Ադրբեջանում ընկճախտով հիվանդ ավելի շատ մարդ կա. դա լա՞վ է, թե՞ վատ
Ադրբեջանի բնակիչների շրջանում հոգեկան հիվանդություններից ամենատարածվածն ընկճախտն է ու մյուս սահմանային խանգարումները, և այդ վիճակագրությունն աճում է: Այս կարծիքին է հոգեբույժ, պրոֆեսոր Գարայ Գարայբեյլին: Ըստ Հոգեբույժների ասոցիացիայի ղեկավար Նադիր Իսմայիլովի՝ 2017թ-ին շիզոֆրենիայով հիվանդների թիվը կազմում էր բնակչության ընդհանուր թվի 0.6%-ը, իսկ դեպրեսիվ խանգարումներով հիվանդներինը՝ 10%:
Ո՞վքեր են ավելի շատ հակված ընկճախտի
Ինչպես պատմել է Գարայբեյլին, ընկճախտը հիմնականում կանանց մոտ է հանդիպում: Իսկ տղամարդկանց ավելի բնորոշ են նևրոտիկ խանգարումները: Ինչ վերաբերում է հիվանդների տարիքին, ապա հաճախ խոսքը գնում է երիտասարդության և միջին տարիքի անձանց մասին:
Հիվանդնե՞րն են ավելի շատ, թե՞ բուժվողների թիվն է ավելացել
Գարայբեյլին կարծում է, որ հոգեբուժական ախտորոշումների ավելացումը կապված է ախտորոշման մակարդակի բարձրացման հետ: Այսինքն՝ հիմա հիվանդությունը կարելի է ախտորոշել վաղ շրջանում:
Մյուս կողմից, ըստ պրոֆեսորի, Ադրբեջանում հոգեկան հիվանդների իրական թիվը հնարավոր չէ պարզել, առաջին հերթին, որովհետև մարդիկ միշտ չէ, որ ճանաչում են ախտանշանները, երկրորդ հերթին, տարածված այն մոլորության պատճառով, որ հոգեբույժի են դիմում միայն «գժերը»: Այդ պատճառով էլ շատերն են խուսափում դրանից, ամաչում են, չտեսնելու տալիս ախտանիշները՝ դեղատներից գնելով ինչ դեղ պատահի:
Սակայն, ըստ Հոգեկան առողջության կենտրոնի աշխատակից Քյամալա Թալիբովայի դիտարկումների, վերջերս այդ կարծրատիպն Ադրբեջանում աստիճանաբար «մեռնում է»: Նրանց կենտրոն է դիմում ավելի շատ մարդ՝ դա ամոթալի չհամարելով այլևս: