Նախագահն ասել է, որ խոստացված 11 հազար մանաթը կստանան բոլորը" />

Ադրբեջանում զոհված զինծառայողների ընտանիքների և իշխանությունների միջև կոնֆլիկտը հնարավոր է՝ շուտով հանգուցալուծվի

Նախագահն ասել է, որ խոստացված 11 հազար մանաթը կստանան բոլորը

Ադրբեջանցի զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական փոխհատուցման շուրջ երկարատև սկանդալը մոտ է հանգուցալուծման։ Անցյալ տարվա հոկտեմբերից ղարաբաղյան պատերազմում զոհված կամ անհետ կորած զինծառայողների և ոստիկանների մոտ 100 ընտանիք ցույցեր էր անցկացնում՝ պահանջեով փոխհատուցում վճարել, սակայն իշխանությունները հրաժարվում էին դա անել։

• Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքներին հատկացվող փոխհատուցման շուրջ կոնֆլիկտի մասին՝ ավելի մանրամասն 

Հունվարի 28-ին նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ցուցարարների ներկայացուցիչներին և հրամանագիր հրապարակել, որի համաձայն՝ նրանք, այնուամենայնիվ, փող կստանան։ Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը, ներկայացնելով հանդիպման մասնակիցներից մեկի խոսքերը։

Կոնֆլիկտի էությունը

2018թ-ի ապրիլին Իլհամ Ալիևը հրահանգել էր 11 հազար մանաթ (մոտ $6470) միանվագ փոխհատուցում վճարել ղարաբաղյան պատերազմում զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին։ Հոկտեմբերին գումարները սկսել են տրամադրել, և պարզվել է, որ մոտ 100 ընտանիք չի ստանալու փոխհատուցում, որովհետև, ըստ իշխանությունների, նրանց արդեն վճարել են 90-ականների սկզբին։ Զոհվածների հարազատները պնդում էին, որ դա այդպես չէ։

Իրենց իրավացիությունն ապացուցելու համար նրանք ամեն շաբաթ նախագահի աշխատակազմի և պետական այլ կառույցների շենքերի մոտ ցույցեր էին անցկացնում։ Սակայն մինչ այժմ այդ ցույցերը ոչ մի արդյունք չէին տալիս։

Նախագահի նոր հրամանագրի մասին պաշտոնական հաղորդումներ դեռ չկան։

Ղարաբաղյան պատերազմը (1992-1994) Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության ակտիվ փուլն է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ադրբեջանական կողմից այն ժամանակ ավելի քան 11 հազար զինծառայող էր զոհվել։


Կարդալ ավելին JAMnews-ում