Ադրբեջանական Շեքի քաղաքի մսավաճառները «գործադուլ» են հայտարարել
Շեքի քաղաքի [Բաքվից մոտ 400 կմ դեպի հյուսիս-արևմուտք] կենտրոնական շուկայի մսավաճառներն արդեն երկու օր է՝ աշխատանքի դուրս չեն գալիս, անասուն չեն մորթում և չեն վաճառում որպես բողոքի նշան այն բանի դեմ, որ շուկայի ղեկավարությունը նրանցից յուրաքանչյուր մորթած անասունի դիմաց 4 մանաթ (մոտ 2 դոլար) է վերցնում: Դա մորթի վայրի և սանիտարական անալիզի վճարն է, քանի որ, ըստ նոր կանոնների, կենդանիներին կարելի է մորթել միայն դրա համար հատուկ հատկացված վայրում:
Դա բարձրացնում է մսի գինը: Մսավաճառները մտահոգություն ունեն, որ գնի աճն, իր հերթին, կհանգեցնի նրանց ապրանքի պահանջարկի անկմանն ու վնասների: Այժմ մեկ կիլոգրամ ոչխարի միսն այդ շուկայում արժե 7-10 մանաթ (4-6 դոլար), տավարինը՝ 10 մանաթ [6 դոլար]:
Այս ամենի մասին պատմում է Թուրան գործակալությունը: Տեղեկատվությունը սոցցանցերում հաստատում են Շեքիի բնակիչներից ոմանք: Մսի պակասից նրանք չեն վախենում, այլ խանութներ էլ կան, որտեղ կարելի է միս գնել: Պետական կառույցներն այս տեղեկատվությունը դեռևս չեն հաստատել և չեն արձագանքել դրանց:
Ընդ որում, լրագրող Նաթիկ Ջաֆարլին ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ զանգահարել է Շեքիի մսավաճառներից մեկին և վերջինս հերքել է գործադուլի լուրը:
Ադրբեջանի նախագահի հրամանով հունիսի կեսերից ողջ երկրում անասնամորթն ու մսի մշակումը խիստ վերահսկողության տակ է առնվել: Դրան հետևում է Պարենային անվտանգության գործակալությունը: