«ՀՀ-ն տարածաշրջանում բաժանարար գծեր չի ստեղծում»․ Փաշինյան
Փաշինյանի ելույթը խորհրդարանում
«Որոշ արտաքին դերակատարներ [նկատի ունի ՌԴ-ին]՝ սեփական քաղաքական կամ ռազմաքաղաքական նպատակներից ելնելով, փորձում են խեղաթյուրել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը՝ ասպարեզ բերելով տարածաշրջանում բաժանարար գծեր ստեղծելու կեղծ խոսույթը»,- այսօր խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի փոխանցմամբ՝ Հայաստանը որդեգրել է արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիայի քաղաքականություն բոլոր ուղղություններով՝ ակնկալելով ոչ միայն Արևմուտքի, այլև Հնդկաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացում, ինչն ամենևին բաժանարար գծերի մասին չէ։
Վարչապետի ելույթի կարևոր դրվագները
«ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեն գալու և լուծեն մեր խնդիրները»
Փաշինյանի փոխանցմամբ՝ Բրյուսելում ապրիլի 5-ին ՀՀ-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով հանդիպումն ամենևին այդ մասին չէր, որ այլ երկրներ են լուծելու Հայաստանի խնդիրները։ Կարծում է՝ թեև երբեմն ձևավորվում են սպասումներ, թե ինչ-որ բարեկամներ կամ դաշնակիցներ պետք է գան և լուծեն դրանք, բայց կարիք կա գիտակցել՝ խնդիրները մենք պետք է լուծենք։
«Սա ինքնիշխանության հոգեբանական բանաձևն է։ Հակառակը վասալի, ֆորպոստի տրամաբանություն է։ Անկախ պետություն ունենալու համար պետք է, առաջին հերթին, դուրս գանք այս տրամաբանությունից»,- շեշտել է վարչապետը։
Բրյուսելյան հանդիպումն աննախադեպ է որակել՝ նշանավորվել է հարաբերությունների նոր մակարդակ։ Եվս մեկ անգամ ընդգծել է՝ օրակարգում անվտանգային հարցեր չեն եղել։
«Բայց համաձայնեք, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն երբեք չէին համաձայնի Հայաստանին տնտեսական, քաղաքական աջակցություն ցուցաբերել, եթե մեր վարած քաղաքականությունը համարեին ագրեսիվ»,- նկատել է նա։
Վարչապետի գնահատմամբ՝ հանդիպման քաղաքական ենթատեքստը հետևյալն է՝ հօդս են ցնդում Արևմուտքում ՀՀ-ն որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու Բաքվի բոլոր ջանքերը։
Հանդիպումն, ըստ նրա, վկայում է, որ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները «քաղաքական աջակցություն» են հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային։
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն բարձր են գնահատել ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած էական առաջընթացը․
«Ընդգծել են, որ մտադիր են լրացուցիչ աջակցություն ցուցաբերել՝ օգնելու մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը»։
Կարևոր է համարել նաև այն, որ գործընկերները ողջունել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
«ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը կարող է երկարաձգվել»
Փաշինյանը հայտարարել է, որ քննարկվում է ԵՄ առաքելության գործունեությունը ևս 2 տարով երկարաձգելու հնարավորությունը։ Հիշեցրել է՝ քաղաքացիական առաքելությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղակայվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում։
Նրա գնահատմամբ՝ առաքելությունը ԵՄ և նրա գործընկերների համար ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի և շփման գծի ողջ երկայնքով հաստատված իրադրության մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր է դարձել․
«Այդ տեղեկատվությունն ակնհայտ կդարձնի, որ ՀՀ-ն անկեղծորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին, Պրահայի պայմանավորվածություններին, և այս պատմության ագրեսիվ կողմը չէ ամենևին»։
«Ֆրանսիայի թիրախավորումն անընդունելի է»
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Պրահայի քառակողմ հանդիպումն առանցքային նշանակություն ունի կայուն և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու գործում, քանի որ կայացվել են «չափազանց կարևոր որոշումներ»։ Դրանք են՝
- «Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա,
- ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնել են երկու երկրների միջև սահմանագծումն իրականացնել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա»։
Հանդիպումն, ըստ նրա, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման իրատեսական ու ուժեղ իրավաքաղաքական հիմք ունեցող ծրագիր է, իսկ համաձայնությունների ձեռքբերման գործում «պարզապես ահռելի է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը»։
Փաշինյանը շեշտել է՝ Մակրոնի և Ֆրանսիայի թիրախավորումը «անհասկանալի և անընդունելի է» իր և ՀՀ կառավարության համար։
«Եթե Մակրոնին թիրախավորում են ԵՄ-ի քաղաքացիական առաքելությանը երկարաժամկետ մանդատ տալու համար, այդ որոշումը մնացածների նման ԵՄ-ում կայացվել է կոնսենսուսով»,- պարզաբանել է նա։
«Արտաքին մարտահրավերներից մեկն Ադրբեջանն է»
Հայաստանի ինքնիշխանության և պետականության զարգացման գրավականն, ըստ Փաշինյանի, հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու խորացումն է։ Ասում է՝ կան ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերներ․
«Այդ մարտահրավերներից մեկն, իհարկե, Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քաղաքականությունն է, որն արտահայտվում է հռետորաբանությամբ, սահմանային սադրանքներով, ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայով, սպառազինությունների տասնյակ միլիոնների հասնող ձեռքբերումներով և այլն»։
Վարչապետի փոխանցմամբ՝ այդ քաղաքականության անբաժանելի մաս են նաև Բաքվից հնչող հայտարարությունները Հայաստանի բանակի բարեփոխումների, պաշտպանական նոր կառույցների ձևավորման և զինամթերքի ձեռքբերումների մասին․
«Այսինքն՝ Ադրբեջանի կանխավարկածը ո՞րն է, որ Հայաստանը սեփական երկիրը պաշտպանելու բանակ պետք է չունենա՞։ Ասել եմ և նորից ուզում եմ ընդգծել՝ մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է»։
Հիշեցրել է՝ Երևանը հանդես է եկել բազմաթիվ առաջարկներով, այդ թվում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ստեղծելու մասին։ Դրանք, սակայն, անարձագանք են մնացել։
«Հույս ունենք դրական արձագանք ստանալ խաղաղության պայմանագրի 8-րդ խմբագրմանը, որն Ադրբեջանին է փոխանցվել մարտի 14-ին»,- նկատել է Փաշինյանը։
«Երևանը դեմ չէ սահմանազատումը սկսել Տավուշի մարզից»
Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանզատման աշխատանքներին՝ վարչապետը նշել է, որ Երևանը դեմ չէ գործընթացը սկսել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի 4 գյուղերի հատվածներից․
«Հույս ունեմ, որ կգանք համաձայնության, եթե ոչ ամբողջական, գոնե հատվածական, ինչը էականորեն կփոխի մթնոլորտը մեր տարածաշրջանում»։
Արդյո՞ք սահմանազատումը Տավուշից սկսելը երաշխավորում է անվտանգություն, նոր հարձակման բացառում կամ 31 գյուղերի կենսական նշանակության տարածքների վերադարձ ՀՀ-ին։ Փաշինյանն այս հարցերն է հնչեցրել։ Ըստ էության՝ նշել է, որ նշված կետերից ոչ մեկը չի երաշխավորում, սակայն այս հատվածում սահմանազատման իրականացումից հրաժարվելը պարունակում է «բացասական երաշխիքներ»․
- անվտանգային սպառնալիքները շարունակաբար կմեծանան,
- նոր հարձակումներ կլինեն ՀՀ ինքնիշխան տարածքի վրա,
- Ադրբեջանը չի վերադարձնի Հայաստանի կենսական նշանակության տարածքները։
Կարծում է՝ այս «բացասական երաշխիքները» պետք է չեզոքացնել՝ գնալով այս հատվածում սահմանազատման։
«Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել»
Վստահեցրել է Փաշինյանն ու հավելել՝ չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են:
Նրա դիտարկմամբ՝ միջպետական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում։ Սակայն դրանց կարևորությունը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել․
«Ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի Դաշնության հետ՝ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է ու կա մեր հարաբերությունների մեջ»։
Կարծում է՝ այս դեպքում ևս կատարվում է անցում՝ պատմականից իրական հարաբերությունների։ Ըստ նրա՝ պետք է ամեն ինչ անել տրանսֆորմացիան դրական պատմություններով հագեցնելու համար:
«Եվ մենք Ռուսաստանի հետ նման աշխատանքի պատրաստ ենք»,- վստահեցրել է կառավարության ղեկավարը։
«Արևմուտքի և Իրանի հետ հարաբերությունները միմյանց չենք հակադրում»
Ընդգծել է՝ Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունեն հարևան Իրանի հետ հարաբերությունները, դրանք հիմնված են «բնական շահերի» վրա։
«Արևմուտքի հետ մեր հարաբերությունների զարգացումը չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Իրանի հետ մեր հարաբերություններին։ Եվ Իրանի հետ ունեցած մեր հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Արևմուտքի հետ հարաբերություններին»,- արձանագրել է վարչապետը։
Փաշինյանի դիտարկմամբ՝ այդ «քաղաքական գիծն» է որդեգրել է Երևանը։
«Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի»
«Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մենք սպասման մեջ ենք։ Սպասում ենք ձեռքբերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը։ Այն է՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացումը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա համոզմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար, ուստի Երևանը շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
«Սահմանազատման գործընթաց իրական և պատմական Հայաստանների միջև»
Կառավարության ղեկավարի խոսքով՝ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց, լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար: Ասում է՝ ինքն էլ երկար ժամանակ եղել է պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող։ Սակայն 2022 թվականին արձանագրել է, որ երկրի անվտանգության ապահովման առանցքային գործոնը՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն արհամարհված է․
«2022 թ․-ի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա և միանշանակ համոզվեցի, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում»։
Փաշինյանի փոխանցմամբ՝ հենց այդ պահից է մեկնարկել քաղաքական և հոգեբանական մի գործընթաց, որը կարելի է անվանել «սահմանազատման գործընթաց իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև»։ Ըստ նրա՝ այն շատ ավելի ցավոտ է ընթանում, քան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը:
Հայտարարել է՝ «պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև այն իր համար սահմանափակող գործոն է»։
Նրա խոսքով՝ կամա, թե ակամա, պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք «նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու տարածքների նկատմամբ», ուստի պետք է կենտրոնանալ իրական ՀՀ շահերի սպասարկման վրա։
«Հակառակ պարագայում մենք անվտանգային, արտաքին մարտահրավերները հասցեագրելու շանս չենք ունենա նույնիսկ, որովհետև կունենանք արտաքին սպառնալիքներ գեներացնող հարատև աղբյուր մեր իսկ ներսում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտարարել է՝ իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քմ․ տարածք ունեցող երկիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը։ Կարծում է՝ ժամանակն է, որ «ինքներս ճանաչենք ՀՀ տարածքային ամբողջականությունը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանի ելույթը խորհրդարանում