Հունիսի 3-ին Վրաստանի ընդդիմադիր յոթ կուսակցություններ ստորագրել են «Վրացական խարտիան», որի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն եվրոպամետ ընդդիմադիր կուսակցությունների միջև։ Խարտիայի մասին առաջին անգամ խոսել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 26-ին՝ Անկախության օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած ելույթում։
Ընդդիմադիր ուժերից «Գիրչի» կուսակցությունը և նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը չեն միացել խարտիային։
«Հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչ Բեկի Լիլուաշվիլիի խոսքով՝ իրենք սատարում և լիովին միանում են խարտիայով նախատեսված բարեփոխումների մի մասին և իրենց վրա են վերցնում այդ բարեփոխումների իրականացմանն աջակցելու քաղաքական պատասխանատվություն, բայց ոչ արտահերթ ընտրությունների անցկացման համար։
Նախաձեռնությանը սատարում է նաև խորհրդարանական «Գիրչի» կուսակցությունը, սակայն չի ստորագրելու խարտիան։
Ի՞նչ է «Վրացական խարտիան»
«Վրացական խարտիան» նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ներկայացված գործողությունների ծրագիր է, որի նպատակն է 2024 թվականի հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համախմբել եվրոպամետ ընդդիմությանը՝ որպես հակակշիռ հակառուսական կառավարությանը։
Եթե համառոտ նկարագրենք նախագահի գաղափարը, ապա այն ունի հետևյալ տեսքը։
Խարտիան ստորագրած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են իրենց համար ցանկալի ձևաչափով։ Խարտիան նրանց ոչ մի բանի չի պարտադրում։
Ընտրություններին մի կողմում լինելու է ներկայիս իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, իսկ մյուս կողմում՝ միացյալ եվրոպամետ ընդդիմությունը։
Ընտրություններին մասնակցողները փաստացի ընտրելու են երկրի արտաքին քաղաքական կուրսը։ Այս ընտրությունները դառնալու են յուրատեսակ հանրաքվե, որի ընթացքում մարդիկ որոշելու են՝ իրենց ձայնը տալ եվրոպամետ ընդդիմադիր կուսակցությունների՞ն, թե՞ ռուսամետ «Վրացական երազանքին»:
Զուրաբիշվիլիի ծրագրի համաձայն՝ ընդդիմությունը կձևավորի ժամանակավոր կառավարություն, որը կաշխատի մի քանի ամիս։ Այս ընթացքում նա կարևոր բարեփոխումներ կիրականացնի երկիրը Եվրոպային մերձեցնելու համար, ինչից հետո կնշանակվեն հերթական խորհրդարանական ընտրությունները։
Խարտիան ստորագրած քաղաքական գործիչների կարծիքով՝ միասնությունն այն է, ինչ հիմա իրենցից ակնկալում է հասարակությունը։
Քաղաքական կուսակցությունների առաջնորդները լսում են Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը նախագահական նստավայրի դիմաց, 2024 թ․ մայիսի 26։ Լուսանկարը՝ նախագահի աշխատակազմի