Ալիևը զանգահարել է Պուտինին․ պաշտոնական վարկածները չեն համընկնում, որի՞ն հավատալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին․ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնագործման կապակցությամբ շնորհավորելո՞ւ, թե՞ Հայաստանին զենք մատակարարելու համար կշտամբելու։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցն օգոստոսի 13–ին սոցցանցերում քննարկումների առիթ է դարձել, քանի որ դրա թեման բոլորովին տարբեր կերպ է ներկայացվել ադրբեջանական և ռուսական պաշտոնական աղբյուրներում։
Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինին շնորհավորել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման համար, այնուհետև մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին հուլիսի 12-16–ը տեղի ունեցած կտրուկ սրացման վերաբերյալ։
Թե ինչ կարծիքներ են հնչեցրել կողմերը, հաղորդագրությունում չի նշվում։
• Սերբիայից Վրաստանի տարածքով Հայաստանին զենքի մատակարարում․ եղե՞լ է, թե՞ ոչ
• Հայաստանը չի հավակնում Ռուսաստանի ռազմական միջամտությանն Ադրբեջանի հետ կոնֆլիկտին
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները նույնպես հաղորդագրություն են հրապարակել այդ զրույցի մասին։ Սակայն դրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին խոսք չկա։
Փոխարենն ասված է, որ Պուտինին Իլհամ Ալիևի զանգի նպատակը «հայ–ադրբեջանական սահմանին բախումների դադարեցումից՝ հուլիսի 17-ից մինչ օրս, Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական նշանակության բեռների մատակարարման ինտենսիվությունն» է եղել։
Նախագահ Ալիևը ռազմական բեռների հստակ ծավալ է նշել՝ ավելի քան 400 տոննա։ Նա ասել է նաև, որ մատակարարումներն իրականացվում են Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքներով։
«[Մատակարարումներն] անհանգստություն և լուրջ հարցեր են առաջացնում ադրբեջանական հասարակությունում», — ասված է հեռախոսազանգի մասին պաշտոնական հաղորդագրությունում։
Սոցցանցերի քննարկումներում ադրբեջանցի շատ փորձագետներ ասում են, որ մի հեռախոսազրույցի այդքան տարբեր պաշտոնական վարկածների հրապարակումն ու ադրբեջանական կողմի կտրուկ տոնը հազվադեպ երևույթ է երկու երկրների հարաբերություններում։
Որոշ տարակուսանք է նաև առաջացրել սահմանի իրադարձություններից մեկ ամիս անց Պուտինին մտահոգություն հայտնելու Ալիևի որոշումը։