«Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի եվրոպական ինտեգրման ուղին չպետք է հիշեցնի Ուկրաինայի և Մոլդովայի սցենարները, որոնք, ըստ նրա, ենթադրում են ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից հրաժարում։
Լրագրողների հետ զրույցում Պապուաշվիլին նշել է, որ ԵՄ անդամակցությունը չի կարող ինքնանպատակ լինել, եթե դրա դիմաց երկիրը պետք է հրաժարվի իր տարածքներից, ինքնությունից և քաղաքական անկախությունից։ Նա ընդգծել է, որ Վրաստանը «երբեք չի գնա այն ճանապարհով», որն առաջարկվում է Ուկրաինային և Մոլդովային։
Պապուաշվիլին մեջբերել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի այն հայտարարությունը, որի համաձայն՝ տարածքային հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ Ուկրաինայի ԵՄ անդամակցության գործընթացում։
Նա նաև մատնանշել է Մոլդովայի նախագահի դիրքորոշումը, որը, ըստ Պապուաշվիլիի, երկրի ԵՄ-ին ինտեգրման համատեքստում դիտարկում է Ռումինիայի հետ միավորման հնարավորությունը։
Խորհրդարանի խոսնակի գնահատմամբ՝ նման մոտեցումները ցույց են տալիս, որ ԵՄ անդամակցության հասնելը հաճախ ենթադրում է զգալի քաղաքական զիջումներ։
«Եթե անդամակցությունն ինքնանպատակ է, ապա դա նշանակում է զոհաբերել սեփական ինքնիշխանությունը՝ ընտրություն, որն անընդունելի է Վրաստանի համար»,- ամփոփել է նա։
Պապուաշվիլին նաև քննադատել է Եվրամիության ժողովրդավարական չափանիշները և պնդել, որ միության ինստիտուտները միջամտում են այլ երկրների ներքաղաքական գործընթացներին։
Պապուաշվիլիի մեկնաբանությունը կապված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զեկույցի հետ, որում քննարկվում էր Եվրամիության հնարավոր միջամտությունը տարբեր երկրներում կայանալիք ընտրություններին։
Պաշտոնյայի խոսքով՝ զեկույցը հարցեր է առաջացնում Եվրամիության ժողովրդավարական կերպարի վերաբերյալ։
Խորհրդարանի խոսնակն ասում է՝ Եվրոպական հանձնաժողովն ու այլ քաղաքական խմբեր «համակարգված կերպով միջամտում են» ընտրություններին, այդ թվում՝ Վրաստանում։
Նա նաև հիշեցրել է մի դեպք, որը կապված էր դանիական ֆինանսավորման հետ և վերաբերում էր ՀԿ-ի միջոցով ընտրական գործընթացի վրա ազդելու փորձի։ Պապուաշվիլին ասել է, որ այդ մասին հանրությանը հայտնի դարձավ միայն այն բանից հետո, երբ դանիական լրատվամիջոցները հետաքրքրվեցին և սկանդալ եղավ։