«Նոր Սահմանադրությունը ժամանակավոր է, այն գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ «Վրացական երազանքն» իշխանության կլինի», - ասում են փորձագետները" />

«Վրացական երազանքի» Սահմանադրությունը

«Նոր Սահմանադրությունը ժամանակավոր է, այն գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ «Վրացական երազանքն» իշխանության կլինի», - ասում են փորձագետները


Լուսանկարում՝ «Վրացական երազանքի» կողմնակիցներն են խորհրդարանական ընտրություններից հետո: 08.10.2016: REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Իններորդ գումարման խորհրդարանն աշնանային նստաշրջանին քվեարկության կդնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի արդյունքում Վրաստանը նոր Սահմանադրություն կունենա: Նախագիծն արդեն հաստատվել է երկու ընթերցմամբ: Այն, որ այդ վիճելի փաստաթղթում զգալի փոփոխություններ կմտցվեն, արդեն ոչ ոք չի սպասում:

«Սա պատմական որոշում է, – ասում է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, – մենք փոխարինում ենք ծայրահեղ ոչ կատարյալ Սահմանադրությունը նոր, եվրոպական տեսակի Սահմանադրությամբ»:

Նոր Սահմանադրությունում իրոք շատ են այնպիսի փոփոխությունները, որոնցով շատ երկրներ կհպարտանային: Օրինակ, անցումային դրույթներում ամրագրված է, որ սահմանադրական մարմինները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի ապահովեն Վրաստանի ինտեգրացիան Եվրամիությանն և Հյուսիսատլանտյան դաշինքին:

Սահմանադրությունում գրառում կհայտնվի, որի համաձայն՝ համացանցի ազատ օգտագործումը մարդու սահմանադրորեն երաշխավորված իրավունք է: Այնպիսին, ինչպես արդար դատավարության իրավունքը:

Նույնպես կերաշխավորվի որակյալ բժշկական սպասարկման քաղաքացիների իրավունքը:

Բացի այդ, կան նաև այլ փոփոխություններ, որոնք, ըստ էության, առանձնապես վեճեր չեն առաջացնում: Օրինակ, պատգամավորության թեկնածուների նվազագույն տարիքային շեմը 21-ից բարձրացվել է 25-ի, իսկ նախագահության թեկնածուներինը՝ 35-ից դարձել 40:

Սակայն, ինչպես պնդում է ընդդիմությունը, դրանք մանրուքներ են, որոնք քաղաքական դեբատներում որպես փաստարկ օգտագործում է իշխանությունը, որպեսզի շեղի ուշադրությունն ավելի կարևոր հիմնարար փոփոխություններից:

Գլխավորն, ինչի շուրջ իշխանություններն ու քաղաքական կուսակցությունները չեն կարողացել համաձայնության գալ և ինչը քննադատում է Վենետիկի հանձնաժողովը, խորհրդարանական ընտրությունների կարգն ու կանոնները, նախագահի ընտրությունն է:

Ընտրական համակարգը

Այսօր Վրաստանում իրոք խառը ընտրական համակարգ է. խորհրդարանում 150 տեղ կա, 77 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով, 73-ը՝ մեծամասնական:

Քաղաքական կուսակցություններն ու ոչ կառավարական կազմակերպությունները կարծում են, որ այդպիսի համակարգը չի նպաստում մրցակցային ընտրական միջավայրի ստեղծմանն ու հաճախ ձեռնտու է այն ուժերին, որոնք արդարացիորեն խորհրդարանում անելու բան չունեն: Դա հաստատվել է վերջին ընտրությունների ընթացքում. իշխող «Վրացական երազանքին» չի սատարել անգամ ընտրողների կեսը (կուսակցությունը 48 տոկոս է հավաքել), սակայն մեծամասնական պատգամավորների հաշվին կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն է ստացել և 150 պատգամավորական մանդատից ստացել 115-ը:

Քաղաքական կուսակցություններն ու ոչ կառավարական կազմակերպությունները բավականին վաղուց են պահանջում չեղարկել մեծամասնական ընտրություններն ու ամբողջությամբ անցում կատարել համամասնական համակարգի: Դա էր պահանջում նաև «Վրացական երազանքը», ընդդիմություն եղած ժամանակ, չնայած որ իշխանության գալուց հետո նա փոխեց այդ հարցի հանդեպ մոտեցումը: Ինչպես ցույց է տալիս փորձը, իշխող քաղաքական ուժին լիովին ձեռնտու են մեծամասնական ընտրությունները. մեծամասնական ընտրություններում, որպես կանոն, վարչական ռեսուրսի օգտագործմամբ հաղթում են իշխանությունների թեկնածուները, և պատգամավորական մանդատները բաշխվում են հենց իշխող կուսակցության օգտին:

Վրաստանի գործող Սահմանադրությունն ընդունվել է 1995թ-ի օգոստոսի 24-ին: Այն փոփոխվել է 33 անգամ: Ամենաշատ փոփոխություններն արվել են 2004-2010թթ-ին՝ Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության տարիներին: 2004թ-ին Սահմանադրությունում վարչապետի պաշտոնի մասին գրառում է հայտնվել: Դատավորների նվազագույն տարիքն իջեցվել է մինչև 28 տարեկան, պատգամավորներինը՝ 21: 2010 թ-ին նախագահի լիազորությունները կրճատվել են և որպես հակակշիռ ուժեղացվել կառավարության և խորհրդարանի դերը, իսկ խորհրդարանը տեղափոխվել է Թբիլիսիից Քութայիսի:

«Վրացական երազանքը» ճանաչում է ընտրությունների մեծամասնական համակարգի անարդարացիությունը, սակայն չի շտապում չեղարկել այն. գալիք խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են 2020թ-ին, «Վրացական երազանքը» պատրաստ է անցնացնել խառը համակարգով: Նոր Սահմանադրության համաձայն՝ մեծամասնական համակարգը կչեղարկվի միայն 2024թ-ին:

Քաղաքական ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը դուր չի գալիս նաև ընտրությունների համամասնական համակարգը, որն առաջարկում է «Վրացական երազանքը»:

Նոր Սահմանադրությունն արգելում է քաղաքական կուսակցություններին ընտրություններից առաջ դաշինքներ կազմել: Եվ դա այն դեպքում, երբ անփոփոխ է մնում հինգ տոկոս անցողիկ շեմը: Բացի այդ, ընտրական շեմը չհաղթահարած կուսակցությունների ստացած ձայներն ամբողջությամբ անցնում են այն կուսակցությանը, որն առաջին տեղը կզբաղեցնի:

Ընդդիմությունը մատնացույց է անում, որ ներկայիս համամասնական ընտրական համակարգն անարդարացի է գոնե միայն այն պատճառով, որ փոքր կուսակցություններին ոչ մի շանս չի թողնում խորհրդարանում ներկայացված լինելու:

Վենետիկի հանձնաժողվն իր միջանկյալ եզրակացությունում, որը հրապարակել է հունիսի 16-ին, կողմ է արտահայտվել ամբողջապես համամասնական ընտրական համակարգի անցնելուն՝ դա մեկ քայլ առաջ անվանելով, սակայն հինգ տոկոսանոց շեմը, պարտված կուսակցությունների ձայների փոխանցումը մեկ հաղթողի, դաշինքների ստեղծման արգելքը զգալիորեն կվատթարացնի նման ընտրական համակարգի աշախտանքը:

Նախագահը

Նոր Սահմանադրության համաձայն՝ փոփոխվում է նաև նախագահի ընտրությունների մասին օրենքը:

Վրաստանում նախագահական ընտրություններ պետք է կայանան 2018թ-ի աշնանը: Ընտրությունները պատմական են լինելու, քանի որ դրանք վերջին ուղղակի ընտրություններն են, այսինքն՝ նախագահին ընտրելու է երկրի բնակչությունը: Նրա լիազորությունները բացառության կարգով կերկարաձգվեն մեկ տարով և կկազմեն 6 տարի: Արդեն 2024թ-ին Վրաստանի բնակիչները կզրկվեն նախագահ ընտրելու իրավունքից, դրանով կզբաղվի ընտրիչների կոլեգիան: Այդ կոլեգիան կազմված կլինի 300 հոգուց. խորհրդարանի 150 անդամ, Աբխազիայի և Հարավային Օսիայի Գերագույն խորհուրդների 13-ական անդամ, ինքնակառավարման մարմինների 124 ներկայացուցիչ:

Ուղղակի նախագահական ընտրությունների չեղարկումն իշխանությունը բացատրում է նրանով, որ Վրաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական մոդելի, իսկ խորհրդարանական հանրապետություններում նախագահն ընտրվում է հենց անուղղակի ընտրությունների միջոցով:

Սակայն այստեղ էլ իշխանությունների գործողություններում ընդդիմությունը երկակի ստանդարտներ է տեսնում, քանի որ այն պետություններում, որտեղ նախագահն ընտրվում է անուղղակի քվեարկությամբ, խորհրդարանը բազմակուսակցական է: «Իսկ «Վրացական երազանքի» առաջարկած Սահմանադրությունը խորհրդարանին հնարավորություն չի տալիս բազմակուսակցական լինելու», — ասում է ընդդիմադիր Հանրապետական կուսակցության քաղաքական քարտուղար Թամար Կորձայան: Նրա խոսքով՝ «Վրացական երազանքն» ընտրական համակարգն այնպես է կառուցել, որ նա սահմանադրական մեծամասնություն ունենա ոչ միայն մոտական խորհրդարանական ընտրություններին, այլ նաև ապագայում:

«Ուշադրություն դարձրեք, թե ովքեր են մտնելու ընտրիչների կոլեգիա՝ խորհրդարանի պատգամավորները, որում մեծամասնությունն իշխանական կուսակցությանն է պատկանում, ինքնակառավարման տեղական մարմինների ներկայացուցիչները, որոնց մեծ մասը նույնպես «Վրացական երազանքից» է: Մենք ունենում ենք մեկ կուսակցության նշանակած նախագահի, և նա ենթարկվելու է այդ կուսակցությանն», — ասում է Կորձայան:

Ընտանիքը

Սահմանադրությունում ամրագրվելու է ընտանիքի նոր սահմանում: Եթե գործող հիմնական օրենքում ասվում է, որ «ամուսնությունն իրավահավասար անձանց միություն է», ապա նոր Սահմանադրությունում ճշգրտվում է, որ «ամուսնությունը կնոջ և տղամարդու կամավոր իրավահավասար միությունն է, որն ընտանիք ստեղծելու նպատակ ունի»:

Իրավապաշտպանները կարծում են, որ նոր սահմանումը խտրական է, քանի որ չամուսնացած անձինք և նրանց երեխաներն ընտանիք չեն համարվելու:

Այս հոդվածի վերաբերյալ նկատառումներ ունի նաև Վենետիկի հանձնաժողովը: Նրա եզրակացությունում ընդգծվում է, որ Սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է սահանի ամուսնությունը որպես կնոջ և տղամարդու միություն. «Վրաստանը Եվրախորհրդի անդամ է, հետևաբար, պետք է իրավաբանորեն ճանաչի միասեռ զուգընկերներին»:

Լեգիտիմացման խնդիրը

Իշխանությունները Սահմանդրության նախագծի քննարկման ընթացքում գրեթե ամբողջությամբ անտեսել են ընդդիմության հիմնական նկատառումներն ու պահանջները: Դա երկրի հիմնական օրենքի համար ևս մեկ լուրջ խնդիր է առաջացնում:

«Մենք ստացել ենք Սահմանադրության այնպիսի նախագիծ, որի ընդունմանը համաձայն չէ ոչ մի քաղաքական ուժ, և, հետևաբար, դրա հանդեպ վստահության աստիճանը բավականին ցածր կլինի», — ասում է Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան համալսարանի ասոցացված պրոֆեսոր, իրավաբան Մալխազ Նակաշիձեն:

Նրա խոսքով, այն Սահմանադրության հանդեպ վստահության մակարդակը, որը հաստատում է մի կուսակցության գերակայությունը մյուսների հանդեպ, արտացոլում է միայն մեկ քաղաքական թիմի հայացքները, չի կարող բարձր լինել.

«Հենց այդ պատճառով էլ Վրաստանում հենց կուսակցությունն իշխանության է գալիս, միանգամից սկսում է Սահմանադրություն փոխել: Ցավոք, այդ փոփոխությունները երբեք հիմնված չեն եղել կոնսենսուսի և համաձայնության վրա»:

Չնայած որ ոչ ոք չի սպասում, որ իշխանությունները զիջումների կգնան այնպիսի սկզբունքային հարցում, ինչպիսին է ընտրական համակարգն, ընդդիմությունն այնուամենայնիվ առաջարկում է շարունակել երկխոսությունն ու վիճելի փաստաթուղթն արագացված կարգով չընդունել: Նույն բանն է ասում նաև Վենետիկի հանձնաժողովը: Սակայն իշխող թիմը մտադիր է Սահմանադրությունն ընդունել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ (դրանք Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 21-ին): Փորձագետների կարծիքով՝ այդ ընտրություններից առաջ Սահմանադրությունն ընդունելով իշխանությունը փորձում է ընտրողներին իր ուժը ցույց տալ:

Ավելին, իշխող թիմն այնքան է շտապում, որ չի պատրաստվում սպասել Վենետիկի հանձնաժողովի վերջնական եզրակացությանը, որը հրապարակվելու է հոկտեմբերի 6-ին, այդ պատճառով էլ «Վրացական երազանքը» հանձնաժողովին է դիմել եզրակացության նախնական տարբերակը տրամադրելու խնդրանքով:

«Նրանք գիտեն, որ երրորդ լսումներն ու քվեարկությունը մենք մտադիր ենք անցկացնել սեպտեմբերի վերջին: Իշխանությունը գործում է կանոնակարգի սահմաններում: Մենք չենք սպասում, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը բացասական է լինելու», — ասում է խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին:

Սահմանադրագետների վճիռը հետևյալն է. ոչ բավականաչափ լեգիտիմություն ունեցող Սահմանադրությունը գոյություն կունենա այն քան ժամանակ, քանի դեռ «Վրացական երազանքն» իշխանության է: Դրանից հետո կսկսվի Սահմանդրությունը վերանայելու նոր ավելի երկար փուլ:

Ի՞նչ է մտածում ժողովուրդը

Թբիլիսիում հունիսի 18-ից մինչև հուլիսի 9-ն Ամերիկյան ազգային-ժողովրդավարական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հետազոտության համաձայն՝ հարցվածների միայն 32%-ն է տեղյակ սահմանադրական փոփոխություններից: Նրանց 59%-ն էլ հայտարարել է, որ բավականաչափ տեղեկացված չէ այդ փոփոխությունների մասին:

Հարցման համաձայն՝ հարցվածների միայն 2 տոկոսն է ներկա եղել հանրային քննարկումներին, որոնք կազմակերպվել են ողջ Վրաստանի մասշտաբով:

Բացի այդ, միայն 6 տոկոսն է համարում, որ սահմանադրական փոփոխությունները համապատասխանում են բնակչության հայացքներին, 47%-ի կարծիքով՝ փոփոխությունները մասամբ են համապատասխանում, 32%-ի կործիքով՝ դրանք ընդհանրապես չեն համապատասխանում:

 

 

 


Կարդալ ավելին JAMnews-ում