Ադրբեջանում ինտերնետային հեռուստատեսության տնօրենը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
«Ալիք-13» ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Ազիզ Օրուջևը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Դատավճիռը հրապարակվել է դեկտեմբերի 15-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:
Ազիզ Օրուջևը մեղադրվել է ապօրինի ձեռնարկատիրության և լիազորությունների չարաշահման համար: Մեղադրող կողմի փաստարկները կառուցվում էին այն փաստի վրա, որ «Ալիք-13»-ը ֆինանսավորում է ստանում արտասահմանից և չի գրանցում իր գրանտերն Ադրբեջանի արդարադատության նախարարությունում:
Քաղբանտարկյալների պաշտպանության ադրբեջանական կենտրոնը նրա անունը ներառել է քաղաքական դրդապատճառներով հետապնդվողների ցանկում:
Օրուջևի փաստաբան Ջավադ Ջավադովը դատավճիռն «աբսուրդային» և ոչ մի հիմք չունեցող է անվանել: Նա դատարանին խնդրել է արդարացնել Ազիզ Օրուջևին: «Ազիզ Օրուջևը չի կատարել իրեն վերագրվող հանցանքները: Նրան դատել են Մեդիահետազոտությունների «Կովկաս» կենտրոնի ֆինանսական գործողությունների համար: Սակայն նա այդ կառույցում ոչ ղեկավար է եղել, ոչ պաշտոնատար անձ, ոչ մի պայմանագիր չի ստորագրել: Այդ կենտրոնը ղեկավարել է նրա եղբայր Անար Օրուջևը, որը 2014թ-ից ապրում է Գերմանիայում», — ասել է փաստաբանը:
Պաշտպանող կողմը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը: