Ադրբեջանում անչափահաս հանցագործների թիվն ավելացել է
Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով, 2017 թվականին 14-17 տարեկան 323 անչափահաս դատապարտվել է տարբեր հանցագործությունների կատարման համար: Դա մեկ քառորդով ավելի է, քան 2016 թվականի ցուցանիշը:
Ընդհանուր առմամբ, անցյալ տարի հանցագործություն կատարած 13733 անձից 486-ը եղել են անչափահաս, սակայն նրանցից ոչ բոլորն են դատապարտվել:
Ավելի հաճախ անչափահասներին դատապարտում են խուլիգանության, գողության, առողջությանը վնաս հասցնելու համար: Լինում են նաև կողոպուտի կամ թմրամիջոցների առևտրի դեպքեր:
Ադրբեջանում անչափահասների նկատմամբ կիրառվող առավելագույն պատիժը 10 տարի ազատազրկումն է:
Ներկա պահին Ադրբեջանում կա կանանց գաղութի հետ միացված անչափահասների միայն մեկ գաղութ: Բացի դրանից, կան երկու սոցիալական-վերականգնողական կենտրոններ Բաքվում և Գյանջայում, որտեղ ընդունում են 10-18 տարեկան երեխաներին՝ որպես այլընտրանք նախնական կալանավորմանը: Այստեղ ուղարկում են նաև հանցագործության հակվածությամբ «բարդ» անչափահասների:
Այս մասին խոսելով՝ իրավապաշտպան Էլդար Զեյնալովը ուշադրություն է հրավիրում այնպիսի խնդրի վրա, ինչպիսին է Ադրբեջանում անչափահասների արդարադատության ինստիտուտի բացակայությանը: Այսինքն, չկան ո՛չ անչափահաս հանցագործների հետ աշխատող հոգեբաններ, ո՛չ դատավորներ, որոնք կզբաղվեին միայն այսպիսի գործերով, ո՛չ դրան ուղղված հատուկ օրենսդրություն: