Աբխազիայի ԱԳՆ. Վրաստանի համար ԵՄ երկրների վիզայի չեղարկումն Աբխազիային չի վերաբերում
Եվրամիության մուտքի վիզաների չեղարկումը տարածվում է միայն Վրաստանի քաղաքացիների վրա և չի վերաբերում Աբխազիային,հայտարարել է Աբխազիայի ԱԳՆ-ն հունվարի 2-ին տարածած իր հաղորդագրությունում:
Աբխազիայի դիվանագիտական գերատեսչությունը պատասխանել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեի հայտարարությանը, որը նշել է, որ «ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից կարող են օգտվել Վրաստանի նաև այն քաղաքացիները, որոնք ապրում են երկրի վերահսկողությունից դուրս տարածքներում՝ Աբխազիայում և Ցխինվալի շրջանում (Հարավային Օսիա)»:
Աբխազիայի ԱԳՆ-ն Ջանելիձեի խոսքերը «Աբխազիայի Հանրապետության քաղաքացիներին Վրաստանի քաղաքական-իրավական տարածություն «ներքաշելու» թբիլիսյան իշխանությունների հերթական անշնորհք փորձ» է անվանել:
«Ակնհայտ է, որ այսպես կոչված «չեզոք անձնագրերի» գաղափարի լիակատար ձախողումից հետո Վրաստանի իշխանությունները որոշել են Աբխազիայի քաղաքացիների համար նոր խայծ օգտագերծել ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման տեսքով», — ասված է Աբխազիայի ԱԳՆ հայտարարությունում:
Սուխումում կարծում են, որ Թբիլիսիի այս նոր փորձն, ինչպես և նախորդները, կանխավ դատապարտված է ձախողման:
Միաժամանակ Սուխումը Վրաստանի ղեկավարներին կոչ է անում, եթե նրանք անկեղծ անհանգստացած են Աբխազիայի քաղաքացիների տեղաշարժվելու ազատության հարցերով, «հրաժարվել մեր քաղաքացիների միջազգային մեկուսացման քաղաքականությունից, որոնց Թբիլիսիի մեղքով թույլ չեն տալիս ԵՄ երկրներ մուտք գործել»:
Աբխազիայի ԱԳՆ-ն նույնպես դիմում է ԵՄ երկրներին՝ կոչ անելով «հրաժարվել Վրաստանի պոպուլիստական գործողություններին աջակցել» և իրական միջոցներ ձեռնարկել Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների «ապամեկուսացման» ուղղությամբ:
Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որխմբագրության դիրքորոշումն արտացոլեն: