Երկու տեսապատմություն շրջափակված ԼՂ-ում մարդկանց կյանքի մասին
Տեսապատմություններ ԼՂ-ի շրջափակման մասին
Տեսապատմություններ այն մասին, թե ինչպես են շրջափակման պայմաններում ապրում ԼՂ-ի մարդիկ այն պահից սկսած, երբ դեկտեմբերի 12-ին շրջանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհին մեկնարկեց ադրբեջանցիների ակցիան։ Նրանք ներկայանում են որպես բնապահպան ակտիվիստներ և պահանջում տեղի հանքավայրերում մոնիթորինգի իրականացման իրավունք, ինչպես նաև հանդիպում 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո այստեղ տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ։
Ղարաբաղի հայերը փորձում են աշխարհին հասցնել այն, որ արդեն երեք ամիս է, ինչ 120 հազար մարդ ապրում է շրջափակման մեջ, նրանցից 30 հազարը երեխաներ են։ «Լեռնային Ղարաբաղի բնակիչները փաստացի հայտնվել են գերու կարգավիճակում»,- իրավիճակի առնչությամբ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն։
Երկու տեսանյութերում տեղի բնակիչները ներկայացնում են իրենց պատմությունները: Իրավիճակի քաղաքական համատեքստի մասին՝ ստորև
Սովորական ընտանիք անսովոր իրականության մեջ
Տեղի Հանրային հեռուստատեսության լրագրողները JAMnews-ի համար ռեպորտաժ են նկարահանել ԼՂ մայրաքաղաքում ապրող սովորական ընտանիքի կյանքի մասին։
Այն ներկայացնում է Արև Իսրայելյանի ընտանիքը։ Արևի հետ են ապրում որդին, հարսը, երկու թոռները, ընտանիքում նաև համալրում է սպասվում՝ շուտով երրորդ բալիկը կծնվի։
Հունվարի կեսերից ԼՂ-ում որոշ ապրանքներ կտրոններով են վաճառվում՝ շաքարավազը, բրինձը, մակարոնեղենը, բուսական յուղը: Բայց ոչ բոլորը կարող են դրանք գնել, քանի որ շրջափակման պատճառով մի շարք կազմակերպություններ ու ձեռնարկություններ փակվել են, մարդիկ գործազուրկ են դարձել ու աշխատավարձ չեն ստանում։ Նման իրավիճակում է հայտնվել ավելի քան հինգ հազար մարդ, որոնց համար պետական աջակցության ծրագրեր են մեկնարկել։
Արևի ընտանիքը հաջողակների թվում է․ ոչ ինքը, ոչ որդին չեն կորցրել աշխատանքը։ Տղան աշխատում է ավտոտեխսպասարկման կետում։ Շրջափակման օրերին գազն ու լույսն անընդհատ անջատում են, և մայրն անհանգստանում է միայն, որ տղան չմրսի։
Արևի տանը տաք է, որդին կրկին տանը տեղադրել է փայտի վառարանը, որն օգտագործում էին պատերազմի ժամանակ։ Իսկ վառարան չունեցող հարևանները գալիս են նրանց տուն՝ տաքանալու։
Ամբողջ պատմությունը՝ տեսանյութում
«Մունք ուրուր օնինք»․ կյանքը վիրտուալ իրականության մեջ
«Մունք ուրուր օնինք» [ԼՂ բարբառով նշանակում է «Մենք իրար ունենք»]․ այսպես է կոչվում ֆեյսբուքյան խումբը, որը տեղի բնակիչները ստեղծել են շրջափակման ժամանակ։ Այն գոյություն ունի ընդամենը երկու ամիս, բայց այս ընթացքում շատ հայտնի է դարձել: Երբ խանութներն ու դեղատները գրեթե դատարկ էին, և մարդիկ դժվարանում էին լուծել սովորական կենցաղային հարցեր, բոլորին օգնության հասավ այս խումբը։
Դրա մասնակիցները փոխանակվում են տեղեկատվությամբ և մթերք փոխանցում միմյանց։ Էլինա Բալասանյանը խմբի անդամներից մեկն է։ Նա պատմում է, թե ինչպես են օգնում իրեն, ինչպես է ինքը փորձում օգտակար լինել ուրիշներին։
Էլինան ասում է, որ վերջին շրջանում իրավիճակը գնալով ավելի է բարդանում, մարդիկ ելքեր են փնտրում, խմբի անդամների թիվն էլ այդ պատճառով շարունակում է աճել։
Ինչպե՞ս են մարդիկ օգնում միմյանց գոյատևել շրջափակման պայմաններում, գտնել անհրաժեշտ ապրանքներ և փոխանակել նրանց հետ, ովքեր դրա կարիքն ավելի շատ ունեն․ տեսանյութ «Մունք ուրուր օնինք» խմբի մասին
Իրավիճակի քաղաքական համատեքստը
Շրջափակման մեկնարկից ի վեր հաղորդվում է սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի պակասի մասին։ Եթե նախկինում Հայաստանից օրական 400 տոննա սննդամթերք ու դեղորայք էր ուղարկվում այստեղ, ապա այժմ շատ ավելի քիչ մարդասիրական օգնություն է հասնում։
Այն բերվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այստեղ տեղակայված ռուս խաղաղապահների միջնորդությամբ և նրանց մեքենաներով։
Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ շրջափակում չկա, իշխանությունները որևէ կապ չունեն ցուցարարների գործողությունների հետ, իսկ Լաչինի ճանապարհը գտնվում է ոչ թե ադրբեջանական, այլ ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։
«Լաչին-Խանքենդի [Ստեփանակերտ] ճանապարհին շրջափակում չկա։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից այս ճանապարհով անցել է մոտ 980 մեքենա, որից ավելի քան 850-ը պատկանում է ռուս խաղաղապահներին, իսկ ավելի քան 120-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Ղարաբաղում բնակվող մոտ 90 պացիենտներ և բուժօգնության կարիք ունեցող մարդիկ տեղափոխվել են Հայաստան»,— հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանական կողմի պնդումները, թե Լաչինի միջանցքն իրականում բաց է, միանգամայն անհիմն են, ինչի ապացույցն է առնվազն այն, որ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով է թույլատրվում կյանքի վտանգի առաջացման դեպքում սահմանափակ թվով հիվանդների տեղափոխումը Հայաստան։ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առաջ բռնի տեղահանության է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականությունը»,- ի պատասխան հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն։
Տեղացիները պատմում են, որ հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Հայ իրավապաշտպաններն ու բժիշկները պնդում են, որ Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում խախտվել է ԼՂ բնակիչների՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը։
Կարմիր խաչի միջնորդությամբ Հայաստան են տեղափոխվում միայն մասնագիտացված բուժման կարիք ունեցող ծանր հիվանդները, այս ամբողջ ընթացքում ԼՂ-ում պլանային վիրահատություններ չեն իրականացվում։ Տեղի բուժկենտրոնի հիվանդներից մեկը մահացավ ճանապարհի փակվելուց հետո առաջին շաբաթում․ նրան չէր հաջողվել ժամանակին տեղափոխել Հայաստան։
Միջանցքի արգելափակման առաջին իսկ օրերից Հայաստանի կառավարությունը հայտարարում է Ադրբեջանի իշխանությունների և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության մասին։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ Լաչինի ճանապարհով անխոչընդոտ տեղաշարժ ապահովելու պարտավորությունը նրանց է վերապահված՝ համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես և ոչ մեկ անգամ բացահայտ մեղադրել է ռուս խաղաղապահներին անգործության մեջ և հայտարարել, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները։
Միջազգային հանրության արձագանքը
Տարբեր միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Human Rights Watch-ը, Freedom House-ը, Amnesty International-ը կոչ են արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
«Անհապաղ բացել Լաչինի միջանցքը և այսուհետ ձեռնպահ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ կապերի և հաղորդակցության արգելափակումից»,- Բաքվին այս պահանջներն է հասցեագրել Եվրախորհրդարանը ԼՂ շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևում։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց միջանկյալ միջոցների կիրառման մասին Հայաստանի միջնորդությունն ու Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով.
«Ադրբեջանական հանրապետությունը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար»:
Սակայն Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Հայաստանի այն պնդումը, թե Ադրբեջանի իշխանություններն են կազմակերպել և ուղղորդում ակցիան։ Դատարանի որոշման մեջ չկա նաև բողոքի ակցիան դադարեցնելու պահանջ։
Տեսանելի փոփոխություններ դեռ տեղի չեն ունեցել։ Ճանապարհը շարունակում է փակ մնալ։
Նյութը պատրաստվել է Լուրերի փոխանակման ռուսալեզու մեդիացանցի (Медиасеть) աջակցությամբ
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Տեսապատմություններ ԼՂ-ի շրջափակման մասին