Ադրբեջանն ու Վրաստանը ռազմական համագործակցության պլան են ստորագրել
Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնության են եկել 2018թ-ին ռազմական համագործակցությունը շարունակելու մասին: Փաստաթուղթը Բաքվում ստորագրել են երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներ Զաքիր Հասանովն ու Լևան Իզորիան:
«Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարները սպառազինության վերիֆիկացիայի և վերահսկման ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել: Կողմերը նաև մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական, համատեղ ռազմական զորավարժությունների անցկացման, աշխատանքային հանդիպումների կազմակերպման ոլորտում համագործակցության հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունում:
Իզորիան բավարարված է Ադրբեջան կատարած հերթական այցի արդյունքներով: Նա նշել է, որ Բաքվի և Թբիլիսիի միջև համագործակցությունը երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխգործակցության ակնհայտ օրինակ է:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը շնորհակալություն է հայտնել վրացի ժողովրդին միջազգային կազմակերպություններում Ադրբեջանին աջակցելու և նրա տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար: Նա ընդգծել է, որ «Ադրբեջանը նույնպես ճանաչում և սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը», — գրված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:
Հասանովն ընդգծել է նաև Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնման կարևորությունն ինչպես երկկողմանի հիմքի վրա, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակում, Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ռազմական կառույցների համագործակցության ձևաչափում: