Վրաստանում էկոնոմիկայի նախարարին պաշտոնանկ են արել՝ առանց պատճառաբանելու
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնից ազատել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կոբուլիային։ Նա այդ պաշտոնում մեկ տարի էլ չի անցկացրել։ Կոբուլիան նշանակվել էր 2018 թ-ի հուլիսին։
Ապրիլի 18-ի ուշ երեկոյան ընդունված որոշման մասին լրագրողներին հայտնել է կառավարության վարչակազմի ղեկավար Կախա Կախիշվիլին՝ այդպես էլ չնշելով պատճառները։ Նախարարի հնարավոր ազատման մասին ողջ օրը լուրեր էին տարածում վրացական լրատվամիջոցները։
Մի քանի օր առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ դժգոհ է կառավարության մի քանի անդամի գործունեությունից՝ նրանց անունները չնշելով։
•Ինչո՞ւ է լարին արժեզրկվել, և ի՞նչ է լինելու վրացական արժույթի հետ
•Թքիբուլի․ քաղաք Վրաստանում, որ սովոր է մահվան
«Պոպուլյար» նախարար
Գիորգի Կոբուլիայի անվան հետ է կապված երկու բարեփոխում, որոնք քաղաքացիների մի մասի մոտ դժգոհություն և քաղաքական գործիչների շրջանում սուր դեբատներ էին առաջացրել։
Առաջինը կենսաթոշակային բարեփոխումն էր, որը 40 տարեկանից ցածր քաղաքացիների պարտադիր անցում է նախատեսում կուտակային կենսաթոշակին, ինչն աշխատավարձերից կենսաթոշակային պահումներ է նշանակում։ Երկրորդը բանկային վարկերի տրամադրման սահմանափակում է մտցնում, որի պատճառով շատ քաղաքացիներ զրկվեցին վարկ վերցնելու հնարավորությունից, իսկ շատ ընկերություններ, որոնց բիզնեսը կապված էր վարկով ապրանքի վաճառքի հետ, լուրջ խնդիրներ ունեցան։
Նախարարը հայտնի էր իր արտահայտություններով, որոնք հասարակությունում և քաղաքական գործիչների շրջանում ոչ միանշանակ արձագանք էին առաջացնում։ Ահա հայտնի մեջբերումներից մի քանիսը.
«Եկամուտներն աճում են, մենք տարեցտարի և ամսեամիս ավելի ու ավելի լավ ենք ապրում»։
«Մեզ պետք չեն մարդիկ, որոնք վարկ են վերցնում՝ սառնարան կամ հեռուստացույց գնելու համար և այդ պատճառով հայտնվում սև ցուցակում»։
«Եթե չափազանց շատ արտասահմանյան ներդրումներ կուտակվեն, ինչ-որ պահի արտասահմանցիները կսկսեն դիվիդենդներ շահել, և դա վատ կանդրադառնա մեր տնտեսության վրա»։
«Լարիի տատանումները մեզ հնարավորություն են տալիս էկոնոմիկայի համար անվտանգության բարձիկ ստեղծելու» (ազգային արժույթի հերթական անկումը մեկնաբանելիս)։
Մամուլը նրան հիշում է նաև շնորհիվ երկար արձակուրդների, որոնք նա անցկացնում էր Մոսկվայում (կառավարությունում պաշտոն ստանալուց առաջ Կոբուլիան McKinsey միջազգային խորհրդատվական ընկերության մոսկովյան գրասենյակի ավագ գործընկերն էր)։ Առաջին անգամ նա արձակուրդ գնաց նշանակումից հինգ օր անց, արձակուրդի պատճառով նա բաց թողեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Վրաստան։
Մի քանի շաբաթ անց կողոպտել էին Թբիլիսիի մոտ գտնվող Ցխնեթի ավանի նրա առանձնատունը։ Սակայն Կոբուլիան հրաժարվեց մամուլին մեկնաբանել այդ փաստը՝ նշելով, որ չի մեկնաբանելու իր «անձնական կյանքը»։
Գնահատականներ
Ինչպես ընդդիմությունն, այնպես էլ իշխող կուսակցության անդամները նախարարի պաշտոնանկությունը կապում են նրա հայտարարությունների հետ։
«Կոբուլիայի գլխավոր սխալն այն է, որ նա պետք է իմանա, թե ուր է գնում… Այս կառավարության գործելաոճի պայմաններում, երբ տնտեսությունն ու քաղաքականությունը մեկ մարդ է ստեղծում, այլ ոչ թե նախարարները, նա ձախողման էր դատապարտված։ Բացի այդ, նա շատ անլուրջ հայտարարություններ է արել», — «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանն ասել է ընդդիմադիր «Ազգային շարժման» պատգամավոր Ռոման Գոցիրիձեն։
Նա կարծում է, որ իրականում նրա պաշտոնանկության մասին որոշումը ոչ թե վարչապետն է կայացրել, այլ Բիձինա Իվանիշվիլին։
Տնտեսական քաղաքականության խորհրդարանական կոմիտեի նախագահ Ռոման Կակուլիան նշել էր, որ Կոբուլիան, որը նախարարի պաշտոնն էր զբաղեցրել արտասահմանում երկար տարիներ աշխատելուց հետո, մինչև վերջ չէր պատկերացնում Վրաստանի իրողությունները.
«Նա ստիպված էր այնպիսի հայտարարություններ անել, որոնց իմաստն ինձ համար հասկանալի էր, սակայն հասարակությունը կարող էր դրանք մեկնաբանել տարբեր կերպ։ Իսկ այդպիսի բաները զգուշություն են պահանջում, հատկապես՝ տնտեսությունում»։
Միաժամանակ, նրա խոսքով՝ Կոբուլիան «բավականին կիրթ մարդ է՝ տնտեսական լուրջ գիտելիքներով»։
Կոբուլիայի հրաժարականից հետո նախարարի պաշտոնը զբաղեցնելու է նրա տեղակալ Նաթիա Տուրնավան։