«Աննախադեպ առիթ և ձևաչափ»․ Փաշինյանի հարցազրույցը թուրքական ԶԼՄ-ներին
Փաշինյանի հարցազրույցը թուրքական ԶԼՄ-ներին
«Որքան հիշում եմ, սա աննախադեպ առիթ է և աննախադեպ ֆորմատ, այսինքն՝ նման ձևաչափով հանդիպում նախկինում երբեք տեղի չի ունեցել։ Կարծում եմ՝ լավ է, որ այսօր զրուցելու և մտքեր փոխանակելու առիթ ենք ունենալու»,- այս խոսքերով է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնարկել հանդիպումը թուրք լրագրողների հետ։
Նրանք Երևան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ և պետական բյուջեի միջոցներով։ Այդ մասին հայտնել է վարչապետի աշխատակազմը։
«Նպատակն էր Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները»,- նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ կենտրոնը Փաշինյանի հետ հարցազրույցի է հրավիրել թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների, բոլոր ԶԼՄ-ները համաձայնել են իրենց լրագրողներին ուղարկել Երևան։ Ավելին, վարչապետի աշխատակազմը փորձել է հրավիրյալների ցանկում ներառել ամենաազդեցիկ պարբերականները՝ պետական և մասնավոր, իշխանամետ և ընդդիմադիր։
Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողների բոլոր հարցերին։ Դատելով տեսանյութից՝ հանդիպումն անցել է բարիդրացիական մթնոլորտում։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ շոշափվել են Հայաստանի ու Թուրքիայի համար ցավոտ ու բարդ հարցեր։ Վարչապետը փորձել է հնարավորինս անկեղծ ու մանրամասն պատասխանել հարցերին։
Ստորև՝ Փաշինյանի պատասխանները թուրք լրագրողների հարցերին, վարչապետի ուղերձները թուրք լսարանին

Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի եկած թուրք լրագրողները
- «Հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված որոշակի ճնշում կա Էրդողանի վրա»․ կարծիք
- «Հայ գերիների ճակատագիրը կարող է մնալ Բաքվի քմահաճույքների տիրույթում»․ կարծիք Երևանից
- Բաքուն առաջարկում է Երևանին գործակցել և հանձնել «հանցագործներին». ո՞ւմ մասին է խոսքը
Ի՞նչ փուլում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը (Sözcü TV)
«Հայաստանի և Թուրքիայի մեջ այսօր կա շատ ուղիղ երկխոսություն, շատ ուղիղ խոսակցություն, և եթե հաշվի առնենք մեր հարաբերությունների նախընթաց շրջանը, սա շատ էական փոփոխություն է։ Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ։ Եվ նորից եմ ասում, կողքի հայացքի համար սա գուցե թե այդքան կոնկրետ արդյունք չէ, բայց իմ և պետական կառավարման համակարգերում գտնվող մարդկանց համար սա կոնկրետ արդյունք է, որովհետև մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետներն իրարից ճշտելու հնարավորությունից, հասկանու՞մ եք։
Մենք, որպես կանոն, երրորդ երկրների միջոցով ենք իմացել, իսկ ի՞նչ են մտածում Անկարայում։ Անկարան, ըստ էության, երրորդ երկրների միջոցով է իմացել, թե ինչ են մտածում Երևանում։
Հիմա նույնիսկ այդպիսի իրադրություններ կան և բառիս բուն իմաստով մեր տարբեր ներկայացուցիչներ կարող են ուղղակի զանգել և հարցնել, իսկ դուք այս հարցի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք, և սա էական փոփոխություն է, որը շատ կարևոր է, և ես համոզված եմ, որ դա բերելու է արդյունքներ։ Եվ մենք նաև փոխադարձաբար ավելի լավ ենք հասկանում, իսկ որո՞նք են կողմերի ունեցած բարդությունները, խնդիրները, ո՞ր հարցերն են, որ կարիք ունեն լրացուցիչ պարզաբանման, ո՞ր հարցերն են, որտեղ դիտանկյունները, տեսակետները տարբեր են, և պիտի ուղիղ ասեմ, որ ես սա շատ կարևոր ձեռքբերում եմ համարում:
Մենք այս ընթացքում արդեն մի քանի հանդիպում ենք ունեցել նախագահ Էրդողանի հետ, հեռախոսազրույցներ ենք ունեցել, Արտաքին գործերի նախարարներն են շփվել և շարունակում են շփվել, մեր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը շփվել է իր գործընկերոջ հետ, նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն է շփում ունեցել, հատուկ ներկայացուցիչները, որոնք կապի մեջ են իրար հետ: Մենք արդեն ունենք համագործակցության կոնկրետ օրինակներ, վերջերս Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող կամ արդարադատության համակարգի կողմից մեղադրվող երկու անձանց մենք փոխանցեցինք Թուրքիային:
Սակայն շատ կարևոր է արձանագրել, որ սա դինամիկ պրոցես է և իհարկե, պետք է ջանքեր գործադրել, որ այս դինամիկան կանգ չառնի և շարունակվի: Սա էլ իր հերթին կախված է, այդ թվում՝ երկու երկրների առաջնորդների և Կառավարությունների քաղաքական կամքից, և ես տեսնում եմ քաղաքական կամք»։
Ինչո՞ւ է Փաշինյանը հաճախ խոսում պատմության ընկալման մասին, ինչի՞ է ուզում հասնել (Anadolu)
«Ցանկացած երկիր պետք է ինքն իր պատմության հետ առնչվի։ Այդպիսի մի արտահայտություն կա, որ պատմությունից պետք է դասեր քաղել։ Քաղաքական ընտրության ու քաղաքական ընկալման հարց է՝ ինչ դաս քաղել և ինչպես ընկալել պատմությունը, ինչպես օգտվել պատմությունից։
Այո, ես պատմության մասին հաճախ եմ խոսում և իմ հիմնական ուղերձը հետևյալն է՝ պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել: Չի կարելի ապագայի և պատմության մեջ սահմաններ չունենալ։ Իմ ընկալմամբ՝ ապագան ոչ թե պատմության հայելային արտահայտություն պետք է լինի, այլ ապագան հնարավորություն է՝ ուղղել պատմության մեջ կամ ավելի լավը դարձնել պատմության այն էջերը, որոնք ուզում ենք ավելի լավը դարձնել։ Բայց սա էլ քաղաքական ընտրության հարց է:
Եվ հետևաբար, իմ ընկալումն այն է, որ պատմության մեր դասերը մենք պետք է ծառայեցնենք այսօրվա մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պետության շահերին, պետական շահերին և ապագայի շահերին։
Բայց նորից եմ ուզում ընդգծել, խոսքը պատմությունը փոխելու կամ պատմությունը հերքելու մասին չէ։ Խոսքը պատմության մեր կիրառական ընկալումը փոխելու մասին է։
Պատմությունը ինչի՞ համար ենք օգտագործում, որ պատմական կոնֆրոնտացիաները դառնան հավիտենակա՞ն, թե՞ պատմական կոնֆրոնտացիաները մեզ համար ուղերձ են՝ խաղաղ, համագործակցված, տարածաշրջանային իմաստով կայուն ապագա կառուցելու համար։ Ես այս երկրորդ ընկալման կողմնակից եմ»։

Հայաստանի վարչապետն ու թուրք լրագրողները։ Լուսանկարը՝ ՀՀ կառավարության
Ինչպե՞ս է ցեղասպանության հարցն ազդում հայ-թուրքական հարաբերությունների վրա (Hürriyet Daily News)
«Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր: Սա պաշտոնական ձևակերպում է։ Քննարկումները և շահարկումները նաև Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում, լինում են, խոսք է գնում ուրացման, Մեծ Եղեռնն ուրանալու կամ մոռանալու մասին:
Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ Հայաստանում և հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է։ Այսինքն, ուղղակի մեր իրականության մեջ հնարավոր չէ դա կամ ժխտել, կամ ուրանալ, որովհետև դա բոլորիս համար անուրանալի ճշմարտություն է։
Երբ մի հեռավոր երկրի խորհրդարան կամ Կառավարություն մի որոշում [ցեղասպանության ճանաչման մասին] է ընդունում, մենք այդ որոշումից շատ ոգևորվում ենք։ Եվ երբ որ ոգևորությունն այդ որոշումից կամ ուրախությունը մարում է, հաջորդ պահին հարց է ծագում, իսկ այդ որոշումն ի՞նչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր հարաբերություններում։ Երբ մենք անմիջական միջավայրում ունենում ենք լարումներ, այդ լարումներն ինչքանո՞վ են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը և այլն, և այսպես շարունակ։
Նաև այստեղ է, որ հարց է ծագում, որտեղ և ինչպե՞ս մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի պետական շահերի սպասարկման վրա։ Որովհետև այն ժամանակաշրջանը, որտեղ այդ մեծ ողբերգությունը տեղի է ունեցել, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետություն։
Այսօր կա ՀՀ, միջազգային ճանաչված պետություն, և միջազգայնորեն ճանաչված այդ պետությունն ունի հնարավորություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունը, բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ։
Խաղաղությունը և լավ հարաբերությունը մեզ առաջին հերթին պետք է մեր միջավայրի, մեր անմիջական հարևանների հետ հարաբերություններում, որովհետև խաղաղությունը, այն խաղաղությունը, որը կոնկրետ արդյունք է բերում մեր երկրի անվտանգության և բարեկեցության համար, այստեղի խաղաղությունն է:
Հիմա կա հնարավորություն այս հարցի ընկալումը և պատասխանը, ձևակերպումը փոխելու։ Հնարավորությունը ծագել է այն բանից, որ թե՛ Հայաստանի կողմից, թե՛ Թուրքիայի կողմից հնչել են ուղերձներ, որ կա ցանկություն և՛ Հայաստանի կողմից, և՛ Թուրքիայի կողմից այդ հարցերի ձևակերպումները փոխել, այդ շեշտադրումները փոխել, դիտանկյունները փոխել»։
Կա՞ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն (Hürriyet Daily News-ին պատասխանում)
«Ես ուզում եմ անկեղծ ասել, նույնիսկ, երբեմն հոռետեսներին, շատ դժվար է լինում փարատել հոռետեսների հոռետեսությունը, որովհետև տեսեք, ես ասացի 2022 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել [երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորություն], որն, ըստ էության, շատ կարևոր, բայց այնուամենայնիվ, այն վերջնական կետը չէ։ Շատերն ասում են, ահա, պարզ օրինակ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, այդ պայմանավորվածությունը չի իրագործվում, դուք պետք է, այսինքն ինձ է ուղղված այդ հարցը, դուք պետք է արձանագրեք այդ քաղաքականության ձախողումը։ Ես դրա հետ չեմ համաձայնվում։
Ե՛վ ես, և՛ մեր քաղաքական թիմը վճռական են, համբերատար, հետևողական՝ խոսակցության, երկխոսության, փաստերի և փաստարկների դաշտում հասնել նրան, որ տարածաշրջանը Հայաստանի Հանրապետության համար լինի կայունության, խաղաղության և բարեկեցության աղբյուր:
2021 թվականի ընտրություններից հետո մեր կառավարության ծրագրում մի այսպիսի կետ մտավ, մենք այդ կետն անվանում ենք տարածաշրջանացում։
Ինքն ընդամենը բառ է, բայց շատ շերտեր է պարունակում, սա նշանակում է, որ մենք մեր քաղաքականությունները վարելիս, առաջին հերթին, ընկալում ենք մեզ որպես տարածաշրջանային երկիր: Սա չի նշանակում, որ մենք մեր այլ հարաբերությունները սահմանափակելու ենք կամ կտրելու ենք կամ նվազեցնելու, բայց մենք, առաջին հերթին, տարածաշրջանային երկիր ենք մեզ ընկալում։
Վերադառնալով Թուրքիայի հետ մեր հարաբերությունների դինամիկային՝ համոզված եմ, որ եթե մենք հետևողական, հանդարտ, փաստարկների վրա հիմնված, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, այս փոքր քայլերով առաջ շարժվենք, հարցն այն չի լինելու՝ կլինի կարգավորում, թե չէ: Հարցը լինելու է՝ ե՞րբ կլինի կարգավորում: Դա ընդամենը լինելու է ժամանակի հարց»։
Ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ (NTV)
«Նախ մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» [Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ կապող ճանապարհը, Բաքուն պահանջում է, որ Հայաստանը չվերահսկի իր ինքնիշխան տարածքի այս հատվածը] արտահայտությունը, որովհետև նախ Հայաստանի Հանրապետությունն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի։
Այն փաստը, որ նման արտահայտություն է օգտագործվում, Հայաստանի Հանրապետությունում ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
Բոլորովին վերջերս հոդված հրապարակեցի այդ թեմայով, որի հիմնական իմաստն այն էր, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից ենք, և թույլ տվեք ասել, որ առաջին հերթին մենք ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից, որովհետև իրականում մենք ենք, որ շրջափակման մեջ ենք։
Ոչ մի ուրիշ երկիր տարածաշրջանում շրջափակման մեջ չէ։ Մենք 4 սահման ունենք, որից երկուսն ամբողջությամբ փակ է։ Եվ այս փաստն ինքնին ցույց է տալիս, թե ինչքանով մենք պետք է և ենք շահագրգռված տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։
Շատ հղում է արվում, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, բայց ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես չկա։
Եվ ավելին, շատ է խոսվում այն մասին, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա դրույթ, որ Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տեղափոխման անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ երկրների ներկայացուցիչներ և ուժեր. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան ընդհանրապես չկա: Ավելին՝ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է բեռների, տրանսպորտային միջոցների, ուղևորների երթևեկությունը, անցուդարձը: Ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետությունն երաշխավորել անվտանգությունը, եթե ինքը չի ապահովելու անվտանգությունը։
Ուզում եմ եռակողմ հայտարարության հետ կապված հետևյալ դիտարկումն անել, որ եռակողմ հայտարարությանը չի կարելի վերաբերվել հատվածական։
Օրինակ, եռակողմ հայտարարության մեջ նշվում է ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց փոխանակման և վերադարձի մասին, բայց մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ:
Ավելին՝ ավելի սրվում է Բաքվում տեղի ունեցող դատավարությունների բերումով, մեր գնահատմամբ՝ դրանք բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ, մեր ունեցած տվյալներով՝ այլ արգելված միջոցներ և այլն։
Եռակողմ հայտարարության մեջ գրված է Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը շարունակաբար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Եռակողմ հայտարարության մեջ խոսվում է փախստականների վերադարձի մասին Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, բայց եռակողմ հայտարարությունից հետո, ընդհակառակը՝ փախստականների թիվը մեծացել է, և տեղի է ունեցել բռնի տեղահանում [ԼՂ-ի ավելի քան 100 հազար հայերի] և այլն:
Ինչ վերաբերում է կոմունիկացիաներին. պատրա՞ստ է արդյոք Հայաստանի Հանրապետությունը սեփական տարածքով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ այո, իհարկե պատրաստ է: Եվ մենք այս թեմայով շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին, որը, մեր կարծիքով, ոչ թե ուղղակի առաջարկություն է, այլ լուծում է խնդիրը երկաթուղային բեռնափոխադրումների մասով: Եվ մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։
Բայց ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ընդհանուր առմամբ, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ ապահովելու առանձին վերցրած այդպիսի օրակարգ չկա: Այդ օրակարգը մտնում է ընդհանրապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգի մեջ։
Ինչը նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց համար պետք է բացեն կոմունիկացիաները և՛ ներքին, այսինքն ՝Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով կոմունիկացիաները բացելու համար։
Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ օրինակ, Հայաստանի հյուսիսային շրջաններից դեպի Մեղրի, այսինքն՝ հարավային ռեգիոն, երկաթուղային կապ չկա, և երկաթուղային կապն անցնում է միայն Ադրբեջանի, այսինքն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով։ Այսինքն՝ սա ենթադրում է, և հետևաբար՝ մենք ասում ենք, որ իհարկե պատրաստ ենք ապահովել երկաթուղային կապը և ակնկալում ենք, որ նույնպիսի կապ կապահովվի նաև Հայաստանի, մասնավորապես՝ Երասխից Մեղրի երկաթուղային կապի համար, որովհետև լեռնային, խիստ լեռնային ռելիեֆի բերումով Հայաստանի տարածքով հարավից դեպի հյուսիս երկաթուղի ունենալու բարդություններ կան:
Միևնույն ժամանակ՝ մեր ընկալմամբ, սա նշանակում է նաև Ադրբեջանից երկաթուղային կապի ստեղծում Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ, ընդ որում՝ ավտոմոբիլային տրանսպորտի կապի ստեղծում, այդ թվում՝ Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով կարող է կապվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Ռուսաստանի հետ: Իհարկե, այս պարագայում նաև ենթադրվում է Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացում և այլն:
Մենք պատրաստ ենք այս լուծումներին։ Եվ մեզ հասկանալի չէ՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի արձագանքում այս լուծումներին և ընդհակառակը՝ փորձ է արվում անընդհատ թեման օգտագործել էսկալացիոն տրամաբանությամբ։
Իմիջիայլոց՝ ես իմ վերջին հոդվածում ընդգծել էի, որ եթե մյուս պայմաններում, մյուս պարագաներում դեռ ենթակառուցվածքային ներդրումներ անելու անհրաժեշտություն կլինի, բայց հենց այսօր քաղաքական և իրավական որոշման պարագայում ավտոտրանսպորտային հաղորդակցություն է հնարավոր ապահովել Թուրքիայից Հայաստանի տարածքով Ադրբեջան Մարգարայի անցակետով, որտեղ ենթակառուցվածքները պատրաստ են, ճանապարհները նորմալ վիճակում են։
Այսինքն՝ հենց այսօր, և ես դրա մասին հրապարակային հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք նաև այսպիսի ավտոմոբիլային կապ ապահովել և որն արտահայտված է և այս ընկալումների համախումբն է, որը մենք անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ» [ՀՀ կառավարության՝ տարածաշրջանի ապաշրջափակման նախաձեռնությունը].։
Ընդ որում՝ մենք հատուկ ընտրել ենք այդպիսի անուն այդ նախագծին, որ մեր հարևան երկրներից ոչ մեկում ալերգիա չառաջացնի այդ անունը։ Եվ կարծում եմ, որ սա մեր կառուցողական դիրքորոշման և դիրքավորման շատ ուղիղ հիմնավորում է»։

Թուրք լրագրողները հարցազրույցից հետո շարունակել են շփումը ՀՀ վարչապետի հետ
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ-ն Բաքվում պահվող հայ գերիներին ազատելու համար («Ակոս» հայկական շաբաթաթերթ)
«Այդ իրադրությունը մեզ շատ անհանգստացնում է։ Մենք այսօր առնվազն 23 գերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք ունենք Ադրբեջանում և նաև մենք փորձում ենք հնարավոր ջանքերը գործադրել այդ խնդրի լուծման համար:
Բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ դա տեղի է ունենում մի պայմաններում, երբ Ադրբեջանը, ըստ էության, այդ գործոնը նույնպես օգտագործում է էսկալացիոն տրամաբանությամբ և էսկալացիոն նպատակներով:
Եվ երբ ասում են, որ Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում այդ խնդիրը լուծելու համար, ես, ընդհանուր առմամբ, այդ քննադատությունը հասկանում եմ և միշտ ասում եմ՝ քանի դեռ այդ ջանքերը, որ կառավարությունը գործադրում է, արդյունք չեն տալիս, բոլորը կարող են ասել, որ ջանք չի գործադրվում։
Այդ ջանքերը հիմնականում դիվանագիտական մակարդակով են գործադրվում: Ինչո՞ւ, որովհետև այս ժանրի մեջ հրապարակային հայտարարությունները պետք է լինեն շատ նպատակային և կոնկրետ նպատակի ծառայեն: Եվ այդ հրապարակային հայտարարությունների որոշակի դեպքերից անդին արդեն իրենք ոչ մի օգուտ չեն տալիս և ընդհակառակը՝ վնաս են տալիս։
Տեսնում ենք, որ Ադրբեջանն այդ խնդիրը ցավոք, էլի ասում եմ, որ մանավանդ խաղաղության գործընթացի համատեքստում, երբ անընդհատ փորձ է արվում բերել լրացուցիչ էսկալացիոն գործոններ, ընդ որում արդեն իսկ հրապարակային հայտարարություններ խոշտանգումների մասին, արդեն իսկ վիզուալ հիմնավորումներ արգելված միջոցների մասին, որն իհարկե անհանգստացնող է, անընդունելի և Հայաստանի Կառավարությունն այդ հարցով հստակ դիրքորոշում է արտահայտել»:
Ինչպե՞ս է Հայաստանը վերաբերվում ադրբեջանցի փախստականների վերադարձին (CNN Turkey)
«Ձեր հարցին կա մի շատ կարևոր լրացում.
Ադրբեջանն իրականում բարձրացնում է մի հարց, որն անվանում է «արևմտյան Ադրբեջան»։ Եվ Ադրբեջանն «արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70%-ը։
Մենք ասում ենք, որ Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա։ Եթե ուզում ենք արևմտյան Ադրբեջան փնտրել կամ տեսնել, ապա դա Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի, Գետաբեյի, Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի, Կուբաթլուի շրջաններն են։ Շատ ցանկանալու բերումով նաև Նախիջևանը կարելի է արևմտյան Ադրբեջան համարել աշխարհագրական առումով։
Նկատի ունեմ՝ նրանք փորձ են անում հումանիտար հարցերի տրամաբանության ներքո տեղավորել դա, մեզ կոչ անելով ինչ-որ հարց քննարկել, բայց նորից եմ ասում, նրանք մեր երկրի ինքնիշխան տարածքի 60%-ն անվանում են «արևմտյան Ադրբեջան»։ Եվ հետևաբար նման հարցը մեզ համար քննարկելի չէ, չի կարող, որևէ երկրի համար քննարկելի չէ, որևէ երկրի համար չի կարող քննարկելի լինել։
Իսկ ընդհանրապես, եթե փախստականների թեմայի մասին ենք խոսում, ես արդեն հիշատակեցի, մենք նույնիսկ փաստաթուղթ ունենք Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների վերադարձի մասին։ Հայաստանում և Սփյուռքում կան փախստականներ Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, Գյանջայից և այլն։ Մեր ընկալումն այն է, որ դա պարզապես տարածքային պահանջներ են Հայաստանի նկատմամբ, և հետևաբար մենք չենք կարող այդ հարցը քննարկել։
Ադրբեջանն ինքն իրեն հակասում է, ինչո՞վ, Ադրբեջանը ինքն իրեն հակասում է նրանով, որ 2021 թվականը և հաջորդող շրջանը իրենք պաշտոնական մակարդակում անվանում են ետկոնֆլիկտային շրջան: Բայց իրենք ամեն օր խոսում են կոնֆլիկտի լեզվով։
Այսինքն` Ադրբեջանի այս երկու խոսույթները չեն բռնում իրար հետ։ Ամեն օր կոնֆլիկտի լեզու, ամեն օր ագրեսիվ հռետորաբանություն, ամեն օր ուժ, եթե ոչ ամեն օր, շատ հաճախ, շատ հաճախ ուժի և ուժի կիրառման սպառնալիք և «արևմտյան Ադրբեջանի» խոսույթ, որը կասկածի տակ է դնում Հայաստանի, եկեք ուղիղ ասենք՝ Հայաստանի պետության գոյությունն իսկ: Եվ զուգահեռ մեզ հրավեր քննարկելու, կներեք, իմ կարծիքով դա առնվազն տարօրինակ է»:
Կա՞ վտանգ, որ քանի դեռ Ադրբեջանի հետ խաղաղություն չկա, Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարգավորվի (T 24)
«Ես այդ ձևակերպման հետ ուզում եմ չհամաձայնվել, որ հորիզոնում Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը չի երևում։ Ես կասեմ, որ պարզապես այդպես անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել հորիզոնի երկայնքով, որպեսզի այդ խաղաղությունը չերևա։ Իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շատ կարևոր հենասյուներ դրվել են։
Հայաստանը և Ադրբեջանը, ըստ էության, պայմանավորվել են, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Սա այն է, ինչ հորիզոնում պետք է երևա։
Ավելին ասեմ, խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածներում վերարձանագրվել է այս իրողությունը, [կողմերը] արձանագրել են, որ չունեն միմյանցից տարածքային պահանջներ և փոխադարձաբար պարտավորվում են նման տարածքային պահանջներ չներկայացնել ապագայում։
Ծխածածկույթն «արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն է, որովհետև երբ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն չպետք է լինի «արևմտյան Ադրբեջանի» խոսույթ։
Ծխածածկույթ են Բաքվում տեղի ունեցող դատավարությունները, որոնք մի նպատակ ունեն, ես չգիտեմ ինչ, համենայնդեպս մեր ընկալումն է այդպիսին, զրոյացնել այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք խաղաղության գործընթացում, որովհետև մենք արդեն չորս տարի բանակցում ենք խաղաղության պրոցեսի վերաբերյալ և ունենք արդյունքներ:
Այո, մենք հասկանում ենք նաև զգայունությունները և առանձնահատկությունները, որոնք կան Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում: Դա հնարավոր չէ ժխտել, բայց մյուս կողմից մենք ունենք [դրական] պրոցեսներ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։
Երբ նշում էի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձությունները, ես բաներ բաց թողեցի, որ կարող էի լրացնել։ Արդեն երկու տարի անընդմեջ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական խորհրդաժողովին։ Ավերիչ երկրաշարժից հետո Արտաքին գործերի նախարարի այց տեղի ունեցավ Թուրքիայի աղետի գոտի, մենք հումանիտար աջակցություն ուղարկեցինք։ Լավ է, որ հումանիտար աջակցություն ուղարկեցինք, վատ է, որ նման ողբերգական իրադարձությունների հանգամանքով և բերումով։
Թուրքիայի դերի առումով, այստեղ իմ կարծիքով Թուրքիան էլ ընտրելու բան ունի։ Մենք լսում ենք, որ Թուրքիան փորձ է անում կամ առնվազն, գուցե մենք սխալ ենք ընկալում ուղերձը: Մեր ընկալումն այն է, որ Թուրքիան, համենայն դեպս ուղերձներն այդպիսին են, Հարավային Կովկասում կայունության օգտին է հանդես գալիս։
Մենք տեսնում ենք, որ Թուրքիան և՛ նախագահի, և՛ արտաքին գործերի նախարարի մակարդակով հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին։ Եվ եթե մենք ճիշտ ենք ընկալում այս ուղերձները, առնվազն կամ մենք ընկալում ենք գուցե թե սա նշանակում է նաև որոշակի բալանս Հարավային Կովկասում Թուրքիայի ունեցած հարաբերությունների կամ գուցե մենք սխալ ենք ընկալում»։