Ադրբեջանի ՊՆ հաղորդում է հայկական կողմից դիվերսիայի փորձի մասին, Հայաստանի ՊՆ հերքում է տեղեկությունը
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է․
«Օգոստոսի 23-ին ժամը 05:45–ին Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը Գերանբոյի շրջանի ուղղությամբ փորձել է սադրանք իրականացնել»։
Պաշտպնության նախարարության կայքը հաղորդում է, որ «ադրբեջանական բանակի՝ այդ ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, նահանջել է»։
Հաղորդագրությունում ասվում է նաև, որ մարտի ընթացքում դիվերսիոն խմբի հայ հրամանատարն, ըստ նախնական հարցաքննության, ավագ լեյտենանտ Գուրգին Ալբերյանը գերեվարվել է։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ «ճակատային գծում իրավիճակի սրման համար ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
Տեղեկություններ Երևանից
Հայկական լրատվամիջոցները ներկայացնում են Ադրբեջանի ՊՆ տեղեկության հերքումը։ Հայաստանի պաշտպանության նախարաության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդել է, որ օգոստոսի 22–ին ժամը 19:30-ի սահմաններում սպա Գուրգեն Ալավերդյանը ուղևորվել է մարտական հենակետը ստուգելու, եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրություն ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերսանտ», — նշել է Շուշան Ստեփանյանը։