Հետ է կանչվել Շվեդիայում Ադրբեջանի ողջ դիվանագիտական կազմը․ դեսպանատան հեռախոսները լռում են
Լրատվամիջոցները լուրեր են հրապարակել Ստոկհոլմում Ադրբեջանի ողջ դիվանագիտական կորպուսը հետ կանչելու մասին։ Ըստ լրագրողների՝ Բաքու են մեկնել ժամանակավոր հավատարմատար Գյունեշ Ռուստամզադեն և դեսպանատան մյուս պատասխանատու անձինք։ Կատարվածը կապում են Ադրբեջանի ԱԳՆ–ում խոշոր կոռուպցիոն սկանդալի հետ։
Աղբյուրները նշում են, որ դիվանագիտական առաքելության շենքի դռները փակ են, դեսպանատանը հեռախոսազանգերին ոչ ոք չի պատասխանում։
• Ցույցեր Բաքվում, ավելի քան 40 մարդ է ձերբակալվել։ Ֆոտոռեպորտաժ
• Բելառուս․ իշխանություններն ուժեղացնում են բռնաճնշումներն ու «բարեփոխումներ» առաջարկում
Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատունը Սկանդինավիայում երկրի միակ դիվանագիտական առաքելությունն է և սպասարկում է նաև Ֆինլանդիայում և Նորվեգիայում Ադրբեջանի քաղաքացիներին։
Օգոստոսի 13–ին հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից ձերբակալվել էր Սերբիայում, Չեռնոգորիայում, Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի՝ այդ պահին Բաքվում գտնվող դեսպան, Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազ Էլդար Հասանովը։
2020 թ–ի հուլիսի սկզբին Անվտանգության պետական ծառայությունն Ադրբեջանի ԱԳՆ–ում հատուկ գործողություն իրականացրեց, որի արդյունքում ձերբակալվեց արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան երեք պաշտոնյա։ Ներկա պահին նրանց դեմ քրեական գործը շարունակվում է։ Նրանք մեղադրվում են կոռուպցիոն գործի շրջանակներում։
Մեկ շաբաթ անց հատուկ ծառայությունները ձերբակալեցին նաև ԱԳՆ հյուպատոսական վարչության ղեկավարին նույն գործին մեղսակից լինելու կասկածանքով։
Հուլիսի 15–ին կառավարության անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը կտրուկ քննադատել էր արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գործունեությունը։ Դրա համար առիթ էր դարձել հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման օրերին նախարարի բացակայությունն աշխատավայրում։ Հաջորդ օրը Մամեդյարովը պաշտոնանկ էր արվել։