Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են բանակցությունների՝ քաղբանտարկյալ Իլգար Մամեդովին ազատ արձակելու շուրջ
Ադրբեջանի իշխանություններն ավելի քան 10 տարվա մեջ առաջին անգամ ակնարկել են, որ, հնարավոր է, պայմանական ազատ արձակեն ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» (ReAl) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին:
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Եվրոպայի խորհրդի Նախարարների խորհուրդը դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ, քանի որ վերջինս հրաժարվում է առանց նախապայմանների ազատ արձակել Մամեդովին՝ այդպիսով չկատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2014թ. ընդունած համապատասխան որոշումը:
ՄԻԵԴ-ը բազմիցս կոչ է արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Մամեդովին:
«Դատարանի որոշումից հետո 3 տարի շարունակ հայցվորը շարունակում է մնալ ազատազրկված՝ աղավաղված քրեական գործի հիմքով»,- ասվում է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրոության մեջ:
Դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Իլգար Մամեդովը կարող է ազատ արձակվել որոշակի պայմաններով:
Միաժամանակ, նախագահի օգնականը հերթական անգամ Եվրախորհրդին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ և Եվրամիությունն ու Եվրախորհուրդն անվանել «քրիստոնեական ակումբ»: Նա նաև չի մոռացել այդ կառույցներում «իսլամաֆոբիայի» մասին:
Այնուամենայնիվ, փորձագետները կարևորել են այն փաստը, որ առաջին անգամ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են Իլգար Մամեդովի վաղաժամ ազատ արձակման մասին:
Նախագահի օգնականը նաև ասել է, որ Իլգար Մամեդովը կարող է վաղաժամ ազատ արձակվել՝ հաշվի առնելով, որ նա կրել է պատժի երկու երրորդը, բայց եթե այդ մասին դիմում-խնդրանք ներկայացնի, «մենք պատրաստ ենք բանակցությունների»,- հավելել է Նովրուզ Մամեդովը, հաղորդում է Trend գործակալությունը:
«Մենք նույնպես պատրաստ ենք այդպիսի բանակցությունների»,- հայտարարել է Իլգար Մամեդովի փաստաբան Ֆուադ Աղաևը: Սակայն փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը մտադիր չէ պատժի մեղմացման խնդրանք ներկայացնել, քանի որ իրեն անմեղ է համարում, և պնդում է լիարժեք կերպով արդարացնել իրեն: