Վրաստանում ԵՄ դեսպանը հիշեցնում է կառավարությանն իր վրա վերցրած պարտավորությունների մասին" />

«Աշխատանքային տեսչություն ստեղծելը Վրաստանի պարտավորությունն է», – Յանոշ Հերման

Վրաստանում ԵՄ դեսպանը հիշեցնում է կառավարությանն իր վրա վերցրած պարտավորությունների մասին

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Յանոշ Հերմանը հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին ժամանակին  իր պարտավորվել է աշխատանքի տեսչություն ստեղծել:

«Այդ պարտավորությունը բխում է ոչ միայն ԵՄ հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագրից, այլ նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնակարգից: Մենք այդ հարցը բազմիցս քննարկել ենք բոլորի ՝ կառավարության, գործարարների, առևտրային միավորումների հետ: Մենք աջակցություն ենք հայտնում աշխատանքային տեսչության ստեղծման գաղափարին: Ես հասկանում եմ, որ այդ ուղղությամբ որոշակի առաջընթացն ակնհայտ է, և հասկանում եմ, որ մեկ օրում այն հնարավոր չէ ստեղծել», -հայտարարել է Յանոշ Հերմանը: Նա հույս է հայտնել, որ տեսչությունը կստեղծվի փուլ առ փուլ և ի վերջո լիարժեք կաշխատի:

Աշխատանքի տեսչության արդյունավետության մասին հարցը հերթական անգամ բարձրացվեց այն բանից հետո, երբ մայիսի 9-ին Թքիբուլիի հանքերից մեկում 4 հանքափոր զոհվեց: Ողբերգությունը տեղի էր ունեցել վերանորոգման աշխատանքներ կատարելիս: Հանքափորներն ընկել էին 400 մետր բարձրությունից:

Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է լեռնային շինարարական և այլ աշխատանքների անվտանգության կանոնների խախտում:

Դա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ են մահանում աշխատանքային պարտականությունները կատարելիս: Ոչ կառավարական հատվածի, արհեստակցական միությունների ներկայացուցիչները բավականին վաղուց են խոսում այն մասին, որ արտադրական վնասվածքների պատճառ հաճախ դառնում է գործատուի կողմից անվտանգության կանոնների խախտման հանդեպ  անտարբերությունը:

Առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունում աշխատանքային մոնիթորինգի դեպարտամենտ է գործում, սակայն դրա արդյունավետությունը մեծ հարցականի տակ է: Օրինակ, ստուգումները զուտ կամավոր բնույթ են կրում: Խախտում հայտնաբերելիս այս կամ այն ընկերությունը չի տուգանվում, այլ միայն գաղտնի բնույթի խորհուրդներ է ստանում:

«Հավատացեք՝ աշխատանքի տեսչությունը բալասան չէ: Աշխատանքի անվտանգության համակարգն ինքը շարանված է, և միայն աշխատանքի տեսչությունը չի կարող ոչինչ անել, եթե չաշխատի ընկերության անվտանգության համակարգը, տեխնիկական վերահսկողության տեսչությունը և այլ հաստատությունները, այդ թվում՝ դատական համակարգը: Դա մի ամբողջ գործընթաց է: Վերջին 4 տարվա ընթացքում 240-րդ հոդվածով 260 գործ է հարուցվել: Դրանցից 60-ի դեպքում մեղադրական դատավճիռ է կայացվել, սակայն դեպքերից ոչ մեկի ժամանակ խիստ պատժամիջոցներ՝ ընդհուպ մինչև ազատազրկում, չեն սահմանվել, չնայած որ այդ հոդվածը նման միջոց ենթադրում է: Միայն պայմանական պատիժներ են սահմանվել և փոխհատուցման վճարում: Հասկանալի է, որ տուժած ընտանիքների համար ավելի շահեկան է փոխհատուցում ստանալ, սակայն այդ պատճառով դատարանը զրկվել է կանխարգելիչ գործառույթից, քանի որ ոչ ոք բանտում հայտնվելու վախ չունի», – հայտարարել է առողջապահության խորհրդարանական կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեն:


Կարդալ ավելին JAMnews-ում