Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելից առաջ Սոչիում կհանդիպեն։ Ինչի՞ հետ է դա կապված։ Մեկնաբանություն
Հաստատվել է Պուտին—Փաշինյան—Ալիև եռակողմ հանդիպման անկացումը Սոչիում։ Այն կկայանա նոյեմբերի 26-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումից առաջ, որը կայանալու է Բրյուսելում, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Եվրոպայում հանդիպումն անցկացվելու է դեկտեմբերի 15-ին։ Սակայն սկզբում հայտնվել է տեղեկություն բրյուսելյան հանդիպման մասին, այնուհետև՝ Սոչիի բանակցությունների։
Այս առնչությամբ Հայաստանում և Ադրբեջանում սկսել են քննարկել, թե ինչով է պայմանավորված փաստը, որ Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպումն անցկացվելու է Եվրոպայում կայանալիք բանակցություններից առաջ։ Երկու երկրների քաղաքագետների կարծիքները։
Փաշինյան․ «Հանդիպումը նախապես է պլանավորվել»
Հայաստանի վարչապետն ասել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպումը վաղուց էր պլանավորված, պարզապես ժամկետներն են հստակեցվել։ Նիկոլ Փաշինյանը հաստատել է լուրերն այն մասին, որ քննարկվել է Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ 2021 թ․ նոյեմբերի 9-ին հանդիպման հնարավորությունը՝ Արցախում հրադադարի հաստատման օրը։
Այս մասին հայկական մեդիան գրում էր հոկտեմբերից։ Ընդ որում, հաղորդվում էր բանակցությունների հստակ օրակարգը՝ խաղաղության համաձայնագրի և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին փաստաթղթի ստորագրում։
Նոյեմբերի 23-ի երեկոյան, ֆեյսբուքյան իր էջում պատասխանելով լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին, Նիկոլ Փաշինյանը հաղորդել է, որ անցանկալի էր համարում այդ օրը բանակցություններ անցկացնելը, քանի որ այն կապված է Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտության հետ։ Ուրիշ օր է առաջարկվել՝ նոյեմբերի 15-ը, որը ոչ բոլոր մասնակիցներին է հարմար եղել։ Արդյունքում՝ կողմերը պայմանավորվել են հանդիպումն անցկացնել նոյեմբերի 26-ին Սոչիում և փոխել դրա ձևաչափը․ այն կանցկացվի ոչ թե առցանց, ինչպես պլանավորվում էր ավելի վաղ, այլ՝ առկա։
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կհանդիպեն երկրորդ անգամ, նրանց նախորդ հանդիպումը կայացել է Մոսկվայում, 2021 թ-ի հունվարին։
Հայաստանի վարչապետը չի հերքել հանդիպման ժամանակ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին փաստաթղթի ստորագրման հավանականությունը։ Սակայն Փաշինյանը հավաստիացրել է, որ փաստաթղթում հստակ որոշումներ չեն լինելու, թե ինչպես է անցնելու սահմանը, դրանում ասվելու է, որ հանձնաժողով է ձևավորվում և սահմանազատման ու սահմանագծման երկարատև և բարդ գործընթաց է սկսվում։ Նա հատուկ ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանի ճանաչումը չի նշանակում հրաժարում Արցախյան հարցից։
Փաշինյանը հիշեցրել է, որ դեռևս 1991 թ-ին Հայաստանն ու Ադրբեջանն ԱՊՀ փաստաթղթերով փոխադարձ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն դա չէր նշանակում, որ Արցախի հարցը փակված է․
«Արցախի հարցը տարածքայի՞ն հարց է։ Մեր ընկալմամբ՝ ոչ։ Դա իրավունքի հարց է»։
Ինչ վերաբերում է բրյուսելյան բանակցություններին, ապա դրանք առաջարկել է անցկացնել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը գարնանը տարածաշրջան կատարած իր այցի ժամանակ։
«Նա ասել է, որ դեկտեմբերի 15-ին անցկացվելու է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, և առաջարկել է հանդիպում կազմակերպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ես ընդունել եմ այդ առաջարկը», — ասել է Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև բանակցությունները պետք է նույնիսկ ավելի հաճախ լինեն՝ ներկայիս իրավիճակի կարգավորման և ճգնաժամերից խուսափելու համար։ Եվրոպայում կայանալիք բանակցություններում, Հայաստանի վարչապետի խոսքով, քննարկվելու են մարդասիրական հարցեր, մասնավորապես՝ Բաքվից գերիների վերադարձը։
Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է և սպասում է ամենաբարձր մակարդակով և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների, որոնք կազմակերպում են դրա համանախագահները՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ Այս ձևաչափում խաղաղ բանակցություններ էին ընթնանում Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև Արցախյան երկրորդ պատերազմը, հայկական կողմն այժմ էլ հակված է շարունակելու այդ գործընթացը։
Ընդ որում, վարչապետը կարծում է, որ տարածաշրջանում ստեղծված սուր իրավիճակի ֆոնին չարժե որևէ բանակցությունների հետ մեծ ակնկալիքներ կապել կամ «ապոկալիպտիկ տրամադրությունների» մեջ ընկնել։ Նա ինքը տրամադրված է լուրջ բանակցությունների՝ հենց լարվածության թուլացման համար։
Մեկնաբանություն Երևանից
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, մեկնաբանելով կայանալիք երկու հանդիպումներն ու Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ նոր հայտարարության ստորագրման հավանականությունը, գրում է․
«Հետաքրքիր է՝ ինչ արձագանք է լինելու հայաստանյան այն շրջանակներից, որոնք Բրյուսելի հանդիպումը դիտարկում էին իբրև Ռուսաստանին մերժելու ու Եվրոպային ընդունելու ակտ: Ըստ երևույթին, հիմա կսկսվի խոսակցություն «ստրկանալու» մասին: Քաղաքականության վերաբերյալ հայաստանյան «դիսկուրսում» դա, ցավոք սրտի, վերածվել է իրողությունների գնահատման օրինաչափ տրամաբանության: Իսկ բուն իրականությունն, իհարկե, շատ ավելի բարդ ու բազմաշերտ է, և Բրյուսելը դիտարկել որպես Մոսկվայի հակադիր գործընթաց, թերևս, ռացիոնալ չէ»։
Նրա կարծիքով` գործընթացները տարբեր ուղղություններով են ընթանալու՝ միմյանց «չխանգարելու» համար։ Ընդ որում, ռուսական կողմը «փորձում է իր միջնորդությամբ եռակողմ ձևաչափի կենսունակություն ցույց տալ»՝ միաժամանակ փորձելով դա փոխշահավետ տրամաբանության ծիրում կապիտալիզացնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում․
«Եթե իմ դիտարկումը մոտ է իրականությանը, այդ միջավայրը Հայաստանի համար եթե ամենալավն էլ չէ, ապա գոնե համեմատական դրականներից է, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ աշխատանքային համեմատաբար լավ հնարավորություն ընձեռողներից է, որ կարող էին լինել հետպատերազմյան փուլում»։
Մեկնաբանություն Բաքվից
«Փաստաթղթերն արդեն պատրաստ են ստորագրման»
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկով․
«Նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելը հայերի համար ծանր էր։ Այդ ժամկետից առաջ ես բոլորի նմանատիպ հարցերին պատասխանել եմ, որ, հավանաբար, հայկական կողմը կհրաժարվի այդ օրը բանակցել, սակայն ընդհանրապես հրաժարվելու հնարավորություն չունի։
Հնարավոր է, որ իրենց դերն են խաղացել նաև վերջին իրադարձությունները սահմանին։ Սակայն արձագանքներն արտասահմանից որոշակի դեր են խաղում․ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը պնդում են, որ սկզբում պետք է լուծել սահմանի հարցն ու բացել տրանսպորտային ենթակառուցվածքները։
Իսկ նշված երկու հարցերն արդեն մշակվում են Ռուսաստանի մասնակցությամբ։ Այդ պատճառով էլ այս հիմնարար հարցերով փաստաթղթերի ստորագրումն օրակագրում եղել է, սա անակնկալ չէ։ Կարծում եմ, որ այդ փաստաթղթերն արդեն պատրաստ են ստորագրման, այլապես ռուսական կողմը դրանց մասին նախապես չէր խոսի։
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ապա Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե չապահովագրեր իրեն։ Նա լավ է հասկանում, որ Սոչիում ստորագրված փաստաթղթերը հաստատվելու են Արևմուտքում, և դրանից հետո ներքաղաքական հարթակում ոչ ոք նրան չի կարող մեղադրել երկրի շահերը դավաճանելու համար»։
«Բոլոր գլխավոր հարցերը լուծվելու են Ռուսաստանի մասնակցությամբ»
«Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլու․
«Հիշենք հոկտեմբերի վերջը։ Ռուսաստանում այդքան ազդեցիկ և Կրեմլի հետ ուղիղ կապ ունեցաղ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնեց նոյեմբերի սկզբին Սոչիում կայանալիք հանդիպման մասին։ Ի՞նչ տեղի ունեցավ հետո։ Հայաստանը փաստացի հրաժարվեց հանդիպումից՝ հայտարարելով, որ նման բանկցություններ նախատեսված չեն։
Ենթադրում եմ, որ սա հարվածեց Ռուսաստանի շահերին։ Հնարավոր է, որ Փաշինյանը պատրաստ էր նման հանդիպման, սակայն երկրի ներսում նրա վրա ահռելի ճնշում կա։ Եվ, հավանաբար, իր ալիքներով Հայաստանի վարչապետը հասկացրեց, որ դեռ պատրաստ չէ։
Սակայն սահմանային միջադեպից անմիջապես հետո Երևանը հանաձայնեց Եվրոպայի միջնորդությամբ հանդիպմանը։ Ռուսաստանը սկսեց մտածել․ «Լավ, ողջ «սև աշխատանքը» ես արեցի, բայց Հայաստանը չի ուզում Մոսկվա գալ և համաձայնում է Բրյուսելի հանդիպմանը»։ Այդ պատճառով էլ որոշվեց սկզբում հանդիպել Սոչիում։ Բոլոր գլխավոր հարցերը որոշվելու են այնտեղ՝ Ռուսաստանի միջնորդությամբ։ Բրյուսելյան հանդիպումից շատ բան սպասել պետք չէ։
Այստեղ գլխավոր հարցն այն է, որ Մոսկվան մասնակցում էր 2020-ի նոյեմբերի 10-ի և 2021 թ․ հունվարի 11-ի փաստաթղթերի ստորագրմանը։ Լավ է դա, թե վատ, սակայն դրանք մեծ դեր են խաղացել տարածաշրջանում իրադարձությունների զարգացման վրա։ Իր այդ առաքելությամբ Ռուսաստանն ինչ-որ առումով կարող է կիսվել Թուրքիայի հետ, քանի որ այդ երկիրը նույնպես տարածաշրջանում է, բայց ոչ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի»։
«Խաղաղություն պետք է, բայց ոչ ամեն գնով»
Ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր, «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Էրքին Հադիրլի․
«Չեմ կարծում, որ Սոչիում փաստաթղթեր ստորագրվեն։ Դրա համար անհրաժեշտ է հիմնական սկզբունքների համաձայնեցում։ Սահմանազատման և սահմանագծման հարցը հաջորդն է։ Սկզբից կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։
Փաշինյանը պետք է հայտարարի, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Պարտադիր չէ, որ հենց այս ձևակերպմամբ, բայց ինչ-որ ձևով նա պետք է փոխանցի այս միտքը։ Փաստաթղթում, որը, հավանաբար, հերթական հայտարարությունն է լինելու, դա պետք է արձանագրված լինի։
Հայաստանի համար դա ամենացավոտ հարցն է, և ոչ մի քաղաքական գործիչ չի ուզում նման պատասխանատվություն ստանձնել։
Անցյալ շաբաթ Վիեննայում հայ քաղաքական գործիչների հետ հանդիպմանը, որին ես մասնակցում էի Ադրբեջանի պատվիրակության կազմում, հայերը հստակ հասկացրին, որ չեն ճանաչելու ոչ մի պայմանագիր, որը կստորագրի Փաշինյանը։ Այդ պատճառով էլ մենք չպետք է շտապենք խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման և սահմանագծման հարցերում։ Սկզբում պետք է պայմանավորվել հիմնարար սկզբունքների և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման շուրջ։
Իհարկե, խաղաղություն պետք է, բայց ոչ ամեն գնով»։