Հանքավայրերում անվտանգության խնդիրները չեն լուծվում տարիներ շարունակ" />

Թկիբուլի. քաղաք Վրաստանում, որը համակերպվել է մահվան հետ

Հանքավայրերում անվտանգության խնդիրները չեն լուծվում տարիներ շարունակ

Այս տեքստը հրապարակվել է 2018 թ. ապրիլի սկզբին, երբ վրացական Տկուբուլի քաղաքում գտնվող Մինդելի հանքավայրում փլուզման հետևանքով վեց հոգի վախճանվեց:

Հունիսի 3-ին Տկիբուլիում կրկին երկու բանվոր զոհվեց, իսկ հունիսի 16-ին առավոտյան նույն Մինդելիի անվան հանքում ՝ պայթյունի հետևանքով զոհվեցին չորս և վիրավորումներ ստացան վեց հանքափոր:

Առաջինն, ինչ աչքի է ընկնում Թկիբուլի՝ Արևմտյան Վրաստանի լեռներում տեղակայված քաղաք, մտնելիս, մեծ տերիկոններն են՝ մշակված ապարի բուրգերը: Ածխահանքերը հիմնական տեղական տեսարժան վայրերն են և տեղացիների համար աշխատանք ապահովող գլխավոր միջոցները: Վերջին տարում Թկիբուլիի հանքավայրերում տեղի ունեցած դժբախ պատահարների հետևանքով, որոնք այստեղ մնացել են դեռևս խորհրդային տարիներից, 11 մարդ է զոհվել: Նախկինում այդ ժամանակահատվածում այդքան հանքափոր չէր զոհվել դեռ: Այնուամենայնիվ, ոչ ոք չի հրաժարվում այդ ռիսկային, կյանքի համար վտանգավոր աշխատանքից: Միակ այլընտրանքն այլ քաղաքներում կամ արտասահմանում աշխատանք փնտրելն է:

«Ողջ քաղաքն արտասվում էր»

Ապրիլի 5-ին առավոտյան ժամը 5-ին Մինդելիի անվան հանքավայրի մերձակայքում գտնվող տների բնակիչներին ուժեղ աղմուկ արթնացրեց:

Երիտասարդ հանքափոր Իրակլի Կիրկիտաձեն այդ օրն աշխատում էր 4-րդ հերթափոխում: Նա հիշում է, որ հարվածային ալիքն իրեն երեք մետրանոց բարձրությունից ցած նետեց 15 մետր հեռավորության վրա: «Ես ուժերս հավաքեցի, հասա հեռախոսին և զանգահարեցի դիսպետչերին, որ օգնություն կանչի», — հիշում է Իրակլին:

Այդ գիշեր հանքում 6 հանքափոր զոհվեց: Զոհվածների մարմինները հանքից դուրս բերեցին առավոտյան 11-ին: Նրանցից ամենաերիտասարդը՝ Պավլե Գամեզարդաշվիլին, 25 տարեկան էր:

Մինդելիի անվան հանքավայրի մուտքը, որտեղ ապրիլի 5-ին 6 հանքափոր զոհվեց: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

«Ողջ քաղաքն էր այստեղ հավաքվել: Բոլորի աչքին արտասուք կար», – պատմում է արհմիության ակտիվիստ Գագա Իսակաձեն:

Վթարի պատճառը դեռ անհայտ է: Պաշտոնական վարկածն այսպես կոչված «լեռնային հարվածն» է՝ մշակման ժամանակ ապարի շերտի փլուզումը: Սակայն հանքափորներից ոմանք այդ վարկածը հերքում են: «Լեռնային հարվածը հետք կթողներ, թունելը կփլվեր, բայց դա այդպես չէ: Սակայն այդ վարկածը բոլորի համար շահեկան է պատասխանատվությունից խուսափելու համար», – մեզ հետ զրույցում ասաց հանքափորներից մեկը:

Պավլե Գամեզարդաշվիլին ապրիլի 5-ին աշխատում էր չորրորդ հերթափոխում: Առավոտյան նրան պետք է եղբայրը փոխարիներ՝ Միրզան: Գամեզարդաշվիլի երրորդ եղբայրը նույնպես հանքափոր է: Իսկ նրանց հայրը՝ Գուրամ Գամեզարդաշվիլին, հանքում է աշխատել 20 տարի մինչև վնասվածք ստանալը:

Հենց հոր վնասվածքից հետո է 18-ամյա Պավլեն որոշել թողնել դպրոցն ու հանքափոր դառնալ՝ ընտանիքին օգնելու համար: Այնպես, ինչպես և Թկիբուլիի շատ բնակիչներ, նա իր ապագան հանքի հետ էր կապում. ընդունվել է տեղի մասնագիտական ուսումնարան և ուսումն ավարտելուց հետո պատրաստվում էր հերթափոխի պետ դառնալ:

Ապրիլի 5-ին զոհված մյուս հանքափորները 28-60 տարեկան էին: Նրանցից շատերն ընտանիքի միակ կերակրողն էին:

Հանքերն ու քաղաքը

Թկիբուլին գտնվում է Թբիլիսիից 230 կմ դեպի արևմուտք: Խորհրդային տարիներին Աբխազիայի Թկվարչելի քաղաքին զուգահեռ Թկիբուլին Վրաստանում քարածխի արդյունահանման կենտրոնն էր: Ածխի արդյունահանումն այստեղ սկսվել է դեռևս 19-րդ դարում: Խորհրդային տարիներին այստեղ 4 հանքավայր կար: Ինչպես հիշում են տեղացիները, կյանքն այն ժամանակ եռում էր. հանքերից բացի քաղաքում աշխատում էին նաև լիմոնադի արտադրության ֆաբրիկա, կարի արհեստանոցներ և շատ այլ ձեռնարկություններ, որոնք բնակիչների համար աշխատանք էին ապահովում:

Թկիբուլի, Վրաստան, 2018թ-ի ապրիլ: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

ԽՍՀՄ փլուզումից հետո հանքերը կանգնեցին, և աշխատանքը վերագործարկվեց միայն 2006թ-ին: 4 հանքերից միայն երկուսը մնացին՝ Մինդելիի և Ձիձիգուրիի անվան հանքերը: Դրանք պատկանում են «Սակնախշիրի» ընկերությանը, որը մտնում է «Վրացական ինդուստրիալ խումբ» հոլդինգի մեջ:

Եվ այդ երկու հանքերն աշխատում են նվազագույն ծանրաբեռնվածությամբ՝ ի տարբերություն խորհրդային տարիների: Սակայն նույնիսկ այդ ոչ մեծ շրջանառությունը զգալի թեթևություն է քաղաքի համար, որն, ինչպես և Վրաստանի այլ շրջանները, տառապում է քրոնիկական գործազրկությունից: Հանքերը մինչև 1500 աշխատատեղ են ստեղծում, և շատերը հնարավորություն են ստացել ընտանիքի համար գումար վաստակելու:

Տարեցտարի քաղաքը դատարկվում է. ԽՍՀՄ տարիների 22 հազար բնակչից 2014թ-ին այստեղ, ըստ մարդահամարի տվյալների, 10 հազարից պակաս մարդ է մնացել: Դա երևում է նաև անզեն աչքով. փողոցներում ակնառու կերպով շատ քիչ են անցորդներն ու մեքենաները: Շենքերի շատ բնակարաններ անբնակ են, շատ պատուհաններ՝ առանց ապակիների: Եկեղեցուց զատ որևէ այլ նոր կառույց չի երևում: Շատ հին կառույցներ էլ ամայի են:

Թկիբուլի, Վրաստան, 2018թ-ի ապրիլ: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Միջին տարիքի մի տղամարդ, որի անունը Դաթո է, տաքսու ղեկին հաճախորդ էր սպասում քաղաքի միակ սրճարանի մոտ, որն ավելի շատ նման էր խորհրդային ճաշարանի: Նա նույնպես որպես հանքափոր է աշխատում: Տաքսին նրա համար լրացուցիչ եկամուտ է:

Նա պատմում է, թե որքան լավ էին ապրում տեղացի հանքափորները ԽՍՀՄ տարիներին: «Ստալինի ժամանակ հանքափորներին պատերազմ չէին տանում: ԽՍՀՄ ժամանակահատվածում թոշակի էին անցնում 50 տարեկանում, իսկ հիմա 65 տարեկաններն էլ են աշխատում: Գիշերային հերթափոխում աշխատելու համար ավելի շատ էին վճարում, 13-րդ աշխատավարձ, պարգևավճարներ կային: Այն ժամանակ աշխատանքի գինը գիտեին», – ասում է Դաթոն:

Կարծես, ԽՍՀՄ հանդեպ կարոտախտը համընդհանուր է հանքափորների քաղաքի ավագ սերնդի բոլոր ներկայացուցիչների համար:

Լիզի Չելիձեն և Սաբա Գաբրիչիձեն չեն հիշում ԽՍՀՄ-ը: Նրանք 10-րդ դասարանում են սովորում և հայրենի քաղաքում ապագա չեն տեսնում: Լիզին պատրաստվում է ընդունվել բիզնես վարչարարության, իսկ Սաբան՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: «Մենք սիրում ենք մեր քաղաքն ու մարդկանց, այստեղ ենք ծնվել և մեծացել, սակայն այստեղ ապրելը շատ ձանձրալի է», – բացատրում է Լիզին:

«Վաղը ես կարող եմ չվերադառնալ»

Գլխավորն, ինչով Թկիբուլի քաղաքը հայտնի է Google-ում տարբեր լեզուներով, վթարներն ու հանքերում տեղի ունեցող դժբախտ պատահարներն են:

2007-2008թթ-ին արտադրական վնասվածքների պատճառով քաղաքում 32 մարդ է մահացել, նրանցից 11-ը՝ վերջին տարվա ընթացքում:

Յուրաքանչյուր դժբախտ պատահարից հետո միևնույն բանն է տեղի ունենում. սոցցանցերում և լրատվամիջոցներում բազմաթիվ հաղորդագրություններ են տարածվում այն մասին, որ հանքափորներն աշխատում են անվտանգության նորմերի խախտման պայմաններում: Իրավապաշտպաններն ու արհմիություններն ահազանգում են, ուսանողական շարժումներն ակցիաներ են սկսում և իշխանություններից ու ընկերություններից պահանջում ապահովել աշխատակիցների անվտանգությունը:

Սակայն տարեցտարի գրեթե ոչինչ չի փոխվում:

Հանքափորներին փրկելու ինստրուկցիա Թկիբուլիի մասնագիտական ուսումնարանում: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Վերջին զանգվածային ելույթները Թկիբուլիում տեղի են ունեցել 2016թ-ին: Ավելի քան հազար ցուցարար հանքափոր պահանջում էր աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում:

Հանքափորները պատմում էին, որ ամեն օր տասնյակ կիլոմետրեր են անցնում գետնի տակով 9-հարկանի տան բարձրությանը հավասար խորության վրա: Եվ հաճախ համազգեստի, սննդի և լոգարանների խնդիրներ են ունենում: Ոմանք նույնիսկ պնդում էին, որ ղեկավարությունը հերթափոխի ընթացքում դրսից մուտքը կողփեքով փակում է:

Անցյալ տարվա գործադուլն ավարտվեց 5-7%-ով աշխատավարձերի բարձրացմամբ: Հանքափորներն, ում համար այդ աշխատանքն ընտանիքը կերակրելու միակ հնարավորւթյունն է, վերադարձան աշախտանքի: Այժմ հանքերում միջին աշխատավարձը մոտ 800 լարի է (330 դոլար): Թեև որոշ ուղղվածության աշխատողներ ստանում են ընդամենը 350 լարի (մոտ 150 դոլար):

Գործադուլից հետո ընկերությունը հանքերում փոխեց  ճոպանները, շղթաներն ու ռելսուղիները: «Արեցին միայն այն, ինչն անզեն աչքով երևում էր և համեմատաբար թանկ չէր: Սակայն իրականում աշխատողների անվտանգությունը չբարելավվեց», – մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի մետալուրգիայի, լեռնային քիմիական արդյունաբերության աշխատակիցների արհմիության նախագահ Թամազ Դոլաբերիձեն:

Որպես անվտանգության միջոցներին չհետևելու օրինակ նա նշեց մեթանի պայթյունից հանքափորների մահվան դեպքերը: Դոլաբերիձեն կարծում է, որ դրանից կարելի էր խուսափել, եթե հանքերում կարգավորված լիներ մեթանի և ածխաթթու գազի չափումը:

Որպես ևս մեկ խնդիր արհմիության ղեկավարը նշում է աշխատանքային ժամանակացույցն ու աշխատավարձերի տրման համակարգը. և՛ հանքափորները, և՛ ղեկավարությունը փորձում են, որքան հնարավոր է, կարճ ժամկետներում, որքան հնարավոր է, շատ ածուխ արդյունահանեն, ինչը հաճախ բարձրացնում է ռիսկերը:

Վրաստանի աշխատանքային պայմանների տեսչության դեպարտամենտը, որը ստեղծվել է առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությանը կից 2015թ-ին, ստուգումներ էր անցկացրել Ձիձիգուրիի և Մինդելիի անվան հանքերում 2016 և 2017թթ-ին:

Գերատեսչության եզրակացության համաձայն՝ հանքափորներն այդտեղ աշխատում են կյանքի և առողջության համար ռիսկի պայմաններում:

««Սակնախշիրի» ընկերությանը պատկանող ձեռնարկությունում աշխատողները գտնվում են նրանց արժանապատվությունը ոտնահարող միջավայրում և իրենց պարտականությունները կատարում են վախի գործոնի ազդեցության տակ և էքստրեմալ պայմաններում», – ասված էր տեսչության հաշվետվությունում:

Մասնավորապես, վագոնիկների արգելակման համար տախտակներ են օգտագործվում, թունելներում վնասված են կամարները, որոնք կարող են փլուզվել ցանկացած պահի, ցանկապատված չեն այն վայրերը, որտեղից հնարավոր է ընկնել: Բացի այդ, տեսչությունը հայտնաբերել էր, որ բարձրավոլտ էլեկտրական ենթակայանում մարդիկ աշխատում են առանց սաղավարտների, ձեռնոցների և ռետինե կոշիկների: Թունելներից մեկը նույնիսկ, պարզվել էր, կղանքով լի է եղել, ինչը համաճարակի ռիսկ էր ստեղծում: Հանքափորներից շատերը լսողության խնդիրներ ունեն, քանի որ պաշտպանիչ հարմարանքներ չեն օգտագործվում:

Սակայն, ըստ օրենքի, աշխատանքային տեսչությունը լիազորված է միայն ստուգել աշխատակիցների աշխատանքային պայմաններն ու խորհուրդներ մշակել: Ինչ-որ բան փոխել կամ տուգանքներ նշանակել նա չի կարող:

Հանքափորները խնդիրների մասին մեզ հետ զրույցներում առավելագույնս զուսպ են թվում: Նրանք խնդրել են մեզ իրենց անունները չնշել: «Բաթումում հինգաստղանի հյուրանոց այրվեց, որտեղ ամեն ինչ պետք է բարձր մակարդակով արված լիներ, 11 մարդ զոհվեց («Լեոգրանդ» հյուրանոցի հրդեհը նախորդ տարվա նոյեմբերին – խմբ.): Զարմանալի ի՞նչ կա, որ 60 տարվա հանքում նման բաներ են տեղի ունենում», – ասաց նրանցից մեկը:

«Ես շատ լավ գիտեմ, որ եթե վաղը հանք իջնեմ, կարող եմ այնտեղից չվերադառնալ: Ես գիտակցում եմ այդ ռիսկը, սակայն դրան համապատասխան վարձավճար եմ պահանջում», – ասում է մյուսը:

Նախկին հանրակացարանի շենքը Թկիբուլիում, որտեղ ապրում են հանքափորների ընտանիքները: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Լինա Գվինիանիձեն Ուսուցման և մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոն ոչ կառավարական կազմակերպության սոցիալական իրավունքների ծրագրի տնօրենն է: Նա ասում է, որ հանքափորներից շատերը նույնիսկ տեղեկություն չունեն անվտանգության ժամանակակից չափանիշների մասին, այդ պատճառով էլ ներկայիս իրավիճակը բնական են համարում: Բացի այդ, մարդիկ վախենում են կորցնել միակ աշխատանքն ու ձգտում են խնդիրների մասին չխոսել:

Ոչ կառավարական կազմակերպությունը հատուկ նամակ էր գրել հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հաննին Վրաստանում աշխատավայրերի անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

Եվ պատասխան էր ստացել, որում եվրահանձնակատարը հաղորդում էր, որ Եվրամիությունը տեղյակ է Վրաստանում տիրող իրավիճակի մասին և երկրի իշխանություններից պահանջում է փոխել աշխատանքային օրենսդրությունը:

«Վրաստանում կիրառվող  ներկայիս պրակտիկան, ինչպես նաև աշխատանքային անվտանգության մասին օրենքը չեն համապատասխանում այն պարտավորություններին որոնք Վրաստանը ստանձնել է (ԵՄ հետ ասոցացման պայմանագրի շրջանակում – խմբ.), և որոնք նախատեսում են ԵՄ չափանիշներին Վրաստանի օրենսդրության նմանեցում», – ասված էր նամակում:

«Սակնախշիրի» ընկերությունում հայտարարում են, որ 2017թ-ի երկրորդ կեսից շատ բան է արվել ձեռնարկության ամբողջական տեխնիկական վերազինման համար, ինչը պետք է բարձրացնի անվտանգության մակարդակը:

Ընկերությունը հայտարարում է, որ նա պատասխանատվությունից չի հեռանում. միշտ ամբողջությամբ վճարում է տուժածների բուժման, զոհվածների թաղման ծախսերն, ինչպես նաև ապահովում է նրանց երեխաներին աշխատանքով և հոգում կրթության ծախսերը

Թկիբուլի, Վրաստան, 2018թ-ի ապրիլ: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Այլընտրանքը՝ հեռանալ

30-ամյա հանքափոր Չիորա Կիրկիտաձեն Վրաստան է եկել մի քանի օրով՝ ապրիլի 5-ին զոհված հարեղբոր թաղմանը և նույն փլուզման ժամանակ վիրավորված եղբորը տեսակցելու: Հետո նա կվերադառնա Լեհաստան, որտեղ մի քանի ամիս առաջ հանքում աշխատանքի է տեղավորվել: Մինչ այդ նա աշխատել է Թկիբուլիի հանքում 11 տարի:

«Երբ Լեհաստանի իմ պետերն իմացան, որ հանքավայրում հորեղբայրս է մահացել և եղբայրս է վիրավորվել, նրանք ինձ համար տոմս գնեցին և Վրաստան ուղարկեցին ինձ», – պատմում է Չիորան:

Նոր աշխատավայրի պայմաններից նա շատ գոհ է. աշխատավարձը մոտ 1000 եվրո է, ինչպես նաև առանձին վճարվում է բնակարանի և սննդի գումար: Հանքավայրում նա 6 ժամ է աշխատում, ճանապարհը հաշվի առնելով՝ 8:

Չիորան ասում է, որ Լեհաստանի հանքերում անվտանգության պայմաններն ու տեխնոլոգիաները Վրաստանի պայմաններից տարբերվում են ինչպես սարերն ու ձորերը: «Այնտեղ ես ինձ մարդ զգացի: Այստեղ՝ մեզ մոտ, մարդու կյանքը մի վագոն ածուխ չարժե», – ասում է նա:

Չիորան արդեն չի վախենում աշխատանքը կորցնել, այդ պատճառով էլ Թկիբուլիի հանքերում տիրող իրավիճակի մասին ավելի մեծ քաջությամբ է խոսում. «Երբ ասում էին, որ աշխատանքային տեսչությունը մեզ կօգնի, դրանք հեքիաթներ էին: Պատահել է, որ աշխատանքային տեսչությունից նախօրոք զանգահարել են, և ընկերությունը ցայտնոտի մեջ է ընկել, սկսել է պատրատսվել, տախտակներով ծածկել այն վայրերը, որտեղ, ըստ կանոնների, չի կարելի մտնել… Իսկ հենց տեսչությունը հեռացել է, հանել են տախտակներն ու կրկին մեզ ուղարկել վտանգավոր վայրերում աշխատելու: Չգնաս՝ աշխատանքից կազատեն»:

Չիորան չի պատրաստվում տուն վերադառնալ, քանի որ հայրենի քաղաքում բարեփոխումներին չի հավատում:

«Չեմ ուզում, որ երեխաներս էլ այդպես տանջվեն: Իսկ մենք ամեն ինչին ենք սովորել: Երբ առաջին անգամ մարդ մահացավ, բոլորը սգում էին: Հիմա արդեն համակերպվել են», – ասում է Չիորան:

«Մեդիացանցերի» աջակցությամբ

Կարդալ ավելին JAMnews-ում