Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։ Այդ հանդիպման միջնորդը ԵՄ-ն էր՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի։ Այս անգամ բանակցություններին մասնակցել են Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը։ Հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ։
Եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է 2022 թվականին Ֆրանսիայի նախաձեռնությամբ։ Այն միջկառավարական կազմակերպություն է, որը նախատեսված է «Եվրոպայի ապագայի վերաբերյալ քաղաքական և ռազմավարական քննարկումների համար»։ Համայնքն ընդգրկում է ԵՄ 27 երկիր, Մեծ Բրիտանիան և 19 ոչ ԵՄ երկրներ Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում: Այս տարի գագաթնաժողովին մասնակցել է 47 երկիր։
«Այսօրվա բանակցությունները շատ արդյունավետ էին և լավ նախապատրաստություն էին հուլիսի 21-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման համար»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը՝ այդպիսով հայտնելով հաջորդ բանակցությունների օրը։
Շառլ Միշելը նաև ասել է, որ «կողմերը ինտենսիվ աշխատում են հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ և նախատեսում են այս ձևաչափով հանդիպում [այսինքն՝ Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի մասնակցությամբ] կրկնել Իսպանիայում»։ Եթե այդ բանակցությունները կայանան, խոսքը հոկտեմբերի 5-ին հանդիպելու մասին է։
Հնգակողմ բանակցությունների արդյունքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ակնկալում էր, որ Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպումը կհաստատի այն առաջընթացը, որի մասին նա խոսել էր մայիսին Բրյուսելում կայացած ղեկավարների հանդիպումից հետո.
«Մի քանի շաբաթ առաջ ես հնարավորություն ունեցա Բրյուսելումհանդիպելու Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ։ Մենք որոշակի առաջընթաց գրանցեցինք, և ես հույս ունեմ, որ այս հանդիպումը կդառնա հնարավորություն վերահաստատելու երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը»։
Սակայն հնգակողմ հանդիպումից հետո լրագրողները բանակցությունների մասնակիցներից հայտարարություններ չլսեցին, միջնորդները նույնպես չխոսեցին հաջողության կամ առաջընթացի մասին։
Այս նյութի հրապարակման պահինՀայաստանի վարչապետի աշխատակազմը հայտնեց.
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր»։