«Արտաքին ուժերն ուզում են պատերազմ սադրել ՀՀ-ում հանուն իշխանափոխության»․ Փաշինյան
Փաշինյանի վերջին ասուլիսը
Սահմանազատման գործընթացը դադարեցնել նշանակում է կասեցնել Հայաստանի անվտանգության երաշխիքների ձևավորման և երկրի ինքնիշխանության հաստատման գործընթացները։ Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պահանջին։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ներքին և արտաքին մի շարք ուժեր պատրաստ են այդ կերպ պատերազմ սադրել, որպեսզի երկրում իշխանափոխություն իրականացնեն առանց ընտրությունների։ Ասում է՝ նույն նպատակը կար նաև 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի օրերին։
«Այն ուժերը, որոնք պահանջում են դադարեցնել սահմանազատումը, նաև արտաքին ուժերի որոշ աջակցությամբ ամեն ինչ կանեն, որպեսզի ՀՀ նոր տարածքներ օկուպացվեն, դա օգտագործելու՝ ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար»,- շեշտել է նա։
Սցենարն, ըստ նրա, հետևյալն է՝ Հայաստանում ոչ լեգիտիմ, մարիոնետային իշխանություն հատատել, դե ֆակտո լուծարել երկրի պետականությունը՝ դե յուրե լուծարումից առաջ։
Ասուլիսի կարևոր դրվագները՝ հակիրճ
«Ամենայն հայոց կաթողիկոսը քաղաքական շարժում է առաջնորդում»
Ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այդ շարժման նպատակադրումը պարզ է, այն է՝ Հայաստանում իշխանության բերել նախկին իշխանություններին։
«Այդ սցենարը դեռևս 2021 թ․-ի ընտրություններից հետո ներկայացրել էր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը` եկեղեցու միջոցով ՀՀ-ում իրականացնել իշխանափոխություն»,– նկատել է նա։
Հարցին՝ արդյո՞ք պատրաստ է հրաժարական ներկայացնել, եթե մեկնարկած շարժումը հասնի հաջողության և նաև նման պահանջ ձևակերպի, Փաշինյանը պատասխանել է՝ «անընդհատ հրաժարական տալն անլուրջ է»։
Քաղաքական պրոցեսներ, ըստ նրա, կարող են տեղի ունենալ, սակայն կա մի բան, որը երբեք չպետք է սասանվի․
«Ժողովրդի ձայնի վճռական նշանակությունը երբեք, որևէ տեղ չի կարող նսեմացվել։ ժողովրդի կամքով եկել եմ, ժողովրդի կամքով էլ կգնամ»,- շեշտել է Փաշինյանը։
«Ժողովրդից թաքցնելու բան չունենք»
Անդրադառնալով Տավուշում իրականացվող սահմանազատման գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որևէ թաքուն գործըթաց տեղի չի ունենում։ Միայն թե կան նյուանսներ, որոնք չեն հանրայնացվում ընթացող գործընթացը վտանգի տակ չդնելու և աշխատանքային պրոցեսը չքաղաքականացնելու համար։
Վստահեցրել է՝ սահմանազատման և սահմանագծման գործընթաց մեկնարկելուց առաջ գույքագրել և ուսումնասիրել են բոլոր փաստաթղթերը։ Այժմ գործընթացն իրականացվում է «ԽՍՀՄ իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա»․
«Ինչո՞ւ ենք խուսափում ասել՝ այ կոնկրետ էս մի քարտեզի հիման վրա։ Գիտեք, նախկինում էլ ասել ենք, որ չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել»։
Ինչո՞ւ գործընթացը հենց Տավուշի մարզից մեկնարկեց։ Վարչապետի խոսքով՝ դա արվել է պատերազմը լեգիտիմ հիմքից զրկելու համար, քանի որ այս դեպքում խոսք է գնում բնակատեղիների մասին։
Հիշեցրել է 2021 թ․ և 2022 թ․-ի էսկալացիաներն ու նշել՝ «շատ դեպքերում դրանք միջազգային հարթակներում բացատրվել են 4 ադրբեջանական գյուղերի գործոնով», իսկ Հայաստանը հայցվորի փոխարեն պատասխանողի դերում է հայտնվել։
«Այսօր տեղի է ունենում անվտանգության երաշխիքների ստեղծման գործընթաց»
Վարչապետը հայտարարել է․ «Սահմանազատման գործընթացն ունի մի նպատակ՝ անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի դարձնել պատերազմը, պատերազմը զրկել տեղի ունենալու հիմքից»։
Տեղեկացրել է՝ այս պահին Տավուշի մարզում նախատեսված աշխատանքների 90 տոկոսն արդեն արված է։ Շեշտել է՝ որքան աշխատանքն առաջ է գնում, ուժեղանում է համոզմունքը, որ ձևավորվում են անվտանգության երաշխիքներ, իսկ պատերազմը զրկվում է հիմքից, դառնում ոչ լեգիտիմ։
Ասում է՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվող սյուները անվտանգության երաշխիքների սյուներ են, որոնք անվտանգային երաշխիք են դառնալու Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ համար․
«Մենք ամեն ինչ անում ենք և անելու ենք այդ սյուներն ուժեղացնելու և շատացնելու ուղղությամբ»։
«Համաձայն ենք մինչև նոյեմբեր պայմանագիր կնքել»
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համաձայն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն գաղափարին, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև 2024թ․–ի նոյեմբեր։
«Դրա համար խաղաղության պայմանագրում պետք է բոլոր համաձայնեցված սկզբունքներն արձանագրել։ Եթե ես հենց հիմա չեմ ասում, որ մյուս շաբաթ ենք ստորագրելու, նշանակում է՝ այդ համաձայնությունը դեռ չի եղել»,- ընդգծել է նա։
Հույս է հայտնել, որ մայիսի 10-ին Ղազախստանում կայանալիք արտգործնախարների հանդիպման ընթացքում առաջընթաց կարձանագրվի։
«Նպատակադրումը ՀՀ-ՌԴ հարաբերություններից նեգատիվ նյուանսները հանելն է»
Կառավարության ղեկավարը խոսել է մայիսի 8-ին Մոսկվա կատարելիք այցի և նախագահ Պուտինի հետ սպասվող հանդիպման մասին։ Հանդիպման օրակարգն, ըստ նրա, շատ բազմազան է, կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, որոնց «մի մասը բարձրաձայնվել է»․
«Մենք երբեք այն կարծիքին չենք եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվում են բարձրաձայնվելու համար։ Դրանք բարձրաձայնվում են ՀՀ-ՌԴ բարեկամանական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսները հանելու նպատակադրումով»։
Նաև հայտարարել է, թե ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր «ոնց որ թե» չի ստացել։ Բացատրել է՝ ինչու մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա չի գտնվելու․
«Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ։ Չեմ հիշում այդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար ամեն տարի մասնակցի մայիսի 9-ի միջոցառմանը կամ որևէ այլ երկրի ղեկավար»։
«Եթե պահանջը չկատարվի, ռուսական ԶԼՄ-ները չեն հեռարձակվի»
ՀՀ վարչապետի խոսքով՝ հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստաընկերությունները հեռացնելու որոշում Երևանը կկայացնի, եթե իր պահանջները չբավարարվեն․
«Անհավանական բան չենք ուզում, ուզում ենք, որ հարգեն Հայաստանի քաղաքացիներին և պետական կարգը։ Չեմ պատկերացնում, որ ՌԴ-ում հնարավոր է այնպիսի հեռուստաընկերության հեռարձակում, որը նույն բառապաշարով, դրա 5 տոկոսով կխոսի երկրում հաստատված պետական կարգի, կառավարության մասին»։
Պահանջն, ըստ նրա, հետևյալն է՝ հարգալից վերաբերմունք ՀՀ և նրա շահերի նկատմամբ։ Փաշինյանի փոխանցմամբ՝ երկու երկրների բարեկամական կապերը հաշվի առնելով 7 անգամ խնդրել են, նույնքան էլ պահանջել, բայց եթե այդ պահանջներն էլ արհամարհվեն, այլ տարբերակ չի մնա, քան այդ հեռուստաալիքները եթերազրկելը։
«Տրանսպորտային կապ ապահովող սուբյեկտը ՀՀ-ն պետք է լինի»
Վարչապետը խոսել է նաև 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին։ Նշել է, որ Լաչինի միջանցք, շփման գիծ չկա, ԼՂ-ում հայեր չեն ապրում, ռուսական խաղաղապահ զորախումբն էլ նրանց անվտանգությունը չի ապահովում, ուստի հայտարարությունն, ըստ էության, չի գործում։
Փաշինյանի գնահատմամբ՝ հաճախ շահարկվող 9-րդ կետը ոչ թե միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության ապահովման, այլ տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է․
«Մեզ մեղադրողները պետք է խոստովանեն, որ այդ կետի ներքո փորձել են ստանալ կետի բովանդակության հետ կապ չունեցող զիջում ՀՀ-ից, ինչն անտրամաբանական է, անընդունելի, անթույլատրելի»։
Խոսքը, մասնավորապես՝ արտատարածքային միջանցքի և դրա նկատմամբ ռուսական վերահսկողության հաստատման մասին է։ Սակայն հայտարարությունում՝
- չկա որևէ ակնարկ, գրառում, ձևակերպում այն մասին, որ ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանափակվում է,
- չի խոսվում այն մասին, որ ՀՀ տարածքի որևէ հատվածում անվտանգություն պետք է ապահովի երրորդ կողմ, մասնավորապես՝ Ռուսաստանը։
Փաշինյանը շեշտել է՝ ռուսական կողմը, ըստ հայտարարության, պետք է իրականացնի «հսկողություն ՀՀ կողմից տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ», ինչը չի նշանակում, որ պետք է լինի տեղում։ Ասում է՝ հսկողությունը կարող է կազմակերպվել նաև պարբերաբար զեկույցներ ներկայացնելու ձևով։
Մեջբերում հայտարարության տեքստից․ «Ապաարգելափակվում են տնտեսական և տրանսպորտային կապերը տարածարջանում։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի համար։ Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։
«Անցնող 6 տարիների ամենամեծ անհաջողությունը 44-օրյա պատերազմն էր»
Կառավարության ղեկավարն այն որակել է «ողբերգական և կատաստրոֆիկ ձախողում»։ Փաշինյանի կարծիքով՝ իրադրությունը 2018 թ․-ին արդեն իսկ փակուղային էր, չէր երևում՝ ինչ է լինելու հետո։
Արձանագրել է՝ պատերազմն անխուսափելի էր նույնիսկ այն դեպքում, եթե հայկական կողմը զիջումների գնար, այն է՝ վերադարձներ 7 շրջանները, լուծարեր ԼՂ գործող կարգավիճակը, արձանագրեր, որ այն ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների կողմից կառավարվող տարածք է, ինչպես նաև վերադարձի երաշխիքներ տրամադրեր ադրբեջանցիներին և անորոշ ժամկետով հետաձգեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
«Այս ամենով հանդերձ՝ Հայաստանն ու ժողովուրդը հաղթահարում են, և եթե մի քիչ հավակնոտ գտնվեմ, կասեմ՝ հաղթահարել են ֆորպոստի հոգեբանությունը»,- խոսելով հաջողության մասին՝ ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա ՀՀ պետականության շատ էական հիմքեր է ստեղծում։ Ասում է՝ հասել ենք մի տեղ, երբ հորիզոն և հեռանկար ենք տեսնում։ Սա, ըստ նրա, այն դեպքում, երբ նախկինում նեգատիվ անիվի պտույտի կանգը տեսանելի չէր․
«2018 թ․-ից մինչև բոլորովին վերջերս իմ՝ որպես ՀՀ վարչապետի, համար գերակշռող է եղել փակուղու զգացողությունը, երբ չես կարող ոչ առաջ գնալ, ոչ հետ, ոչ աջ, ոչ ձախ։ Այսօր առաջին անգամ այդ զգացողությունը հաղթահարված եմ համարում և դա սահմանազատման գործընթացի, վերջին գործընթացների շնորհիվ»։
«Իրական Հայաստանն» ու Փաշինյանի տեսլականը
Ասուլիսի մեկնարկին ՀՀ վարչապետը լրագրողներին սահիկաշար է ցույց տվել, որի վրա գրված էր «Իրական Հայաստան»՝ այդ կերպ ներկայացնելով երկրի զարգացման իր տեսլականը։ Ըստ դրա՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որը պետք է վարի ինքնուրույն արտաքին քաղաքականություն։ Երկիրն ունի 29․743 քառ․ կմ տարածք, գործող պետական կարգը խորհրդարանական ժողովորդավարությունն է։
«Հայաստանի գոյության իմաստը ոչ թե պատմական արդարադատության սպասարկումն է, համազգային օրակարգերի սպասարկումը, այլ ՀՀ քաղաքացիների ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը»,- հայտարարել է նա։
Փաշինյանի համոզմամբ՝ տարածաշրջանում ՀՀ-ն պետք է իրականացնի հետևյալ քայլերը՝
- Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիության խորացում և զարգացում,
- Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում,
- տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրում,
- տնտեսական կապերի հաստատում, խորացում, զարգացում։
Անդրադարձել է նաև երկրի անվտանգության ապահովմանն ու նշել, որ դա հնարավոր է արտաքին հարաբերությունների բազմազանեցման, բանակի բարեփոխումների, համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի ներդրման արդյունքում․
«Անվտանգության ապահովման ամենաարդյունավետ, ֆոնային գործիքը լեգիտիմությունն է»։
Երկրի գլխավոր խնդիրն, ըստ նրա, զարգացումն է, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական զարգացումը, ինչի համար էլ խաղաղություն է հարկավոր։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանի վերջին ասուլիսը