապես չեն հետաքրքրվում ռեփով։