«Մոսկվային չի հաջողվի տաքուկ տեղավորվել Երևանի և Բաքվի արանքում»․ Ռուբիո-Փաշինյան զրույցը
Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հեռախոսւազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Սա պաշտոնյաների առաջին անմիջական շփումն է։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Ռուբիոն քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
Փորձագիտական շրջանակները չեն շտապում մեկ հեռախոսազանգից եզրակացություններ անել։ Դրական են գնահատում առնվազն այն հանգամանքը, որ արձանագրվել է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստը, ինչը նշանակում է՝ «ԱՄՆ նոր վարչակազմն ընդունում է երկկողմ հարաբերությունների նոր աստիճանը»։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական բանակցություններին և խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ըստ վերլուծաբանների, նախագահ Դոնալդ Թրամփը կարող է լինել խաղաղության պայմանագրի միջնորդ։ Սակայն դրա համար էական են համարում մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների զարգացումը։
Երևանի և Վաշինգտոնի հաղորդած տեղեկությունները, մեկնաբանություններ
- Հայաստանն էսկալացիայի նպատակ չունի, իսկ Բաքո՞ւն․ կարծիք Երևանից
- Ի՞նչ անել հայ-ադրբեջանական խաղաղության պահը բաց չթողնելու համար․ Թոմաս դը Վաալի հոդվածը
- «Բաքուն ուզում է պայմանագրի վերաբերյալ կասկած առաջացնել հայ հանրության մոտ»․ կարծիք
- «Եթե ՀՀ-ն հրաժարվի իր կարմիր գծերից, միայն թղթի վրա կմնա պետություն»․ կարծիք
Ի՞նչ է հաղորդվել Փաշինյան-Ռուբիո զրույցի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Մարկո Ռուբիոյին է ներկայացրել այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Նաև ընդգծել է՝ նախագիծը սպասում է ստորագրման։
«Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները»,- ասված է հաղորդագրությունում։
Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ Ռուբիոն և Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը՝ որպես ռազմավարական գործընկերներ։
«Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը և ընդգծել տևական խաղաղության կարևորությունը տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը դադարեցնելու և Հարավային Կովկասում անվտանգություն ու բարգավաճում բերելու համար»,- նշել է պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարն ու ՀՀ վարչապետը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիայի ցանկացած դրսևորում անընդունելի է։
Վաշինգտոնը Թուրքիայի օգնությանն է դիմո՞ւմ
Հայ փորձագետներն ուշագրավ են համարում այն հանգամանքը, որ զրույցը տեղի է ունեցել Իրանի արտգործնախարարի՝ Երևան այցի ֆոնին և Թուրքիայի արտգործնախարարի՝ Վաշինգտոն կատարելիք այցի նախաշեմին։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Հաքան Ֆիդանին ԱՄՆ-ում ընդունել է հենց Մարկո Ռուբիոն։ Պետդեպի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են իրադրությունը Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Հարավային Կովկասում․
«Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային աջակցել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը»։
Նշվում է, որ Մարկո Ռուբիոն բարձր է գնահատել «Թուրքիայի առաջնորդությունը «Իսլամական պետությանը» հաղթելու գլոբալ կոալիցիայում և վերահաստատել սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ աջակցելու կայուն, միասնական, խաղաղ Սիրիային, որը ո՛չ միջազգային ահաբեկչության հենակետ կլինի, ո՛չ էլ ճանապարհ Իրանի ապակայունացնող գործողությունների համար»։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Արմինե Մարգարյանի խոսքով՝ կարևոր է հաշվի առնել, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել հեռախոսազրույցը։ Նկատի ունի ոչ միայն Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների այցերը, այլև ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունները։
«Այդ բանակցությունները ոչ միայն Ուկրաինայի մասին են, այլև ապագա աշխարհակարգի վերագծման ու նոր կարգուկանոնի ձևավորման մասին: Այս ժամանակահատվածում առավել քան երբևէ կարևոր է, որ մեր դիրքորոշումները, շահերն ու մտահոգությունները ամերիկյան կողմին ներկայացվեն ուղիղ շփումների միջոցով»,- նշել է նա։
Մարգարյանի դիտարկմամբ՝ հաղորդագրություններն այն մասին, որ ռազմավարական գործընկերներ Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են համատեղ շահերը, վկայում են մի գործընթացի մասին, որը «կենդանի օրգանիզմ» է։ Կարևորուն է, որ այդ գործընթացում ՀՀ փոխարեն չի խոսում որևէ այլ պետություն, իր անունից խոսում է հենց Հայաստանը։
Պատահական չի համարում նաև այն, որ Ռուբիո-Փաշինյան զրույցը հաջորդեց խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցմանն ու դրան Բաքվի արձագանքին՝ նախապայմանների առաջադրում, սահմանային լարվածության հրահրման փորձեր․
«Սահմանային լարվածություն հրահրելու ադրբեջանական փորձերն այս պահին կարելի է համարել տապալված։ Իսկ ռուսական կողմի փորձերը միջնորդի դեմքով տաքուկ տեղավորվել Հայաստանի ու Ադրբեջանի արանքում կարելի է համարել ժամանակավրեպ»։
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ պետք չէ շտապել և պնդել, որ ամերիկյան կողմը Հարավային Կովկասում սկսելու է ակտիվություն ցուցաբերել կամ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու միջնորդ լինել՝ հաշվի առնելով միայն Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցը։
«Առավել կարևոր է հետևել այլ հեռախոսազանգերի և զարգացումների, որոնք տեղի են ունենում Պուտինի և Թրամփի միջև, որոնք նոր իրողություններ են ձևավորում աշխարհում: Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից, դրանց դրական կամ բացասական զարգացումներից»,- գրել է նա։
Փորձագետի դիտարկմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է փորձել խաղաղության պայմանագրի միջնորդ լինել։ Կարծում է՝ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից ի վեր ուրվագծվում են իրադարձությունների զարգացման հետևյալ 3 սցենարները․
- Թրամփը կձգձգի բանակցություններն ու հայ-ադրբեջանական պայմանագրի կնքման գործընթացն այնքան ժամանակ, որ դափնիները վերագրվեն միայն իրեն, այլ ոչ թե Բայդենի վարչակազմին։
- Թրամփն ակտիվ ներգրավվածություն չի ունենա Հարավային Կովկասում և տարածաշրջանի բոլոր նախաձեռնությունները կանցնեն «Ռուսաստան-Թուրքիա-Իրան խաղադաշտ»։
- Էսկալացիայի աճ կգրանցվի Իրանի շուրջ, ինչը տարածաշրջանը կդարձնի «проходной двор» (միջանցիկ բակ)՝ բոլոր բացասական հետևանքներով:
«Միացյալ Նահանգները բալանսավորող և զսպող գործոն էր հանդիսանում Հարավային Կովկասում իր ներկայությամբ, փափուկ ուժի առկայությամբ, ՆԱՏՕ-ում ծանրակշիռ դերակատարությամբ, Ռուսաստանի հետ մրցակցությամբ: Հիմա այս բոլոր գործոնները չկան և ԱՄՆ-ն նոր գործիքակազմ պետք է մշակի ազդեցության պահպանման և բալանսավորման համար»,- կարծում է Սարգսյանը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Մարկո Ռուբիոյի հետ զրույցը տեղի է ունեցել այն օրը, երբ Հայաստան էր այցելել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Գուցե չափազանցություն լինի մտածելը, թե Երևանը կարող է լինել ամերիկա-իրանյան որևէ աստիճանի կոմունիկացիայի օղակ: Խոսքը բավականին համեստ դերի մասին է, բայց այդպիսի դրվագներ եղել են: Իհարկե, ժամանակները, իրերի դրությունը, ռեգիոնը, աշխարհը այլ էին: Եվ գլխավորը՝ Հայաստանը այլ էր, ուներ այլ դիրք, ուժ, կշիռ, հեղինակություն և այլն: Այդուամենայնիվ, հնարավոր է ամեն ինչ, կախված իրավիճակներից և օպերատիվ անհրաժեշտություններից»,- գրել է Բադալյանը։
Կարևորում է այն, որ ռազմավարական գործընկերության մասին շեշտադրում կա նաև ամերիկյան կողմի հաղորդագրությունում։ Նրա խոսքով՝ այդ ձևակերպումը «նվազագույնը արձանագրում է, որ ԱՄՆ նոր վարչակազմը ընդունում է երկկողմ հարաբերության մեջ, այսպես ասած, նոր աստիճան»․
Անդրադառնալով Ռուբիո-Ֆիդան հանդիպմանն ու ԱՄՆ պետքարտուղարի «խնդրանքին»՝ Բադալյանը նկատել է՝ այն կարող է թարգմանաբար նշանակել «չխանգարել ռուս-ամերիկյան գործընթացին»․
«Իհարկե հատուկ ուշադրության է արժանի Կովկասի պարագան։[…] Ամերիկա-ռուսական գործարքի այս գործընթացը առաջացնում է ռիսկեր Կովկասի համար առ այն, որ Թրամփի քաղաքականությունից ակնհայտորեն դժգոհ Եվրամիությունն ու Բրիտանիան կարող են դիտարկել այդ քաղաքականությանը «ոտք դնելու» [խոչընդոտելու] և իրենց հետ հաշվի նստել ստիպելու տարբեր հնարավորություններ, այդ շարքում դիտարկելով նաև Կովկասն ու հայ-ադրբեջանական կոնֆլիկտը»։
Վերլուծաբանը կարծում է՝ այս ամենի ֆոնին Թուրքիայից Կովկասի խաղաղությանը նպաստելու ակնկալիքը կարող է նշանակել, որ Վաշինգտոնն Անկարային առաջարկում է «խաղալ» ոչ թե Լոնդոնի ու Բրյուսելի, այլ իր հետ:
«Չի բացառվում, որ այդ կապակցությամբ Ֆիդանին Վաշինգտոնում առաջարկվեն նաև որոշակի տնտեսական և պաշտպանական բոնուսներ»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցը