Աբխազիայի ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը
Աբխազական ընդդիմությունը նախագահ Ռաուլ Հաջիմբային առաջարկել է կամավոր հրաժարական տալ:
Այդ որոշումն ընդունել է ամենաազդեցիկ «Ամցախարա» ընդդիմադիր կազմակերպության՝ 1990-ականների վրաց-աբխազական պատերազմի վետերանների կուսակցության համագումարը:
«Ամցախարայի» 10-րդ համագումարի պատվիրակները Ռաուլ Հաջիմբային «ոչ կոմպետենտ են ճանաչել որպես նախագահի», իսկ նրա գործունեությունը՝ «պետականության կորստի համար սպառնալիք ստեղծող»: Այդ կապակցությամբ նրանք որոշում են կայացրել դիմել նախագահին ինքնակամ վաղաժամ հրաժարական տալ՝ «ժողովրդի ճակատագրի համար իրական պատասխանատվություն ցուցաբերելով»:
Ընդդիմության՝ նախագահին հասցեագրված մեղադրանքները բավականին շատ են. հանրապետությունը սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու անընդունակությունից մինչև հանցավորությունը սանձելու և կոռուպցիայի դեմ պայքարելու անկարողությունը: Բացի այդ, Ռաուլ Հաջիմբային կշտամբում են նրա խոստացած իրական բարեփոխումների բացակայության և կառավարությունում կադրերի անընդհատ փոփոխության համար.
«Իշխանությունում անցկացրած 4 տարվա ընթացքում երկրի ղեկավարությունը չի կարողացել ձևավորել գործունյա թիմ, հանրապետությունը ցնցում է կառավարության կազմի անվերջ փոփոխությունը: Երկրում ընդհանուր իրավիճակը վկայում է իր լիազորություններն արդյունավետ կատարելու նախագահի անընդունակության մասին»:
Համագումարի վերջնական բանաձևում նախագահին փաստացի նախազգուշացնում են հնարավոր հեղափոխության մասին.
«Ռաուլ Հաջիմբայի կողմից հրաժարական տալու մերժման դեպքում… ընդդիմադիր ուժերը ստիպված կլինեն… դիմել ողջ երկրում օրինական ակցիաների կազմակերպման միջոցառումների համալիրի նախապատրաստմանը»:
Հաջիմբայի նախագահական ժամկետը լրանում է 2019թ-ի սեպտեմբերին: