Ի՞նչ հարցեր է բարձրացրել Փաշինյանը Պուտինի խոսքն ընդհատելուց հետո
Փաշինյանն ընդհատել է Պուտինի խոսքը
Երևանում շարունակում են քննարկել Հայաստանի վարչապետի մոսկովյան այցը, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի այն դրվագը, որտեղ Փաշինյանն ընդհատում է ՌԴ նախագահի խոսքը՝ Ալիևի միջանցքային խոսույթին արձագանքելու համար։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահի խոսքից հետո վարչապետ Փաշինյանը նկատել է՝ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա միայն մեկ միջանցք, այն է՝ Լաչինի միջանցքը։
Ի՞նչ շեշտադրումներ է արել Փաշինյանը, վերլուծաբանների մեկնաբանությունները նրա մատնանշած խնդիրների վերաբերյալ։
ՌԴ-ն աջակցո՞ւմ է «Զանգեզուրի միջանցքին»
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հյուրի կարգավիճակով մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևն իր խոսքում հերթական անգամ գործածել է «Զանգեզուրի միջանցք» եզրույթն ու նշել, որ դրա բացմանն աջակցում է նաև Ռուսաստանը։
«Շատ հետաքրքիր է իմանալ, որ ձեր նշած նախագծին աջակցում է Ռուսաստանը։ Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Ես գիտեմ, որ Ռուսաստանն աջակցում է մեր տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացմանը»,- ի պատասխան հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին Բաքուն գործածում է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ որպես «վերնագիր Հայաստանին տարածքային պահանջներ առաջադրելու համար»։ Նկատել է, որ դա արվում է՝ հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։
Վարչապետը վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց այն երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, որոնց տարածքով դրանք անցնում են։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան
«Հայաստանը համաձայն է վերականգնել Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երկաթգիծը և պատրաստ է տրամադրել նաև ավտոմոբիլային ճանապարհներ։ Բայց դրանք չպետք է լինեն արտատարածքային։ Սա կարմիր գիծ է Հայաստանի համար։
Խնդիրն այն է, որ արտատարածքային միջանցք է պահանջում ոչ միայն Ադրբեջանը, այլև Ռուսաստանը։ Նա ուզում է, որ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն «միջանցքը» վերահսկի առանց հայկական կողմի մասնակցության։ Ռուսաստանն այդ մասին հայտարարում է պաշտոնապես։ 2022 թ․-ի օգոստոսին ՌԴ-ն պաշտոնական նամակ է ուղարկել Երևան՝ առաջարկելով սահմանի ողջ երկայնքով պարիսպ կառուցել, Մեղրիի երկաթուղին թողնել իրենց պրոտեկտորատի տակ՝ Հայաստանը դուրս մղելով այդ գոտուց։ Հայաստանի կառավարությունը մերժել է։
Այդ միջանցքը Ռուսաստանին անհրաժեշտ է առաջին հերթին տարածաշրջանում իր ազդեցության մեծացման, իսկ հետո՝ տնտեսական շահի համար։ Հայաստանի շահը պարզ է՝ չկորցնել իր տարածքները և Իրանի հետ սահմանը»։
«Ապօրինի արգելափակվել է Ադրբեջանի կողմից»․ Լաչինի միջանցքի մասին
Վարչապետ Փաշինյանը հերթական անգամ նշել է` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա «միջանցք» բառի միայն մեկ կիրառություն՝ Լաչինի միջանցքը։
«Բայց, ցավոք, ռուս խաղաղապահների ներկայությամբ Ադրբեջանն ապօրինի կերպով փակել է այդ միջանցքը»,- արձանագրել է նա։
Եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է ապահովեր կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Նախորդ տարվա դեկտեմբերին ադրբեջանցի, այսպես կոչված, ակտիվիստները բնապահպանական պատրվարկով փակեցին միջանցքը, 2023 թ․-ի ապրիլին էլ Բաքուն այնտեղ հսկիչ-անցագրային կետ տեղադրեց։ Այս ամենին զուգահեռ ադրբեջանական կողմը, այդ թվում՝ նախագահ Ալիևը, շարունակում է պնդել, թե միջանցքը բաց է երթևեկության համար։ Որպես ապացույց ներկայացնում են լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ ԼՂ-ից Հայաստան բուժառուներ տեղափոխող Կարմիր խաչի մեքենաներն են։
Փաշինյանը շեշտել է՝ միջանցքում անցակետի տեղակայումը եռակողմ հայտարարության ուղղակի խախտում է, քանի որ ըստ դրա՝ ռուս խաղաղապահներից բացի «ուրիշ ոչ ոք չպետք է վերահսկողություն ունենա»։
Քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյան
«Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը Բաքվի պատասխանն էր Հայաստանի՝ «Զանգեզուրի միջանցքին» արտատարածքային ռեժիմ տրամադրելուց հրաժարվելուն։ Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայում մաքսատան, իսկ Տեղ գյուղի մոտ անցակետի կառուցումը վկայում է այն մասին, որ Հայաստանը մտադիր չէ արտատարածքային միջանցք տրամադրել։
Ադրբեջանական պաշտոնական հայտարարությունները վկայում են այն մասին, որ անցակետը ստեղծվել է ռուս խաղաղապահ ուժերի հետ համաձայնությամբ։ Բաքուն դա ընդգծում է՝ կամա թե ակամա առաջացնելով հայկական կողմի դժգոհությունը Ռուսաստանի միջնորդական մենաշնորհից։
Մոսկվայի կողմից միջանցքի ապաշրջափակմանն ուղղված քայլերի բացակայությունը պետք է հանգեցնի հայկական կողմերի հետևյալ քայլին՝ դիմել ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցներին՝ բազմազգ խաղաղապահ զորքեր տեղակայելու պահանջով»։
Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին
Խորհրդի նիստի ընթացքում Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմքի վրա Հայաստանն ու Ադրբեջանը «կարելի է ասել, որ բավականին լավ» գնում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Այս համատեքստում հիշատակել է նաև միջազգային մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության հարցը։
«Հուսով եմ, որ շուտով Բաքվի և Ստեփանակերտի միջև նորմալ կառուցողական երկխոսություն կսկսվի»,- ասել է Փաշինյանը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
«Ստեփանակերտ-Բաքու շփումը կարևոր է ընթացիկ խնդիրները լուծելու տեսանկյունից, շատ կարևոր է նաև, որ Ստեփանակերտի համար դա չդառնա քաղաքական ծուղակ, չստեղծվի մի իրավիճակ, որ ասեն՝ «դե, շփումների պրակտիկ միջավայր ձևավորվել է, և ցանկացած հարց արդեն լուծեք այդ շփումներով»։ Սա կնենգափոխի ինքնորոշման խնդիրը, իսկապես կա նման վտանգ։ Հասկանալի է, որ Արցախի համար գերխնդիրը ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելն ու ամրապնդելն է։ Ստեփանակերտը պետք է խնդիրը պահի օրակարգում, նաև միջազգային ուշադրության կենտրոնում։
Եթե խնդիրը նենգափոխվի, կհայտնվի այն տիրույթում, որը փորձում է առաջ տանել Բաքուն, այսինքն՝ «այնտեղ իմ քաղաքացիներն են, դա իմ խնդիրն է, իրենց հետ շփվում, քննարկում եմ, որևէ մեկը ինձ չպետք է խանգարի»։ Սա իսկապես կարող է լինել ծուղակ։ Եվ Ստեփանակերտը պետք է հմտորեն անցնի այդ բարակ լարի վրայով»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանն ընդհատել է Պուտինի խոսքը