Աբխազիայի և Հարավային Օսիայի բռնի տեղահանված 52 հազար ընտանիք մինչև հիմա իր տունը չունի, հաղորդում է Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակը
Վրաստանում փախստականների 52 հազար ընտանիք մինչև այսօր սեփական բնակարան չունի: Դա գրանցված ներքին տեղահանված անձանց 58 տոկոսն է, հաղորդում է Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակը:
Բնակարան է տրամադրվել 35 927 ընտանիքի: Նրանցից 6174-ը 2008թ-ի օգոստոսյան պատերազմի հետևանքով տեղահանվածներն են:
Իր հայտարարությունում օմբուդսմենն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ փախստականները տարիներ շարունակ իրենց սեփականությունից օգտվելու իրավունքի կիրառման սահմանափակումներ ունեն:
«Փախստականների՝ Ցխինվալիի շրջանում մնացած տները հողին են հավասարեցվել: Իսկ Աբխազիայում դրանք «ոչ ոքի» գույք են համարվում և դառնում դե ֆակտո «պետության» սեփականություն:
• Վրաստանում 1990-2008 թվականներին տեղի ունեցած զինված կոնֆլիկտների հետևանքով բռնի տեղահանվել է 278 հազար 103 քաղաքացի:
Նրանցից 200 հազարը փախստականներ են Աբխազիայից (այդ թվում՝ 40 հազար վրացի Աբխազիայի Գալի շրջանից); 20-30 հազարը՝ Հարավային Օսիայի բնակիչներ են (այդ թվում՝ Ախալգորիի մունիցիպալիտետի մոտ հազար բնակիչ): Այդ շրջաններից մի քանի հազար փախստական է լքել Վրաստանը և ապրում է այլ երկրներում:
• 2018թ-ի օգոստոսի 7-ին լրանում է օգոստոսյան պատերազմի 10 տարին: Դրա ակտիվ փուլի ժամանակ հակամարտության գոտին լքել էր ընդամենը 163 հազար մարդ: Նրանցից 36 հազարը փախչել էին Հյուսիսային Օսիա, նրանց մեծ մասը տուն էր վերադարձել մարտական գործողությունների ավարտից հետո:
127 հազար հիմնականում էթնիկ վրացիներ լքել են Հարավային Օսիան և դրան հարող տարածքները և անցել Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող տարածք: Նրանցից 100 հազարը պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո վերադարձել է տուն, 27 հազարը մինչ այսօր փախստական է: