Հունվարի 9-ին Աբխազիայում հուղարկավորել են հինգ մանկահասակ երեխաների, ովքեր զոհվել էին հունվարի 5-ին՝ մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով։ Այս ողբերգությունը ցնցել է ողջ հանրապետությանը։ Հուղարկավորությանը ներկա են եղել հազարավոր մարդիկ, այդ թվում՝ նախագահի պարտականությունները կատարող Բադր Գունբան։ Իշխանությունները սուգ են հայտարարել և պարտավորվել են տուժած ընտանիքին ցուցաբերել համակողմանի աջակցություն։
«Վրացական երազանքի» կառավարությունը նույնպես սուգ է հայտարարել՝ ցավակցություն հայտնելով զոհված աղջիկների ընտանիքին։
Ցավակցություն են հայտնել նաև Թբիլիսիում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանատները, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Գերմանիայի դեսպանատունն իջեցրել է պետական դրոշը։
Հրդեհը, որ դժբախտ պատահարի արդյունք էր, տեղի է ունեցել Պապինրխուա (Սաբերիո) գյուղում՝ Չոլարիաների ընտանիքին պատկանող տանը։ Զոհված երեխաները քույրեր էին՝ 8 ամսականից մինչև 8 տարեկան։
Ինչպե՞ս է տեղի ունեցել հրդեհը
Զոհված աղջիկների մայրը հիվանդ էր և հրդեհի պահին բուժում էր ստանում հարևան քաղաքում, իսկ հայրը վաղ առավոտյան մեկնել էր նրան տեսակցելու։ Երեխաների խնամքը հանձնվել էր տատիկին։ Վերջինս որոշել էր վառել փայտի վառարանը, սակայն վառելիս կերոսինը շփոթել էր բենզինի հետ։
Բռնկված կրակը պատել էր փոքր փայտաշեն տունը, և այն ամբողջությամբ այրվել էր ակնթարթորեն՝ նախքան տատիկին ու նրա ճիչերի վրա հավաքված հարևաններին կհաջողվեր մտնել սենյակ, որտեղ քնած էին երեխաները։ Երբ դեպքից 10 րոպե անց հրշեջները տեղ էին հասել, տնից գրեթե ոչինչ չէր մնացել։
Երեխաների տատիկը ողջ է մնացել, բայց ստացել է երրորդ աստիճանի այրվածքներ։ Ներկա պահին կինը գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Աբխազիայի կառավարությունը խոստացել է Չոլարիաների ընտանիքին ցուցաբերել հնարավոր ամեն տեսակի աջակցություն՝ հոգեբանականից մինչև նյութական։ Նրանց համար նոր տուն կկառուցեն կամ բնակարան կտրամադրեն։