Ադրբեջանում ընդդիմադիրները չեն կարողանում պայմանավորվել համատեղ հանրահավաքի շուրջ
Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ԱԽ) 2017թ-ի առաջին հանրահավաքն է նշանակել: Այդ մասին հայտարարել է այդ խորհրդի անդամ Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: Ակցիան կանցկացվի «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ո՛չ թալանին», «Ո՛չ կոռուպցիային», «Ո՛չ ընտանեկան իշխանությանը» կարգախոսներով:
Հանրահավաքը պլանավորվում է անցկացնել ապրիլի 9-ին Բաքվի Յասամալի շրջանի «Մախսուլ» մարզադաշտում: Այդ մասին նամակն ուղարկվել է Բաքվի գործադիր իշխանությանը:
ԱԽ այդ միակողմանի որոշումը մնացած ընդդիմադիր կուսակցությունների դժգոհությունն է առաջացրել:
«Մուսավաթ» կուսակցության առաջնորդի տեղակալ Էլման Ֆաթահը հաղորդել է, որ ԱԽ ենթադրվող հանրահավաքը չի քննարկվում «Մուսավաթում»: «Ես նույնիսկ ցանկություն չունեմ մասնակցլեու այդ քննարկումներին», — Ֆաթահի խոսքերն է մեջբերում «Յենի Մուսավաթ» թերթը:
«Մուսավաթ» կուսակցության առաջնորդի մեկ այլ տեղակալ Ֆարաջ Քերիմլին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 17-ին մեր առաջնորդ Արիֆ Հաջիլին կառավարման նիստ է հրավիրել և հաղորդել, որ նրան է դիմել քաղաքական էմիգրանտ Էմին Հուսեյնովը (կալանքի տակ գտնվող վիդեոբլոգեր Մեհման Հուսեյնովի եղբայրը)՝ առաջարկելով համատեղ հանրահավաք անցկացնել «Ազատություն Մեհման Հուսեյնովին և այլ քաղբանտարկյալներին» կարգախոսով: Մենք այդ առաջարկին դրական ենք արձագանքել: Սակայն այլ կուսակցություններ որոշել են իրենք հանրահավաքն ինքնուրույն անցկացնել: Նրանց հաջողություն եմ մաղթում»:
Մեկ այլ ընդդիմադիր շարժման՝ «Հանրապետական այլընտրանք» (ՌեԱլ) ընդդիմադիր շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին հաղորդել է, որ ՌեԱլը չի մասնակցի հանրահավաքին որպես կազմակերպություն, սակայն շարժման անդամներն ազատ են անձամբ մասնակցելու որոշում ընդունել, այդ հարցով որևէ ցուցումներ չեն տրվելու», — փոխանցում է «Report.az»
Իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովը կտրուկ քննադատել է ԱԽ որոշումը: «Այդպիսի հանրահավաք անցկացնելու համար ոչ մի սոցիալական պատվեր չկա: Նրանք ժողովրդի հետ ոչ մի կապ չունեն: Նստած են իրենց վիրտուալ տարածքում, այլ ոչ թե հասարակությունում: Այդ հանրաքվեն Ադրբեջանը չսիրող և հայամետ ուժերի ուղիղ պատվեր է», — Նովրուզովի խոսքերն է մեջբերում «Յենի Մուսավաթ» թերթը: