ՀՀ-ում Եվրամիության ներդրումները կհասցվեն 2.5 միլիարդ եվրոյի․ եռակողմ հանդիպում Բրյուսելում
Փաշինյան-Կոշտա-ֆոն դեր Լայեն հանդիպում Բրյուսելում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսելում է։ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
Եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հաղորդագրության համաձայն՝ Եվրամիությունն ու Հայաստանը վերահաստատել են իրենց միջև աճող գործընկերությունը։
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ կանխատեսվում է «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում ՀՀ-ում Եվրամիության ներդրումները հասցնել 2.5 միլիարդ եվրոյի։ Եվ սա դեռ ամենը չէ։
«Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարեց անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին»,- ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանը հանդիպմանն անդրադարձել է իր ֆեյսբուքյան էջում և նշել, որ եվրոպացի գործընկերների հետ ունեցել է «արդյունավետ և ընդլայնված խոսակցություն»։
Ի՞նչ տեղեկություններ են հաղորդվել, նաև Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի մեկնաբանությունը։ Նա կարծում է, որ ԵՄ-ում սպասում են, որ Հայաստանի իշխանությունները Արևմուտքին մերձենալու տեսանկյունից ավելի վճռական քայլեր կձեռնարկեն։
- «Բաքվում մտածում են ամերիկյան առաջարկի մասին»․ Փաշինյան-Ալիև հանդիպում Աբու Դաբիում
- «ՀՀ-ն կարող է կորցնել ապաշրջափակվող ճանապարհների նկատմամբ վերահսկողությունը»․ կարծիք Երևանից
- Ապաշրջափակման ԱՄՆ-ի առաջարկը. զարգացումներ Մոսկվա-Բաքու լարվածության ֆոնին
Ողջունելով ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգը
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել են ՀՀ-ի հավակնոտ բարեփոխումների օրակարգը, իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարական բարեփոխումներին․
«Առաջնորդները ողջունեցին ԵՄ-ՀՀ Գործընկերության նոր օրակարգի տեքստի վերաբերյալ վերջերս ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, որը կարևոր հանգրվան է կապերի խորացման համատեղ հանձնառության համար»։
Հանդիպմանը հիշատակվել են նաև վիզաների ազատականացման գործընթացում գրանցված առաջընթացն ու ՀՀ-ի խորհրդարանի կողմից «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումը։
ԵՄ-ն կշարունակի ֆինանսապես աջակցել Հայաստանին
Հաղորդագրության համաձայն՝ 2024 թ․-ի ապրիլին հայտարարված 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագիրը 50%-ով մեծացրեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը․
«Ներդրումները խթանելուն միտված 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային օգնությամբ և 70 միլիոն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորմամբ՝ այն շարունակում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ավելի սերտ ոլորտային համագործակցությանը և էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածներում ներդրումներին»։
Նշվում է, որ ԵՄ-ն վերահաստատել է ֆինանսական և տեխնիկական աջակցության միջոցով ՀՀ-ի դիմակայունությանն ու զարգացմանն աջակցելու իր «ամուր հանձնառությունը»։
«Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում, ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը»,- հայտնել են վարչապետի աշխատակազմից։
«Խաղաղության խաչմերուկ»-ը և տարածաշրջանային համագործակցությունը
Առաջնորդներն անդրադարձել են նաև տարածաշրջանի հաղորդակցությունների բացման Երևանի առաջարկին․
«ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միտված տարածաշրջանային կապակցվածությանն ու հաշտեցմանը»։
Ասվում է, որ Անիտոնիու Կոշտան ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը մատնանշել են Հարավային Կովկասում կայունության խթանմանը միտված ՀՀ-ի շարունակական ջանքերը, մասնավորապես՝
- Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածության և
- Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի միջոցով:
Եռակողմ հանդիպման ժամանակ ընդգծվել է նաև Հայաստանը ԵՄ տարածաշրջանային և տնտեսական նախաձեռնություններում, մասնավորապես՝ Սև ծովի ռազմավարության շրջանակներում ներգրավելու հնարավորության կարևորությունը։
Եվրոպացի գործընկերները շնորհակալություն են հայտնել Հայաստանին սերտ համագործակցության և պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար: Վարչապետ Փաշինյանի հետ միասին համաձայնել են շարունակել այդ ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը։
ՀՀ-ԵՄ գործակցություն անվտանգային ոլորտում
Բրյուսելյան հանդիպման ժամանակ առանձնահատուկ տեղ է հատկացվել անվտանգության ոլորտում գործակցությանը։ Կողմերը ողջունել են ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության խորհրդակցությունների մեկնարկն ու ընդգծել «խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմակայունության նկատմամբ համատեղ հանձնառությունը»։
«Անդրադառնալով անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին և միջամտությանը, ապատեղեկատվությանը և կիբեռսպառնալիքներին, ԵՄ-ն առաջարկեց համագործակցել Հայաստանի հետ՝ գնահատելու նրա կարիքները, որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները և կիրառելու ԵՄ առկա գործիքները»,- ասված է հաղորդագրությունում։
Առաջիկայում ՀՀ կայցելի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը
Բրյուսելում վարչապետ Փաշինյանը հանդիպել է նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են ԵՄ ֆինանսական գործիքակազմերով ՀՀ-ում իրականացվող ծրագրերին, տնտեսական գործընկերության խթանմանը վերաբերող հարցեր:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին:
«Մարթա Կոսը ևս մեկ անգամ հայտնել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին և ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Հանձնակատարը նաև նշել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Հայաստան` «ավելի առարկայական քննարկելու համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները»։
Մեկնաբանություն
Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը 1inTV-ի եթերում նկատել է, որ ԵՄ-ն փորձում է Փաշինյանից ստանալ իր հարցերի պատասխանները․
«Եթե Ալիևի թիկունքում կանգնած է Թուրքիան, ամբողջ իսլամական աշխարհը, արաբական աշխարհը, Պակիստանը, ապա Հայաստանի թիկունքին ոչ ոք կանգնած չէ։
Հայաստանը կորցրեց իր նախկին դաշնակիցներին, որոնք պարզվեց ոչ թե դաշնակիցներ են, այլ թշնամիներ, բայց 7 տարվա ընթացքում ձեռք չբերեց որևէ նոր դաշնակից։ Ահա ինչու է Եվրոպան կանչում Հայաստանին։
Սա շատ պարզ բան է, համարյա ֆիզիկայի օրենք։ Եթե որևէ տեղից մի բան պակասում է, ապա այդ տարածքը լցվում է ուրիշ բանով։ Ո՞ր երկիրն է լցնում այս տարածաշրջանը ՌԴ բացակայության դեպքում։ Թուրքիան։
Ինչո՞ւ ենք մենք տարիներ շարունակ պնդում, որ Հայաստանը պետք է դառնա ԵՄ անդամ։ Որովհետև գիտենք՝ ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, Ռուսաստանն անխուսափելիորեն դուրս է մղվելու այստեղից աշխարհաքաղաքական պրոցեսների արդյունքում։
Ո՞վ պետք է լցնի այս տարածքը ուժային, տնտեսական, ռազմական, ռազմաքաղաքական իմաստով։ Իհարկե, հասկանում էինք՝ առաջին թեկնածուն Թուրքիան է լինելու, եթե ՀՀ-ն չմտնի եվրաատլանտյան դաշինք։ Եվ հենց դա է կատարվում։
Բայց հարյուր օր անց այն պահից, ինչ օրենքն ընդունվեց [ՀՀ եվրաինտեգրման մասին] ԱԺ-ում, հայտ ներկայացրին ոչ թե Եվրամիությանը, այլ Շանհայի համագործակցության կազմակերպությանը [ՀՀ-ն անդամակցելու ցանկություն է հայտնել — JAMnews]։
Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը Փաշինյանին հրավիրել են՝ ասելու՝ մենք ուղարկեցինք Կայա Կալասին [ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ], Դուք իրեն ջերմ ընդունեցիք: Իսկ երկու օր հետո Ձեր ԱԳ նախարարը մեկնում է Պեկին և ՀՀ-ն մտցնում շանհայան կառույց։
Հիմա Դուք գնո՞ւմ եք մեն-մենակ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խոսելու, ի՞նչ ունեք Ձեր թիկունքում։ Ի՞նչն է թույլ տալիս վստահ լինել, որ չեք կործանվի։ Այս հարցն է օդում կախված։ Եվ եթե եվրոպական դիվանագիտությունը ուղիղ այդ հարցը չի տալիս Երևանին, մենք պարտավոր ենք տալ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյան-Կոշտա-ֆոն դեր Լայեն հանդիպում Բրյուսելում