«Հայաստանը ԼՂ-ում զինվոր չունի»․ Փաշինյանը՝ Ալիևի մեղադրանքների մասին
Փաշինյանի արձագանքը Ալիևի ելույթին
«Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել Լեռնային Ղարաբաղից դուրս բերել բանակի ստորաբաժանումները այն պայմաններում, երբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինվոր չունի»,- կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ Բաքվից հնչող մեղադրանքները որակելով անհիմն։
Ինչ վերաբերում է ԼՂ-ի պաշտպանության բանակին, ըստ նրա, ՊԲ գոյության պատճառներն ամեն օր կարելի է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ։ Ասում է դրանց «անթաքույց էությունը» Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում Լեռնային Ղարաբաղում։
Ելույթի ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է ինչպես Բաքվի մեղադրանքներին, այնպես էլ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին՝ արձանագրելով՝ «հումանիտար ճգնաժամն օր-օրի սրվում է»։
Կես տարուց ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքն արգելափակված է։ Եթե նախկինում ԼՂ-ում ապրող հայերին հումանիտար օգնություն էին հասցնում ռուս խաղաղապահներն ու Կարմիր խաչի կոմիտեն, ապա հունիսի 15-ին դա նույնպես դադարեցվել է։ Բաքվի այդ որոշումը հաջորդել է Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշ տեղադրելու անհաջող փորձին։
Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ղարաբաղից։ Նմանատիպ վերջին հայտարարությունը երկրի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրել է «Չմիացած պետությունների շարժման» արտգործնախարարների հավաքին:
Ալիև․ «Հայաստանը խոչընդոտում է «Զանգեզուրի միջնացքի» բացմանը»
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել «Չմիացած պետությունների շարժման» արտգործնախարարների հավաքի ժամանակ, որը կազմակերպվել էր Բաքվում։ Նա, հերթական անգամ, խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին և դժգոհել, թե՝ Հայաստանը խոչընդոտում է դրա բացմանը։ Պնդել է, որ Երևանը, իբր, նման պարտավորություն է ստանձնել 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։
Նշված հայտարարության մեջ, սակայն, խոսվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, ոչ թե արտատարածքային միջանցքի։ Եվ այդ փաստը բազմիցս շեշտել են Հայաստանի իշխանությունները։
Ալիևն ասել է նաև, որ եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում երկար սպասված խաղաղությամբ, ապա պետք է զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերի Ղարաբաղից:
«Չնայած Հայաստանը ստիպված էր ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռևս կան հայկական զինված ուժերի մնացորդներ»,- հայտարարել է նա։
Ադրբեջանի նախագահը զգուշացրել է՝ «ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն»։
Փաշինյան․ «Որևէ միջանցքային պարտավորություն չենք ստանձնել»
Կառավարության՝ հուլիսի 6-ի նիստի ժամանակ Հայաստանի վարչապետը արձանագրել է՝ Ադրբեջանը «միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններ» է անում և շարունակում հայկական կողմին մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտավորությունները չկատարելու մեջ․
«Ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը երբևէ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել և նման որևէ մեկնաբանություն չի ընդունի»։
Հերթական անգամ հայտարարել է՝ Երևանը պատրաստ է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, բայց դա պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Հիշեցրել է՝ Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որի համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի կողմից նախատեսվում է հիմնել երեք հսկիչ անցակետ։ Որոշումն, ըստ նրա, չի ընդունվում Բաքվի «դեստրուկտիվ մոտեցման» պատճառով, բացի այդ՝ ադրբեջանական կողմը նմանատիպ գործընթաց չի էլ նախաձեռնել։
«Ադրբեջանը չի անում սա և Ադրբեջանի մոտեցումը այդպիսին է, որովհետև նա չի հրաժարվել Հայաստանի Հանրապետությանը շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից»,- շեշտել է Փաշինյանը։
Էլ ինչո՞ւմ է Բաքուն մեղադրում հայկական կողմին
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել նաև ականապատման հարցերով: Նրա դիտարկմամբ՝ այդ մեղադրանքներն արդեն իսկ հերքվել են տարեսկզբին՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ։
Նրա փոխանցմամբ՝ Երևանը ցույց է տվել հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունն ու վճռականությունը, Ադրբեջանին է փոխանցել իր վերահսկողության տակ անցած բոլոր ականադաշտերի քարտեզները։ Ըստ վարչապետի՝ հենց այդ քարտեզների օգտագործմամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման լայնածավալ աշխատանքներ․
«Իսկ Ադրբեջանը սրան ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչև օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն»։
«Որոշակի առաջընթաց կա, բայց շոշափելի չէ»
Խոսելով Վաշինգտոնում կազմակերպված արտգործնախարարների բանակցությունների մասին՝ նման կարծիք է հայտնել Հայաստանի վարչապետը։ Հիշեցրել է՝ առաջիկայում Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ նախատեսված է իր և Իլհամ Ալիևի հանդիպումը։
«Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման»,- նշել է նա և հույս հայտնել, որ առաջիկա հանդիպման ընթացքում հնարավոր կլինի «առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը»։
Ընդգծել է՝ խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի՝ այս անգամ ևս խաղաղության պայմանագրի կնքումը տարանջատելով ԼՂ-ի խնդրից․
«Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի»,- ասել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանի արձագանքը Ալիևի ելույթին