Վրաստանի նոր նախագահն ավելի աղքատ կլինի։ Մանրամասներ՝ երդմնակալության և նոր նստավայրի մասին
Հաջորդ տարի Վրաստանի նախագահի աշխատակազմը 3,8 մլն լարիով [ավելի քան $1,4 մլն) ավելի քիչ գումար կստանա։
Վրաստանի 2019թ-ի բյուջեի նախագծի համաձայն՝ հենց այդքանով կկրճատվի վարչակազմի ֆինանսավորումը։
• Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նոր նախագահը
• «Վրացական երազանքի» Սահմանադրությունը
• Դուրս կանե՞ն արդյոք նախագահին
Սա միակ փոփոխությունը չէ, որը վերաբերելու է նախագահի ֆինանսներին։
Բացի այդ, վարչակազմը կազատվի իր աշխատակիցների ավելի քան կեսից։ Եթե նրանք հիմա 140 հոգի են, ապա նոր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմում կլինի 60 աշխատակից։
Եվս մեկ նորարություն․ ամբողջապես լուծարվել է նախագահական հիմնադրամը։
Յուրաքանչյուր տարի նախագահական հիմնադրամ բյուջեից փոխանցվում էր հինգ միլիոն լարի [մոտ $1,9 մլն]։ Հիմնադրամից ֆինանսավորվում էին, օրինակ, արևմտյան բուհերում սովորող վրացի ուսանողների կրթաթոշակները։ Այժմ ուսանողներին ուրախացնելու հնարավորություն նախագահն էլ չի ունենա։
Ե՞րբ է լինելու երդմնակալության արարողությունը
Ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունը կկայանա դեկտեբերի 16-ին՝ ընտրություններից հետո երրորդ կիրակի, ինչպես և նախատեսված է օրենքով։
Սակայն դեռ հայտնի չէ արարողության անցկացման վայրը։
Ռուսթավի-2-ի տեղեկատվության համաձայն՝ երդմնակալությունը հավանաբար կկայանա Թելավիում [քաղաք Արևելյան Վրաստանում՝ Կախեթիի շրջանում] Էրեկլե թագավորի պալատում։ Եթե լուրը ճիշտ է, ապա դա կլինի առաջին դեպքը, երբ երդմնակալությունը մայրաքաղաքում չի անցկացվում։
Զուրաբիշվիլիի նախորդը՝ Գիորգի Մարգվելաշվիլին, ինչպես և Վրաստանի մյուս նախագահները երդվում էին Թբիլիսիի խորհրդարանի շենքում։ Այնտեղ էլ հենց բակում անցկացվում էր նորընտիր նախագահի պաշտոնի ստանձման արարողությունը։
Առաջին տարբերակը․ Վրաստանի գործող նախագահի նստավայրը Թբիլիսիի Հավլաբար թաղամասում։
Երկրորդ տարբերակ․ արարողություն Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի բակում, որտեղ 2013թ-ին կայացել է չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը։
Invalid slider ID or alias.
Ո՞րտեղ է աշխատելու նախագահը
Նոր նախագահի նստավայրը նույնպես այլ վայրում կլինի։
Զուրաբիշվիլին հրաժարվել է աշխատել Հավլաբարում (Թբիլիսիի թաղամաս) գտնվող նախգահականում, որը կառուցվել է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին։
Զուրաբիշվիլին աշխատելու է Ատոնելի փողոցում գտնվող նստավայրում։ Առանձնատան շենքում, որտեղ կտեղավորվի հինգերորդ նախագահի վարչակազմը, հիմա վերանորոգում է, իսկ փողոցում ճանապարհային աշխատանքներ են կատարվում։
Ընդհանրապես, «Վրացական երազանքի» ղեկավարները վաղուց են «պայքարում» Հավլաբարի նստավայրի դեմ։
Այն նախկին վարչապետ և երկրի փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի և նախագահ Մարգվելաշվիլիի միջև հարաբերություններում լարվածության առաջացման հստակ պատճառներից մեկն էր։
Չնայած նախնական մերժմանն՝ ընտրվելուց հետո նախագահ Մարգվելաշվիլին այնուամենայնիվ տեղափոխվեց Հավլաբարի նստավայր՝ այդ քայլով վերջնականապես իր դեմ տրամադրելով Իվանիշվիլիին։
Իվանիշվիլիի համար, որը ոչ միայն անձամբ Սաակաշվիլիին չի ընկալում, այլև նրա կառուցած շենքերը, Մարգվելաշվիլիի որոշումը դավաճանության էր հավասար։
Զուրաբիշվիլին ակնհայտորեն տրամադրված չէ հակամարտել նախկին վարչապետի հետ, որն այժմ կառավարում է երկիրը կուլիսների հետևից։
Զուրաբիշվիլին՝ Մարգվելաշվիլիի հյուր
Սակայն մեկ անգամ Զուրաբիշվիլին, այնուամենյանիվ, ստիպված էր այցելել նստավայրը։
Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվեկաշվիլին հանդիպեց ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որը Հավլաբարի նստավայր էր ժամանել դեկտեմբերի 3-ին։
Ինչպես հաղորդել է Սալոմե Զուրաբիշվիլին, հանդիպմանը քննարկվել են երդմնակալության արարողության և գործերի փոխանցման հետ կապված հարցեր։
Պետք է նշել, որ 18 րոպե տևած հանդիպումն իրականում պատմական էր․ Վրաստանի անկախության 27 տարվա ընթացքում դեռ չէր եղել դեպք, երբ նորընտիր նախագահն ու գործող նախագահը հանդիպեին միմյանց կառուցողական և աշխատանքային մթնոլորտում։
Հանդիպելու նախաձեռնությամբ էր հանդես եկել Մարգվելաշվիլին երկրորդ փուլի արդյունքները հայտարարելուց հետո։