Ադրբեջանը Freedom House իրավապաշտպան կազմակերպության ամենամյա հաշվետվությունում «անազատ երկիր» է մնացել
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ավանդական ամենամյա հաշվետվույթունն աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ: Ադրբեջանը պահպանել է «անազատ երկրի» իր կարգավիճակը: Երկրի վարկանիշը կազմել է 100-ից ընդամենը 16 կետ, 211 պետությունների և չճանաչված տարածքների շրջանում այն զբաղեցնում է 189-րդ տեղը:
Հաշվետվությունում առանձնահատուկ տեղ է հատկացված 2016թ-ի սեպտեմբերին անցկացված հանրաքվեին: Նշված է, որ նախագահ Ալիևը սահմանադրությունում փոփոխություն մտցնելու միջոցով էլ ավելի է ամրապնդել նախագահական իշխանությունը երկրում, ընդ որում, ընդդիմությունն այդ փոփոխությունները «հետադիմական» է անվանել:
Հաշվետվության համաձայն՝ իրավիճակն Ադրբեջանում ավելի վատ է, քան Կուբայում, Չինաստանում և Իրանում: Միաժամանակ, Ադրբեջանի հարևաններ Հայաստանն ու Վրաստանը մասամբ ազատ երկրների թվին են պատկանում:
Պաշտոնական Բաքուն դեռևս ոչ մի կերպ չի արձագանքել Freedom House-ի նոր հաշվետվությանը, սակայն նախորդ տարվա սեպտեմբերին նախագահ Իլհամ Ալիևն այդ կազմակերպությունը «շահամոլ և հայամետ» է անվանել: