Աբխազիայում այրվել է պատգամավորության թեկնածուի ավտոմեքենան
Սուխումում այրվել է պատգամավորության թեկնածու Բատալ Այբայի ավտոմեքենան:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ մարտի 16-ին, ժամը 21.00-ին: Ավտոմեքենան կայանած է եղել թեկնածուի նախընտրական շտաբի մոտ՝ Դարսալաիա և Ձիձարիա փողոցների անկյունում:
Դատախազությունը երկու հիմնական վարկած է դիտարկում՝ հրկիզում և ինքնաբռնկում:
Դատախազ Ռուսլան Տիրկբայի խոսքով՝ «բռնկումը տեղի է ունեցել շարժիչի հատվածում, դեպքի վայրի զննում է անցկացվել, վերցվել են բոլոր անհրաժեշտ հետքերը, որոնք ապագայում թույլ կտան միանշանակ եզրակացություն անել ինքնաբռնկման կամ հրկիզման մասին»:
Բատալ Այբայի վստահված անձը՝ բլոգեր Ախրա Սմիրը, Ֆեյսբուքում խնդրել է զերծ մնալ հապճեպ եզրակացություններից:
- Նախորդ կիրակի օրը Բատալ Այբան քվեարկության արդյունքում Սուխումի № 4 ընտրատարածքում անցել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ: Նրա մրցակիցն այդ ընտրատարածքում Էրիկ Ռշտունին է: