Ադրբեջանական Գյանջա քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների գործով վճիռ է կայացվել
Տասնչորս մարդ դատապարտվել է հինգից ութ տարվա ազատազրկման զանգվածային անկարգությունների կազմակերպման և ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով, հաղորդում է Turan գործակալությունը ։ Խոսքը Գյանջա քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին է, որի ընթացքում ոստիկանության երկու սպա էր սպանվել։ Ակցիայի նպատակն էր պաշտպանել այն մարդուն, որը մահափորձ էր իրականացրել քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի նկատմամբ։
• Ադրբեջանում ընդդիմադիր կայքի խմբագիրը դատապարտվել է հինգուկես տարվա պայմանական ազատազրկման
• Ադրբեջանում եռամսյա ցույցերն ավարտվեցին զոհված զինծառայողների ընտանիքների հաղթանակով
Դատական նիստերն անցկացվում էին Բաքվում` փակ ռեժիմով։
Ի՞նչ էր տեղի ունեցել Գյանջայում
2018թ-ի հուլիսի 3-ին Ադրբեջանի արևմուտքում գտնվող Գյանջա քաղաքում մահափորձ էր տեղի ունեցել քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի նկատմամբ։ Տեղի բնակիչ Յունիս Սաֆարովը կրակել էր Վելիևի և նրա թիկնապահի վրա։ Երկուսն էլ կենդանի էին մնացել, իսկ կրակողը ձերբակալվել էր։
Հուլիսի 10-ին Գյանջայի գործադիր իշխանության շենքի դիմաց բողոքի ակցիա սկսվեց՝ ի պաշտպանություն Յունիս Սաֆարովի։ Ակցիային մոտ 200 մարդ էր հավաքվել։ Ներքին գործերի նախարորւթյան տվյալներով՝ նրանք զինված էին «ծակող-կտրող առարկաներով»։ Ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև բախում էր տեղի ունեցել, երկու ոստիկան էր սպանվել։
Հուլիսի 13-ին ձերբակալման ընթացքում զոհվել էր ոստիկանության սպանության կասկածյալներից մեկը։ Երկրորդ կասկածյալը կալանավորվել էր։ Կալանավորվել էր նաև ավելի քան տասը մարդ, որոնց մեղադրում էին բողոքի ակցիային մասնակցելու համար։
Վարկածներ
Պաշտոնական վարկած․ Յունիս Սաֆարովն ու ի պաշտպանություն նրա անցկացված ակցիայի մասնակիցները մոլեռանդ կրոնապաշտներ են, իսկ Վելիևի նկատմամբ մահափորձն ահաբեկչական ակտ էր իշխանությունը զավթելու նպատակով։
«Ժողովրդական» վարկած․ Էլմար Վելիևը դաժան էր, կոպիտ և անարդար՝ քաղաքի բնակիչների նկատմամբ, և նրան սպանելու փորձը վրեժխնդրության ակտ էր և բունտ՝ չինովնիկների ամենաթողության դեմ։
Ի՞նչ եղավ մնացածների հետ
Էլմար Վելիևն ապաքինվեց վիրավորումից հետո, իսկ որոշ ժամանակ անց հեռացվեց պաշտոնից։
Յունիս Սաֆարովը բանտում է, նրա գործով դեռ հետաքննություն է անցկացվում։
Ակցիայի ևս մի քանի մասնակցի գործով դատավճիռ դեռ չի կայացվել։