«Ոտքի տակ կտամ ձեզ, ոչ թե կբանավիճեմ»․ Փաշինյանի ելույթն ու ընդդիմության արձագանքը
Փաշինյանը՝ նախկիններին «պատերով տալու» մասին
«Ուզում եմ առանց սեթևեթանքի, հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ՝ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»,- նախօրեին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա ոչ միայն իր, այլև ՀՀ պաշտոնական դիրքորոշումն է։ Եվ այն պահին, երբ ժողովուրդը համաձայն չլինի այդ դիրքորոշման հետ, ինքը կդադարի լինել վարչապետ։
Ընդդիմադիր ուժերը թեժ քննարկում ծավալեցին։ Պնդեցին՝ շարժումը սկսելու որոշում կայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ոչ թե Փաշինյանը, ուստի նա չի կարող այն չշարունակելու որոշում կայացնել։
«Հայաստան» դաշինքի պատգամավորներից Գեղամ Մանուկյանն ընդգծեց․ «Հայ ժողովուրդը 2021 թ․-ին ուրիշ որոշում էր կայացրել, այն, ինչ չեք կատարել»։ Մանուկյանը նկատի ունի 2021 թ․-ին իշխող ուժի ներկայացրած նախընտրական ծրագիրը, որում որպես բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություն նշված էր «նախկին ԼՂԻՄ բնակավայրերի դեօկուպացիան»։
Ղարաբաղյան շարժման թեմայի քննարկման ֆոնին վարչապետ Փաշինյանը, հերթական անգամ, խոսեց նախկին նախագահների հետ բանավիճելու մասին։ Հայտարարեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն ընդունում բանավեճի իր առաջարկը, քանի որ գիտեն՝ «ոտքի տակ կտա» իրենց։
Նախկին նախագահների թիմակիցները կոշտ են արձագանքել վարչապետի այս հայտարարությանը։ Նրան անվանել են «նշաձողից ցածր ընկած», «բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունեցող»։
Բոլոր մանրամասները՝ ստորև։
- Ամերիկյա՞ն, թե՞ թուրքական առաջարկ․ փաստեր և կարծիքներ Մեղրին ԼՂ-ով փոխանակելու մասին
- «Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան»․ միջազգային կազմակերպությունների փաստահավաք զեկույցը
- Էթնիկ զտումից մինչև վերադարձի իրավունք. ԼՂ-ի հայաթափումից մեկ տարի անց
Նախապատմություն
2024 թ․-ի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը տարբեր գրառումներով անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու դրա շուրջ բանակցություններին։ Պնդել էր, թե «1994 թվականից, այսինքն՝ հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները քննադատել էին վարչապետի գրառումը՝ հերքելով այդ պնդումը։
Վարչապետը նախկին նախագահներին ուղիղ եթերում բանավիճելու առաջարկ էր արել։ Այդ առաջարկը չէր ընդունվել։ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել պատասխան առաջարկով՝ հրապարակել ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Սակայն Փաշինյանի խոսքով՝ դեռևս գույքագրում են այդ փաստաթղթերը, քանի որ դրանք ցաքուցրիվ են։
«Իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթել են իմ վզին»
Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, որոնք փոխկապակցված են նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, գրեթե ամենօրյա ռեժիմով քննադատում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցումը։ Պնդում են, որ միայն հայկական կողմն է զիջման գնացել, փոխզիջում չի եղել։
Ընդդիմադիր որոշ գործիչներ գործածում են նաև «կապիտուլյացիա», «կրկնակապիտուլյացիա» եզրույթները։ Նախօրեին Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձել է թեմային։
«Թիվ մեկ կապիտուլյանտը [նկատի ունի Սերժ Սարգսյանին], որը որ բերել, պրոցեսը հասցրել է մի տեղ, որտեղից այլ ելք չկա, բացի էն, որ ինքը անվանում է «կապիտուլյացիա»… Իրանց գործը ի՞նչ ա, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների՝ կոնկրետ իմ վզին»,- հայտարարել է նա։ Հավելել է, որ հենց դրա համար է ուղիղ եթերում բանավիճելու առաջարկ արել։
«Եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ»
Փաշինյանի դիտարկմամբ՝ Հայաստանի նախկին ղեկավարները՝ «երեք մտքի տիտան», հայտարարում են, թե իր հետ բանավիճելու բան չունեն, բայց հետո ասուլիս տալու են ուղարկում իրենց հարազատներին՝ երեխաներին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսներին․
«Եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք: Եթե բանավիճում եք, եկեք խոսանք: Ես ասում եմ ՝ ես ձեզ պատերով կտամ և այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ։ Երեքիդ էլ վերաբերում է։ Ես ձեզ ոտքի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ»։
Վարչապետի խոսքով՝ երկրի նախկին նախագահները գիտեն դա, դրա համար էլ չեն ընդունում բանավիճելու իր առաջարկը։
Արձագանքներ
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը գրել է․
«Հիշեք՝ նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը: Թեթև տարեք, դա հին պատուհասական ադաթ ա»։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նշել է․
«Ելույթի վերջին հատվածից ակնհայտ է, որ բանավիճելու մանիակալ [մոլագար] չբավարարված պահանջ ունի: Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է: Իսկ ընդհանրապես, օղին դեղերի հետ չի կարելի խառնել»։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից արձագանքել են․
«Իր աղետալի գործունեությանը տրված բոլոր գնահատականներից՝ ազգային անվտանգության վտանգի աստիճանի հասած նրա հոգեվիճակն ամենաշատը վատթարանում է «կապիտուլյանտ» բնորոշումից: Ադրբեջանի հետ հիմա էլ բանակցություններում կրկնակապիտուլյացիայի ենթարկված անձը երեկ խղճուկ կապիտուլյացիայի ենթարկվեց նաև բանականության ու բարոյականության հետ անհավասար պայքարում:
Նրա հոգեկան անհավասարակշիռ վիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև իր իսկ պատճառով հաստատված ռազմաքաղաքական անհավասարակշռության հայելային արտացոլումն է, որը կապիտուլյանտը չի կարողանում թաքցնել Ալիևի պարտադրած ցածր նշաձողի ծանրության տակ մնացած վախերի պատճառով:
Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը և հրապարակել ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը: Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանը՝ նախկիններին «պատերով տալու» մասին