Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան չորրորդ հանդիպումը. ի՞նչ է առաջարկում Եվրամիությունը
Փաշինյան-Ալիև բրյուսելյան չորրորդ հանդիպումը
Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չորրորդ հանդիպումը։
Բանակցությունները տևել են մոտ չորս ժամ։ Դրանց ավարտից հետո մասնակիցները շատ արագ հեռացել են։ Ե՛վ Հայաստանի վարչապետը, և՛ Ադրբեջանի նախագահը հրաժարվել են լրագրողների հետ զրուցել հանդիպման արդյունքների մասին։
Այդուհանդերձ, բանակցությունների միջնորդ Շառլ Միշելը արդյունքների մասին հայտարարություն է ներկայացրել լրատվամիջոցներին՝ հակիրճ անդրադառնալով բարձրացված բոլոր թեմաներին։
Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը նախատեսված է նոյեմբերին։
Այս պահին առկա ողջ տեղեկատվությունը, մեկնաբանություններ Երևանից և Բաքվից, ինչպես նաև բրյուսելյան բանակցությունների հանդեպ վերաբերմունքը Ռուսաստանում և ԱՄՆ-ում
Շառլ Միշելի հայտարարությունը
Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է, որ քննարկումները նվիրված են եղել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին և յուրաքանչյուր երկրի՝ ԵՄ-ի հետ ունեցած հարաբերություններին։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որը Միշելը բնորոշել է որպես «բաց և արդյունավետ»։ Նա ընդգծել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական օրակարգի հարցերի ողջ շրջանակը։
Ապա Շառլ Միշելն ուրվագծել է յուրաքանչյուր կետի վերաբերյալ բանակցությունների էությունը։ Ներկայացնում ենք նրա տեքստն առանց կրճատման.
«Խաղաղության համաձայնագիրը
Այսօր մենք պայմանավորվեցինք ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի հաստատմանը նպաստելու համար և հանձնարարեցինք արտգործնախարարներին մեկ ամսվա ընթացքում հանդիպել՝ տեքստի նախագծի վրա աշխատելու համար։
Հումանիտար հարցեր
Մանրամասն քննարկեցինք նաև հումանիտար հարցերը՝ ականազերծում, գերիներ և անհետ կորածների ճակատագիր։ Նախագահ Միշելն Ադրբեջանին ուղղված խոսքում ընդգծել է հայ գերիների ազատ արձակման կարևորությունը։ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այս հարցերով։
Սահմանային խնդիրներ
Մենք գնահատել ենք առաջընթացը սահմանազատման հետ կապված բոլոր հարցերում, ինչպես նաև դիտարկել ենք տարածաշրջանում իրավիճակի կայունացման տարբերակներ։ Մենք պայմանավորվել ենք, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին Բրյուսելում։
Հաղորդակցություններ
Մենք քննարկել ենք տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման մի շարք պայմաններ։ Այս բոլոր քննարկումների կապակցությամբ ուզում եմ ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչության ներգրավումն ու նրանց նախապատրաստումը երկարաժամկետ, կայուն խաղաղության։
Հրապարակային հայտարարություններն այս առումով վճռորոշ են. նման զգայուն իրավիճակում բարձրաձայն հնչող յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսում և կշռադատում է մյուս կողմը: Եվրամիությունը պատրաստ է էլ ավելի մեծացնել իր աջակցությունը երկարաժամկետ, կայուն խաղաղության հաստատման ճանապարհին։ ԵՄ-ն նաև կշարունակի խթանել տնտեսական զարգացումը երկու երկրների բարգավաճման և նրանց բնակչության բարեկեցության համար»:
Տեղեկություններ Երևանից
Հանդիպման ավարտից հետո վարչապետի աշխատակազմը տարածեց հետևյալ հաղորդագրությունը.
«Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում»։
Մինչ վարչապետի Բրյուսել մեկնելը հայկական կողմը մանրամասներ չէր հայտնում բանակցությունների օրակարգի մասին։ Մասնավորապես, ոչ հաստատում, ոչ էլ հերքում էին Բաքվից ստացվող տեղեկությունները։ Խոսքը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարության մասին է, ըստ որի՝ հանդիպմանը քննարկվելու էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստող աշխատանքային խմբի ձևավորման հարցը։
Մեկնաբանություններ Երևանից
Դեռևս Բրյուսելում բանակցությունների մեկնարկից առաջ հայ վերլուծաբանները ենթադրում էին, որ կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը։
«Ադրբեջանի համար այս փուլում ամենակարևոր խնդիրը խաղաղության պայմանագրի օրակարգն է, և Բաքուն փորձելու է այդ հարցում որևէ զիջումներ կորզել Երևանից: Չի կարելի բացառել, որ Երևանը հակված է լինելու գնալ այդպիսի զիջումների, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղում կամ հայ-ադրբեջանական սահմանին ամեն էսկալացիայից հետո Հայաստանի իշխանությունները սովորաբար հակված են լինում զիջումների գնալ»,- ասել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Բանակցություններից առաջ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծիք էր հայտնել, որ նշանակալի բեկում սպասել պետք չէ.
«Կողմերի դիրքորոշումներում չափազանց շատ են արմատապես հակադիր մոտեցումները։ Դժվար է պատկերացնել, որ երկու հանդիպումով հնարավոր լինի ոչ միայն հարթել դրանք, այլև մեկնարկել խաղաղության համաձայնագրի քննարկումը։ Ավելին, բացի բուն կողմերի դիրքորոշումներից, առկա են նաև շահերի բախումներ խոշոր խաղացողների՝ միջնորդների միջև։ Սա ոչ միայն Բրյուսելն ու Մոսկվան են, այլև Վաշինգտոնն ու Մոսկվան։
Ամերիկացի համանախագահի նշանակման համատեքստում ԱՄՆ վերջին հայտարարություններում ասվում է, որ Վաշինգտոնն ունի իր առաջարկները, հիմնական ուղերձներն ուղղված են Բաքվին։ Սա խոսում է այն մասին, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բովանդակային աշխատանք մոտ ապագայում չի նախատեսվում»։
Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ արևմտյան քաղաքական գործիչները ցանկանում են հնարավորինս շուտ լուծել հայ-ադրբեջանական խնդիրը՝ Ադրբեջանին առաջարկելով «բռնել ժողովրդավարության ճանապարհը».
«Այդ դեպքում Արցախի խնդիրը ինքնաբերաբար կցվում է ժողովրդավարական գործընթացներին և դառնում Բաքվի վրա ճնշում գործադրելու լծակ Արևմուտքի ձեռքում։ Հակառակ դեպքում Ադրբեջանը կորցնում է Լեռնային Ղարաբաղը։
Ադրբեջանի ժողովրդավարացման դեպքում Բաքուն չի կարողանա իրականացնել հայերի էթնիկ զտումներ, քանի որ ինքնաբերաբար կհամաձայնի միջազգային ուժերի մուտքին, ինչպես նաև Արցախի այնպիսի կարգավիճակին, որը լիարժեքորեն կերաշխավորի հայերի անվտանգությունը։ Ըստ էության, հենց դա էլ նախատեսված էր 1997 թվականի փաթեթային համաձայնագրով։
Եթե Ադրբեջանը չգնա ժողովրդավարական ճանապարհով, վստահ եմ, որ միջազգային հանրությունը և Արևմուտքը նրան կպարտադրեն Կոսովոյի սցենարը, դրա համար արդեն իսկ իրավական և քաղաքական փաթեթներ են նախապատրաստվում Եվրախորհրդարանում, Մարդու իրավունքների եվրոպական և Հաագայի միջազգային դատարաններում»։
Մեկնաբանություն Բաքվից
Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները մեկնաբանել է JAMnews-ի ադրբեջանական խմբագրության ղեկավար Հուսեյն Իսմայիլբեյլին:
«Եվրամիության միջնորդությամբ այս եռակողմ հանդիպումից առաջ ենթադրություններ կային, որ պաշտոնական Բաքուն ճնշում է գործադրելու հակառակ կողմի վրա՝ իրականացնելու 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթները՝ կապված հաղորդակցությունների բացման հետ, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի։
Բայց, դատելով Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունից, չորս ժամվա ընթացքում հաջողվել է քննարկել հարցերի լայն շրջանակ։ Բայց ոչ ավելին։ Կոնկրետ որոշումների կայացման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ. Այնտեղ սպասվում է նաև սահմանազատման հանձնաժողովների նիստի անցկացում։ Ի դեպ, այդ հանձնաժողովները երեկ հանդիպել էին Մոսկվայում։
Հայտարարության համաձայն՝ արտգործնախարարները պետք է քննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի մանրամասները։ Սա արդեն հետաքրքիր է։
«Մարդասիրական հարցերի» լուծման մասին։ Այնպիսի քայյլերը, ինչպիսիք են պահվող անձանց ազատ արձակումը, սովորաբար տեղի են ունենում նման հանդիպումներից առաջ, ոչ թե հետո: Տեսնենք՝ ինչ կլինի այս դեպքում։ Այս մասին մամուլի համար արված իր հայտարարությունում ակնարկել է Շառլ Միշելը։
Հնարավոր չէ հաշվի չառնել ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ այսօր առավոտյան արած հայտարարությունը։ Ելնելով այն հանգամանքից, որ Ռուսաստանը, որը տարածաշրջանում ներկայացված է իր խաղաղապահ զորախմբով, շարունակում է մնալ ադրբեջանա-հայկական հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդը, Բրյուսելի հանդիպումից ոչ մի կոնկրետ բան սպասել պետք չէ։ Քանի որ Ռուսաստանն արդեն արտահայտել է իր կարծիքը՝ գործնականում զրոյացնելով այս հանդիպման արդյունքները դեռևս դրա մեկնարկից առաջ։
Վերջին երկու տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն՝ այժմ պետք է սպասել Կրեմլի միջնորդությամբ հանդիպման, որից էլ պետք է ակնկալել ավելի գործնական արդյունքներ։ Բայց մինչ այժմ նման հայտարարություն չի եղել»։
ՌԴ-ում բանակցություններն անվանում են «կեղծ նախաձեռնություն», ԱՄՆ-ում աջակցում են երկխոսությանը
Օգոստոսի 31-ին՝ բրյուսելյան հանդիպման օրը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով, սակայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկություն չկա․
«Սրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններ են։ Ավելի շատ նման են միջնորդության դափնիներն անամոթաբար յուրացնելու փորձի։ Մոսկվան ամենաբարձր մակարդակով կենտրոնացած է եռակողմ համաձայնագրերի բոլոր կետերի իրագործման վրա։
Ինչ վերաբերում է այս ուղղությամբ ԵՄ ծրագրերին, ապա ՌԴ ԱԳՆ-ն այս առնչությամբ որևէ տեղեկություն հայ և ադրբեջանցի գործընկերներից չի ստացել։ Ռուսաստանը՝ որպես միջնորդ, աշխատում է, և այդ աշխատանքը բերում է կոնկրետ արդյունքների, որոնք համապատասխան գնահատականի են արժանանում Երևանի և Բաքվի կողմից»։
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունը և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ Լրագրողների այն հարցին, թե ինչ է ակնկալում Պետդեպարտամենտը Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից, նա պատասխանել է․
«Ես կարող եմ կրկնել այն, ինչ մենք ասել ենք նախկինում։ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի առաջխաղացմանը նպաստելուն»:
Փաշինյան-Ալիև բրյուսելյան չորրորդ հանդիպումը