Վրաստանն արտասահմանցի զբոսաշրջիկների է սպասում հուլիսի 1–ից
Մայիսի 11–ից կրկին բացվելու է Թբիլիսիի մուտքն ու ելքը․ քաղաքը փակ էր, ապրիլի 15–ից այստեղ կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտին էր հայտարարված։ Այժմ կառավարությունը հայտարարել է երկրում կարանտինային միջոցները մեղմելու մասին։
Մայիսի 7–ի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 615 դեպք։ Կարանտինային ռեժիմի մեջ է 5002 մարդ, հիվանդանոցային վերահսկողության տակ՝ 485 մարդ։ Կորոնավիրուսով վարակվածներից 275–ն ապաքինվել է, 9–ը՝ մահացել։
● Մայիսի 14–ից բացվելու են Ռուսթավի և Գարդաբանի քաղաքները։
● Մայիսի 18–ից կբացվի Մառնեուլին, որտեղ մարտի 23–ից խիստ կարանտին է գործում։
Պարետային ժամը դեռ ուժի մեջ է՝ 21:00–ից մինչև 06:00–ն արգելված է տեղաշարժվել Վրաստանի ողջ տարածքում։
Բացի այդ, մայիսի 11–ից Վրաստանում ևս մի քանի սահմանափակում է չեղարկվելու․
● աշխատանքը կվերսկսեն բոլոր տեսակի արտադրությունները;
● բացվելու են մանրածախ և մեծածախ խանութների բոլոր տեսակները, որոնք փողոցի կողմից մուտք ունեն՝ բացառությամբ կոշիկի և հագուստի վաճառքով զբաղվողների։
Սահմանափակումների չեղարկումը չի տարածվում մեծ առևտրի կենտրոնների վրա․ դրանք ևս դեռ փակ են լինելու։
● Հունիսի 15–ից Վրաստանում բացվում է ներքին զբոսաշրջությունը։
● Հուլիսի 1–ից Վրաստանը բացվելու է արտասահմանյան զբոսաշրջիկների համար։
- Կորոնավիրուս՝ չինական Ուհանի լաբորատորիայի՞ց։ Ինչի՞ համար է Արևմուտքը մեղադրում Չինաստանին
- Վրաստանն ու կորոնավիրուսը․ հաջողությո՞ւն, թե՞ բախտ
- «Դառնալ ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը»։ Վրացի փորձագետները՝ տնտեսական ճգնաժամից ելքի ուղիների մասին
- Վրաստան․ ի՞նչ է լինելու զբոսաշրջության հետ
Ըստ վարչապետ Գիորգի Գախարիայի՝ Վրաստանն առաջին երկրներից մեկն է լինելու, որն իր սահմանները բացելու է և արտասահմանյան զբոսաշրջիկներ է ընդունելու։
«Այսօր, երբ Զբոսաշրջության զարգացման համաշխարհային կազմակերպությունը չափանիշներ է մշակում այն բանի համար, թե, օրինակ, ինչպես պետք է զբոսաշրջությունը բացվի եվրոպական երկրներում, մենք վաղ փուլում որոշում ենք կայացրել և հյուրանոցները վերածել կարանտինային գոտիների։ Դա մեզ մեծ փորձ և մրցակցային առավելություն է տվել․ Վրաստանն արդեն փորձ կունենա, թե ինչպես սպասարկել բարձր ռիսկով անձանց», — ասել է Գախարիան։
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում հաստատվել է 2020 թ–ի փետրվարի 26–ին։ Մարտի 21–ին Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 31–ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ։ Վրաստանի չորս խոշոր քաղաքներ Թբիլիսին, Քութայիսին, Բաթումն ու Ռոսթավին փակվել են ապրիլի 15–ից։ Բաթում և Քութայիսի մեկնելու սահմանափակումները չեղարկվել են մայիսի 5–ին։