Աբխազիայում հրկիզել են Գերագույն դատարանի դատավորի ավտոմեքենան
Սուխումում դեռևս անհայտ չարագործներ հրկիզել են Աբխազիայի Գերագույն դատավոր Թեմուր Շոնիայի ավտոմեքենան:
Մեքենան այրվել է երեքշաբթի՝ մարտի 21-ին, ժամը 22:00-ին: Թեմուր Շոնիան այդ ժամանակ աշխատանքի վայրում է եղել, իսկ նրա մեքենան կայանած է եղել Գերագույն դատարանի շենքի մոտ:
Ըստ քաղաքի դատախազ Ռուսլան Տիրկբայի՝ այն բանից հետո, երբ հրդեհը մեկուսացվել է, պարզ է դարձել, որ հրկիզումը տեղի է ունեցել առջևի աջ անիվի կողմից, այնուհետև կրակը տարածվել է դեպի շարժիչի հատված: Շարժիչն ամբողջությամբ այրվել է:
Թեմուր Շոնիան Աբխազիայի ամենասկզբունքային դատավորներից մեկի համբավ ունի: Նրա քննած գործերի թվում, որոնք նա վարել է կամ վարում է, մի քանի «աղմկահարույցները կան»:
Մասնավորապես, նա Աբխազիայի նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբի հանդեպ մահափորձի քննման գործընթացի դատավորներից մեկն է:
Բացի այդ, հենց Շոնիան էր Գերագույն դատարանի կոլեգիայի կազմի մեջ մտնում, որը մեղադրական դատավճիռ է կայացրել ռուս գործարար Սերգեյ Կլեմանտովիչի և նրա ընկերուհի Օքսանա Սկարեդնայայի սպանության կապակցությամբ և հանցագործության կազմակերպիչ է ճանաչել Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Նոդիկ Կվիցինիային:
Հրկիզման նախօրեին հանրությանը «հանգստություն պահպանելու» կոչով դիմել էր Աբխազիայի նախագահը: Ռաուլ Հաջիմբան «կեղտոտ տեխնոլոգիաներ» էր անվանել մեկ շաբաթ առաջ Սուխումի №4 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Բատալ Այբայի ավտոմեքենայի հրկիզումն ու մեկ այլ թեկնածու Կախա Պերտայայի ավտոմեքենայի վրա կրակելը, որը Գալի ընտրատարածքում անցել էր երկրորդ փուլ: